Փարաքարի դպրոցի կոլեկտիվը ցույց է անում․ դպրոցի տեղում «Երեւան Սիթի» են կառուցելո՞ւ

Փարաքարի դպրոցի կոլեկտիվը ցույց է անում․ դպրոցի տեղում «Երեւան Սիթի» են կառուցելո՞ւ

Այս պահին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միջնակարգ դպրոցի աշխատակազմը փակել է Արմավիր-Երեւան ավտոճանապարհը։ Փարաքարի համայնքապետարանից մեզ տեղեկացրին, որ Փարաքարի միջնակարգ դպրոցի շենքը վթարային է։ Ցանկանում են դպրոցը փակել եւ այն միացնել այլ դպրոցի, ինչին դեմ է Փարաքարի միջնակարգ դպրոցի կոլեկտիվը․ «Խնդիրը նրանում է, որ միջնակարգ դպրոցը մի քիչ վթարային վիճակում է, ստեղ հիմնական դպրոցները փակել են, որ միացնեն միջնակարգի դպրոցին, 2 դպրոցը մի դպրոց դառնա։ Էնտեղ հիմա ցույց ա»: Համայնքապետարանի աշխատակցի խոսքով՝ դպրոցի աշխատակազմի բողոքի ակցիայի պատճառն այն է, որ դպրոցները միացնելու դեպքում իրենց տնօրենը չի աշխատելու։



Ցույցի պատճառով Երեւան եկող մայրուղին խցանվել է, ավտոմեքենաները գյուղերի միջով շրջանցող ճանապարհով են երթեւեկում։



Մենք տեղեկացանք նաեւ, որ դպրոցների օպտիմալացման որոշումը կառավարությունը կայացրել է շատ ավելի վաղ, եւ դպրոցի կոլեկտիվն ու տնօրենը տեղեկացված են եղել այդ մասին։ Այս ընթացքում չեն պայքարել որոշման դեմ, քանի որ տնօրենին խոստացված է եղել, որ ինքն է լինելու նոր ձեւավորվող դպրոցի տնօրենի տեղակալը։ Ընդամենը նախօրեին նա տեղեկացել է, որ այլ անձ է նշանակվելու փոխտնօրեն եւ այսօրվա ակցիան բացատրվում է դրանով։ Ի դեպ, դպրոցի տնօրենը Հայթաղ գյուղի գյուղապետի կինն է, նշանակվել է 1 տարի առաջ։ Թեեւ այս ընթացքում, ասում են, վատ տնօրեն չի եղել, բայց մեր հարցին, թե մեկ տարում ինչ է հասցրել անել, պատասխանեցին, որ տնօրենի աշխատասենյակը շատ լավ վերանորոգել է։



Ըստ որոշ լուրերի՝ փակված դպրոցի տեղում  «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղ է բացվելու։