Շաքե Իսայանը որոշել է ԱԺ-ում կանանց խորհուրդ ստեղծել

Շաքե Իսայանը որոշել է ԱԺ-ում կանանց խորհուրդ ստեղծել
ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության երիտասարդ պատգամավորի մոտ խորհրդարանում կանանց խորհուրդ ստեղծելու այս միտքը ծագել է այն ժամանակ, երբ նկատել է, որ համայնքների խոշորացումի հետո ՏԻՄ-երում կանանց ներգրավվածությունը քիչ է։ Բացի այդ, վերջերս նա Վրաստանում մասնակցել է մի համաժողովի, որի ժամանակ պարզել է, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրներում կա գենդերային հարցերի պատասխանատու։ Իհարկե, Հայաստանում եւս կա նմանատիպ խորհուրդ, որը վարչապետին կից է գործում, բայց այն իր գործառույթները նորմալ չի իրականացնում, ակտիվ չի զբաղվում այս հարցերով, վերջին նիստն էլ գումարել է մեկ տարի առաջ։ Հիմա ինքը որոշել է ԱԺ-ում այդպիսի մի խորհուրդ ստեղծել, որը ձեւական բնույթ չի կրի եւ ակտիվ կզբաղվի կանանց իրավունքների պաշտպանությամբ,  քաղաքական դաշտում նրանց ակտիվ ներգրավվածությամբ։ «Էդպես ես որոշեցի, որ կանանց խորհուրդ ստեղծվի կամ հանձնաժողով, ինչո՞ւ չէ, կարող է լինել նաեւ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների խորհուրդ կամ հանձնաժողով, որոնք որ կզբաղվեն նմանատիպ հարցերով։ Այսինքն՝ արդեն իսկ փաստ է, որ ՏԻՄ օրենքում պետք է որոշակի փոփոխություններ կատարենք, որովհետեւ համայնքների խոշորացումով կանանց ներգրավվածությունն իսպառ նվազել է»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Իսայանը՝ նշելով, որ խորհուրդը պետք է զբաղվի հենց այս հարցերով։



Նա դեռ պաշտոնական գրությամբ որեւէ պատգամավորի չի տեղեկացրել իր մտադրության մասին, միայն բանավոր զրուցել է որոշ գործընկերների հետ։ Օրինակ՝ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ է անձնական զրույց ունեցել։ Թե ինչպես է արձագանքել Արփինե Հովհաննիսյանն այս գաղափարին, Իսայանի պատասխանից հասկացանք, որ առանձնապես ոչ այնքան ոգեւորությամբ․ «Ըըըըը… կարծում եմ՝ հնարավոր է ինչ-որ բան անել»։ Բայցեւ նշեց, որ խոստացել է գործուղումից վերադառնալուց հետո հանդիպել, քննարկել, թե ինչ կարող են անել։



Հարցին, թե ով պետք է լինի խորհրդի նախագահը, Շաքե Իսայանն ասաց, որ իր համար էական չէ։ Իսկ խանդով չե՞ն վերաբերվում իրենց խմբակցության մյուս կանայք, որ երիտասարդ պատգամավորը որոշել է կանանց խորհուրդ ստեղծել։ Տիկին Իսայանն ասաց․ «Ոչ, ոչ, բոլոր կանայք շատ ողջունել են իմ նախաձեռնությունը, եւ վստահ եմ, որ շատ ակտիվ կհամագործակցեն»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**