Կարևորը կենցաղն է, կրակոցները՝ հեչ

Կարևորը կենցաղն է, կրակոցները՝ հեչ
Տավուշի մարզի Տավուշ՝ հին անվանումով Թովուզը, տարեցների գյուղ է դարձել: Այստեղից արտագաղթը մեծ չափերի է հասնում։ Երիտասարդների՝ հարազատ տունը լքելու պատճառը ոչ այնքան սահմանամերձ գյուղի անհանգիստ օրերն են, որքան օրվա ապրուստը հայթայթելու խնդիրը:



Ոռոգման ջուր չլինելու պատճառով ոմանք իրենց այգիների ծարավը ստիպված խմելու ջրով են հագեցնում: Արդյունքում ջրի ճնշումն ընկնում է, եւ տարբեր թաղերում նաեւ խմելու ջրի խնդիր է առաջանում: «Եթե չափենք, կտեսնենք, որ յուրաքանչյուր ընտանիք օրական 600-700 լիտր ջուր ունի, բայց չի բավականացնում, որովհետեւ միայն կենցաղում չեն օգտագործում: Մարդիկ այդ ջրով նաեւ իրենց տնամերձներն ու ջերմոցներն են ոռոգում»,- ասաց Թովուզի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը:



Խմելու ջուրն էլ նոր-նոր է մտել գյուղացիների տները: Տավուշում տարբեր ծրագրեր իրականացնող «Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանը 13 մլն. դրամ է հատկացրել՝ Թովուզում ջրագիծ կառուցելու նպատակով:  8 կմ-անոց ջրագիծ անցկացնելու համար երեք տարի է պահանջվել: Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ մի երեք այդպիսի ջրագիծ էլ պետք է՝ ամբողջ գյուղը շուրջօրյա ջրով ապահովելու համար:



Թովուզը մաքրությամբ աչքի չէր ընկնում: Աղբակույտերն ամենուր էին: Գյուղի որեւէ հատվածում, անգամ՝ դպրոցի ու գյուղապետարանի մոտ, աղբարկղեր չտեսանք: «Եթե աղբամաններ ու աղբատար մեքենա չունենք, ո՞նց մաքրություն իրականացնենք»,- ասաց համայնքի ղեկավարը:



Մեր տեղեկություններով՝ Միքայել Վարդանյանը նաեւ համայնքի աղբահանության համար է գումար հատկացրել: Սակայն համայնքապետ Արթուր Հովհաննիսյանն այդ տեղեկությունը հերքեց: «Աղբի համար գումար չի տվել: Մենք էլ աղբահանությունն անում ենք մեր հնարավորություններով: Կենտրոնական փողոցն ինքներս ենք մաքրում: Իսկ բնակիչները կենցաղային աղբը Վերին Կարմիրաղբյուրի աղբավայր են տեղափոխում իրենց միջոցներով»:



«Գոնե կենցաղային անհարմարություններ չլինեին, թե չէ կրակոցները հեչ»,- մեզ հետ զրույցում կատակեցին գյուղամիջում հավաքվածները:



**Սերոբ Մարության**