Բայց ի՜նչ հավակնոտ ենք…

Բայց ի՜նչ հավակնոտ ենք…

Կարող ենք Մակրոն-Պուտին մեկ հանդիպման հեռուստատեսային տպավորությամբ «ծանրակշիռ» դատողություններ անել, որ ռուս-ֆրանսիական հարաբերություններ գրեթե չկան: Կարող ենք լուրջ-լուրջ «կանխատեսել», որ նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը ոչ թե մի գյուղ կամ շրջան կկորցնի, այլ` Կուր-Արաքսի ամբողջ հովիտը: Ոչինչ, որ Կուրը եւ Արաքսը միախառնվում են «մեր մեծ բարեկամ» թալիշների պատմական հայրենիքում… Կարող ենք Ֆրանսիայի դեսպանի ասածը, որ Արցախի ստատուս-քվոն այլեւս անհնար է պահել, շուռ տալ եւ մատուցել այնպես, իբր` այո, դա ճիշտ է, բայց Ֆրանսիան նկատի չունի տարածքների վերադարձ, Փարիզի տեսակետը պետք է հասկանալ Արցախի անկախության ճանաչման իմաստով… Կարող ենք չտեսնելու տալ, որ ԱՄՆ նախագահն Իլհամ Ալիեւին ուղերձ է փոխանցել, որ Միացյալ Նահանգները շարունակում են սատարել «Հարավային գազային միջանցք» նախագծին, որ BP-ն Ադրբեջանի հետ համագործակցությունը մինչեւ 2050թ.-ն շարունակելու համաձայնագիր է կնքել… 



Երեւանից Ստեփանակերտ էի վերադառնում նոր` Քարվաճառի ճանապարհով: Մինչեւ Վարդենիս այլ պատկեր է` գյուղեր, որտեղ մեկ քառակուսի մետր անմշակ հող չկա, եւ` դաշտ ու հանդում, տնամերձում կորամեջք աշխատող մարդիկ: Եվ` մայրուղու վրա կանգնած` սունկ, սիբեխ, ավելուկ, ապխտած կամ թարմ ձուկ վաճառող մարդիկ: Իսկ Արցախի տարածքում` գրողի ասած` սրբած ամայություն, թեեւ նույն հողն է, նույն ջուրը, հանդը… Անհասկանալի, անբացատրելի մի կոնտրաստ: Նույնը` երբ հատում ես Աղավնոյի անցակետը եւ մտնում Բերձոր: Այդ ճանապարհի Զանգեր-Սարավան հատվածում վաղ գարնանը միշտ երեխաներ են կանգնում` առաջին ձնծաղիկի փունջը դարձող-եկող մեքենաներին պարզած: Միշտ կանգնում, մի երկու փունջ առնում եմ: Թվում է` դրանով հարգում եմ ցրտից կապտած մատներով տղայի աշխատանքը, նրա ջանքը: Արցախում նման երեխայի չես հանդիպի: Մենք մեր տղաներին «տաք ենք պահում», մեր աղջիկները հանդից շուշան, ծնեբեկ, սինդրիկ չեն քաղում: Մեր կանայք թոնրի վրա արդեն չեն կռանում: Շատ գյուղերում թոնրահացը վաղուց «սեւ աղվես է», հաց գնում են խանութից, իսկ նախաճաշին` ուտում «սասինսկի» (նրբերշիկ)… Այդպե՜ս… Եվ ոչ մի սերիալ բաց չեն թողնում… Եվ «խելոք-խելոք» հաշվարկ են անում, որ կարտոֆիլ ցանելու, թորխելու, ջրելու, աշնանը բերքը հավաքելու կարիք ամենեւին չկա. «Քյավառեցին գալիս, դռանդ կիլոն 150 դրամով ընտրած կարտոշկա ա ծախում»… Գյուղից բջջային հեռախոսով զանգում, Արարատյան հովտի գյուղացու հետ պայմանավորվում են` երբ է վարունգ, լոլիկ, տաքդեղ ու բադրիջան բերելու, որ առնեն-տան կանանց` ձմեռվա համար «բանկա կապեն»… Բայց ի՜նչ հավակնոտն ենք մենք: «Մո՜ւնք»` ինչպես մենք ենք մեր մասին հոգնակի ասում…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ