Շավարշ Քոչարյանը տեղյակ չէ իրենց խոսնակի վարքագծից

Շավարշ Քոչարյանը տեղյակ չէ իրենց խոսնակի վարքագծից

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր բացահայտեց, թե ովքեր են իրականում իրենց «ղեկավարում»։ Պարզվեց՝ մենք ենք իրենց՝ գործադիր իշխանությանը ղեկավարում, չորրորդ իշխանության ներկայացուցիչներս։ Այս եզրահանգմանը նա եկավ այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողներին հարցազրույց տալու ժամանակ։ Լրագրողները նրան խնդրեցին մի քանի քայլ հետ գալ և բարձրանալ աստիճաններին, որպեսզի հարմար լինի նկարելը։ «Տեսնու՞մ եք՝ ով է մեզ ղեկավարում»,- բացահայտեց արտաքին գործերի փոխնախարարը։



Բայց նրա ղեկավարած գերատեսչության խոսնակի վարքից նման խոստովանություն կամ վերաբերմունք չի զգացվում։ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը չի գնահատում մամուլի դերը և հրաժարվում է պատշաճ հարաբերվել և կատարել իր պարտականությունները՝ պատասխանել լրագրողների հարցերին։ Ավելին, երկու օր առաջ տեղի ունեցած մի միջադեպով մենք բացահայտեցինք, թե ինչպես է ԱԳՆ խոսնակն իր արժեհամակարգի մի քանի այլ խոսնակների հետ միասին սև ցուցակներ կազմում լրատվամիջոցների դեմ։ Շավարշ Քոչարյանը, պարզվեց, տեղյակ չէր այս ամենից և չգիտեր՝ ինչպիսի ոչ պրոֆեսիոնալ վարք է դրսևորում իրենց խոսնակը լրատվամիջոցների հետ հարաբերվելիս։ 



-Պարոն Քոչարյան, Դուք ասում եք՝ մամուլն է ձեզ ղեկավարում, բայց մամուլի դեմ ձեր գերատեսչությունը սանկցիաներ է կիրառում, սև ցուցակներ է կազմում, չի պատասխանում մեր հարցերին։



-Չկա հարց, որին մեր գերատեսչությունը չպատասխանի։



-Կա հարց, եղել են այդպիսի դեպքեր, անգամ չեն լսում մեր հարցը։



-Այլ բան, որ շատ հնարավոր է, որ կան դեպքեր, երբ որ եղել են պատասխանները աղավաղված, դրա համար բանավորից անցել են գրավոր պատասխանների։



-Դուք տեղյա՞կ եք, որ երկու օր առաջ բացահայտվեց, թե ինչպես են մի շարք խոսնակներ ձեր խոսնակի՝ Տիգրան Բալայանի նախաձեռնությամբ կանացի բամբասանքներ վարում լրատվամիջոցների դեմ, սև ցուցակներ կազմում։



-Առաջին անգամ Ձեզնից եմ լսում այդ մասին։



Հ․Գ․ Փաստորեն Շավարշ Քոչարյանը լավ էլ տեղյակ էր՝ ինչի մասին է խոսքը, որ միանգամից անցավ պաշտպանության, թե «բանավոր խոսքն աղավաղում ենք»։ Մինչդեռ, բացառված է, որ մեր կողմից որևէ մեկի խոսքն աղավաղված լինի։ Եթե աղավաղենք, բոլորի խոսքը կաղավաղենք, ինչո՞ւ պետք է հենց ԱԳՆ խոսնակինն աղավաղենք։ Եվ եթե նման դեպք է եղել, ինչու՞ մինչև հիմա չեն դիմել մեզ այդ հարցով։ Իսկ եթե փոխնախարարն իսկապես տեղյակ չէր իրենց գերատեսչության խոսնակի վարքագծի պատճառով բարձրացված աղմուկից, ապա սա ևս տվյալ գերատեսչության մամուլի ծառայության աշխատանքի որակի մասին է խոսում։ Փաստորեն, ամբողջ դաշտն այսօր քննարկում է ԱԳՆ խոսնակի վարքը, իսկ իրենց փոխնախարարը տեղյակ չէ, կամ էլ՝ ձևացնում է, թե տեղյակ չէ։



 




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ