Ժողովուրդը կանգնելու ա աստիճանների դեմը, փակելու են գյուղապետարանը․ շատինցիները չեն հանձնվում

Ժողովուրդը կանգնելու ա աստիճանների դեմը, փակելու են գյուղապետարանը․ շատինցիները չեն հանձնվում
Վայոց Ձորի Եղեգիս խոշորացված համայնքի մեջ մտնող Շատին գյուղի բնակիչները օրերս տոնախմբություն էին արել՝ ի նշան իրենց հաղթանակի։ Բանն այն էր, որ նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին իրենց ցանկալի թեկնածու Տիգրան Խուդոյանի փոխարեն գյուղապետ էր ընտրվել Քարագլուխ գյուղի բնակիչ Արթուր Ստեփանյանը։ Շատինցները ճանապարհ էին փակել, օրեր շարունակ հավաքվել գյուղապետարանի առաջ՝ ազգային երգերի ներքո վանկարկելով «Տիգ րան Խուդոյան»։ Ի վերջո, շատինցիների պայքարը մասնակի արդյունք էր տվել, նրանց վստահեցրել էին, որ Եղեգիսի նորընտիր գյուղապետ Արթուր Ստեփանյանի նստավայրը իրենց գյուղում չի լինելու, եւ գյուղապետարանի նախկին աշխատակազմը չի փոխվելու։ Սա եւս մտնում էր ոտքի ելած շատինցների պահանջների մեջ։



Նորընտիր գյուղապետ **Արթուր Ստեփանյանը** մեզ վստահեցրեց՝ իր նստավայրը լինելու է Շատինում․ «Անպատճառ Շատինում, լավ արեցին շատինցները, իրանք հաղթող ժողովուրդ են»,-հավելեց նորընտիր գյուղապետն ու անջատեց հեռախոսը՝ չպատասխանելով մյուս հարցերին։



Նախկին գյուղապետ **Տիգրան Խուդոյանը**, ում համար մի ողջ գյուղ ոտքի կանգնեց, չի կարող ասել՝ Ստեփանյանի նստավայրը Շատինում լինելու հանգամանքը կվրդովեցնի բնակիչներին, թե ոչ․ «Էդ պահանջը կա, բայց ես չգիտեմ՝ օրենքը թույլ տալի՞ս է։ Ես իմ ժողովրդին շնորհակալություն եմ հայտնել, մինչեւ կյանքիս վերջը շնորհակալություն եմ հայտնելու եւ իմ գործով իմ ժողովրդի կողքին եմ լինելու։ Ոչինչ չի նշանակում, որ համայնքի ղեկավար չեմ, ես այս հողում եմ ծնվել, իմ ամբողջ կարողությունը, հնարավորությունը դնելու եմ ի շահ ժողովրդի»։



Շատինի համայնքապետարանի նախկին աշխատակից **Նաիրի Դանիելյանը** նշում է, որ, բնակիչները թույլ չեն տալու Արթուր Ստեփանյանի նստավայրը լինի Շատինում, կրկին ոտքի կկանգնեն, ցույցեր կանեն։ Նրա խոսքով՝ նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանը պայմանավորվածություն է ունեցել կառավարության հետ, որ Արթուր Ստեփանյանը Շատինում գործունեություն չծավալի․ «Ինքը ստեղ չէր նստելու։ Ժողովուրդը կանգնելու ա աստիճանների դեմը, փակելու են գյուղապետարանը, հանձնում-ընդունում չի եղել, ոչ մի բան, ինքը գյուղ չի եկել։ Անհայտ է՝ երբ է գալու, փոխհամաձայնության ա գնում Տիգրան Խուդոյանի եւ Արթուր Ստեփանյանի ներկայացուցիչների միջեւ, որ նստավայրը Շատինում չլինի, էս կողմից մարդ լինի գյուղապետարանում։ Էդպիսի փոխհամաձայնությամբ ուզում են հարցեր լուծել, բայց չգիտեմ՝ ոնց կավարտվի։ Չի ընդունվելու միանշանակ, որոշակի պայմանավորվածություն կար, բայց աչքիս գնացին իրենց ասածին հակառակ»։



ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար **Վաչե Տերտերյանը** մեզ հետ զրույցում ասաց, որ խոշորացված համայնքի այն բնակավայրը, որն առաջինն է նշված՝ համայնքի վարչական կենտրոնն է․ «Դա ամրագրված է օրենքով, եթե օրենքով է՝ կարող է փոխվել միայն օրենքով։ Համայնքի ղեկավարը կարող է իր աշխատանքային խորհրդակցություններն անցկացնել համայնքի բնակավայրերից որեւիցե մեկում, որտեղ նպատակահարմար լինի, ու այդպես էլ անում են, ինչ վերաբերում է պաշտոնական նստավայրին, դա ամրագրված է օրենքով»։



Նշենք, որ խոշորացված Եղեգիս համայնքի դեպքում առաջինը նշված է հենց Շատինը՝ որպես համայնքի վարչական կենտրոն, այս դեպքում հետաքրքիր է՝ գյուղացիների շարունակական բողոքի ակցիաները ինչ արդյունք կտան։



**Աննա Պապիկյան**