Ձեռնունայն է վերադարձել

Ձեռնունայն է վերադարձել

Սոչիում ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին նախորդած Բաքվի քարոզչատեղեկատվական ակտիվությունը կտրուկ նվազել է: Տպավորություն է, որ Ալիեւը որոշակի տրամադրվածությամբ է ուղեւորվել Ռուսաստան, սակայն նրա ակնկալիքները չեն արդարացել: Մասնավորապես, տեղի չի ունեցել Պուտին-Ալիեւ հանդիպում: Եւ, բնականաբար, Ադրբեջանին ԵԱՏՄ անդամության առաջարկ չի արվել: Ադրբեջանական քաղտեխնոլոգները հատկապես նման հեռանկար էին անոնսավորել: Կարելի է ենթադրել, որ վերջին պահին ինչ-որ բան փոխվել է, եւ ՌԴ նախագահն առայժմ հարցը թողել է առկախ: Ամենայն հավանականությամբ, դեր է խաղացել Հայաստանի սկզբունքային կեցվածքը: Իսկ առհասարակ ուշագրավ է, որ Սոչիում Ալիեւը երկկողմ ոչ մի հանդիպում չի անցկացրել: Մանավանդ աչքի է զարնում Բելառուսի նախագահի հետ շփման բացակայությունը, քանի որ տառացիորեն նախօրեին Լուկաշենկոն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը հույս էր հայտնել, որ մոտ ապագայում Իլհամ Ալիեւի հետ համակողմանի քննարկումների հնարավորություն կունենա:



Նշանակու՞մ է դա, որ Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության հեռանկարը Մոսկվայի դժգոհությունն է հարուցել, եւ Լուկաշենկոն ու Ալիեւի ՌԴ նախագահի ներկայությամբ սեպարատ բանակցություններից ձեռնպահ են մնացել: Այս տարբերակը բացառված չէ: Ալիեւը չի շփվել նաեւ Ղազախստանի նախագահի հետ: Դա արդեն բավական խորհրդանշական է: Հավանաբար Ղազախստանի կենսաթոշակային հիմնադրամի հետ կապված պատմությունը խիստ որոշակի նստվածք է թողել:



«Ազերթաջ» գործակալությունը տարածել է Սոչիի գագաթնաժողովում Ալիեւի ելույթի մի հատված, որտեղ նա խոսում է ԱՄՆ եւ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետերի կողմից Բաքուն որպես բանակցությունների վայր ընտրելու երեւույթի մասին՝ դա ներկայացնելով իբրեւ իր երկրի ներդրում միջազգային անվտանգության ամրապնդմանը: Խնդրի այդօրինակ ներկայացումը վկայում է, որ Ադրբեջանը դրանից ցանկալի դիվիդենտներ չի շահել, մնացել է առերեւույթ «կարեւորությունը», որի վրա շեշտադրումը, կարծես, ԱՊՀ գործընկերների մոտ Ադրբեջանի, ՌԴ եւ ԱՄՆ միջեւ ինչ-որ «համաձայնությունների» մասին էժանագին հնարքի տպավորություն է թողնում: Սոչիից Ալիեւը հեռացել է ձեռնունայն: Հակառակ դեպքում ադրբեջանական մամուլը «կպայթեր» համապատասխան շեշտադրումներով հրապարակումներից: Եվրոպական ընկերակցության հետ հարաբերությունների կատարյալ փչացումից հետո Ալիեւին պակասում էր եվրասիական ուղղությամբ մեկուսացումը: Նա քայլ առ քայլ մոտենում է այդ սահմանին: Եթե, իհարկե, մինչեւ տարեվերջ տեղի չունենա անսպասելին, եւ Ադրբեջանը հանդես չգա ԵԱՏՄ-ին անդամակցելու խնդրանքով: Բայց այդ դեպքում էլ հարկ կլինի ընդունել Հայաստանի նախապայմանները:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ