Ինչո՞ւ են վատացել ավտոսրահների գործերը

Ինչո՞ւ են վատացել ավտոսրահների գործերը

Նախորդ շաբաթ Հայաստանի մի խումբ ավտոներկրողներ, ավտոսրահների տնօրեններ հանդիպել էին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին։ Առիթը Հայաստանում առաջնային շուկայից՝ ավտոսրահներից նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալների կրճատումն էր եւ իրենց ոլորտում առաջացած ծանր կացությունը։ Այս հարցով ավտոներկրողները դիմել էին նաեւ վարչապետին՝ խնդրելով օգնել, նա էլ ուղղորդել էր տրանսպորտի նախարարի մոտ։ Նախարարությունից էլ խոստացել էին աշխատանքային խումբ ստեղծել եւ քննարկել իրավիճակը։



Տարօրինակ է, բայց ո՛չ նախարարությունից են կարողանում հստակ բացատրել, թե որն է խնդիրը եւ ինչ են առաջարկում, ո՛չ ավտոներկրողներն են ցանկանում այդ մասին խոսել։
Իսկ խնդիրը, պարզ ձեւակերպմամբ, հետեւյալն է․ երկրորդային շուկայում վաճառվող օգտագործված մեքենաների վաճառքը կտրուկ ազդում է նոր մեքենաների վաճառքի ծավալների վրա։ Հայաստանում նույնիսկ հարուստներն այլեւս չեն ցանկանում ավտոսրահներից մեքենա գնել։ Իսկ միջին խավն էլ, որը չունի նոր մեքենա գնելու հնարավորություն, նախընտրում է կա՛մ տեղական երկրորդային շուկաներից հին ու էժան մեքենա գնել, կա՛մ Եվրոպայից, ԱՄՆ-ից ու Ճապոնիայից դրանք պատվիրել։ Հատկապես մեծ է դրսից մեքենաների ներկրման պահանջարկը, քանի որ եվրոպական երկրներից կամ Ճապոնիայից ավտոմեքենաներ հնարավոր է ձեռք բերել նկատելիորեն ցածր գնով եւ ավելի թարմ վիճակում։ Վերջին տարիներին հատկապես մեծացել են Ճապոնիայից աջակողմյան ղեկով մեքենաների ներկրման ծավալները։ Այս մեքենաներն ընդամենը մեկ թերություն ունեն՝ մեր երթեւեկությանը հակառակ ղեկը, մյուս բոլոր պարամետրերով առավելություններ ունեն՝ քիչ օգտագործված են լինում, լավ պահպանված, ավելի որակյալ եւ հարուստ կոմպլեկտավորմամբ, քան նույն մոդելի եվրոպական տարբերակները։



Իսկ ինչո՞ւ չեն ցանկանում մեր ավտոսրահներից մեքենա ձեռք բերել անգամ շատ փող ունենալու դեպքում։ Դրա երկու պատճառ գոյություն ունի՝ բարձր գինը եւ վատ սպասարկումը։ Մի քանի տարի առաջ կառավարությունը որոշեց շքեղության հարկ մտցնել թանկարժեք մեքենաների ներկրման վրա, արդյունքում Հայաստանում 25 մլն․ դրամից ավելի արժեք ունեցող մեքենաների մաքսազերծման գումարին ավելանում էր լրացուցիչ 20 տոկոս հարկը։ Ավտոսրահներն էլ, բնականաբար, իրենց ներկրած թանկարժեք մեքենաները վաճառում էին 20 տոկոս ավելի թանկ գնով։ Այսինքն՝ 100 հազար դոլարանոց Mercedes-ն արժենում էր 120 հազար դոլար։ Այդ տարիներին Mercedes-Benz-ի պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ մոթորս» ընկերության սրահում Mercedes S-Class-ի թոփ տարբերակները վաճառվում էին ընդհուպ 250-300 հազար դոլարով։ 2014-ին, երբ հանեցին շքեղության հարկը, գներն իջան, բայց ոչ այնքան, որ տարածաշրջանում մրցունակ լինեին։ Դրա համար էլ նույն հարուստներն իրենց ցանկալի շքեղ մեքենաները նախընտրում են գնել հարեւան Վրաստանի ավտոսրահներից, ոչ թե Հայաստանից։ Եվ պատճառը միայն գինը չէ, այլ նաեւ երաշխիքային սպասարկումը։ Հայաստանյան ավտոսրահներում, ընդհանուր առմամբ, չի գործում բարձր մակարդակի սպասարկում։ Հատկապես դժգոհում են լյուքս դասի թանկարժեք մեքենաներ գնողները։ Թվում է, թե 100 հազար դոլար եւ ավելի արժեք ունեցող մեքենայի տիրոջ համար պետք է գնին համապատասխան սպասարկում ապահովվի, բայց հաճախ այդպես չի լինում։



Օրինակ, կարող է որեւէ լյուքս դասի թակարժեք մեքենա գնեն, մի քանի հազար կմ վարեն, եւ շարժիչը խափանվի, կամ լուրջ խնդիր առաջանա։ Հերիք չէ՝ դա արդեն իսկ վարկաբեկող հանգամանք է ցանկացած հեղինակավոր բրենդի համար, մի բան էլ այդ բրենդը ներկայացնող ավտոսրահները հրաժարվում են երաշխիքի մեջ գտնվող մեքենան սպասարկել, շարժիչը կամ մեքենան փոխել եւ այլն։ Սովորաբար, երբ ծախսատար խնդիր է առաջացած լինում, մեր ավտոսրահներն ինչ-որ պատրվակներ են գտնում՝ հրաժարվելու խնդիրներն անվճար վերացնելուց։ Ավտոսրահների անունները հատուկ չենք նշում, որպեսզի հակագովազդ չլինի։ Մինչդեռ Վրաստանի ավտոսրահներում շատ ավելի բարձր մակարդակի սպասարկում է։



Մյուս խնդիրը վարկային անբարենպաստ պայմաններն են։ Օրինակ՝ բնակարանների ձեռքբերման հարցում պետության աջակցությամբ բանկերը տրամադրում են արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր, իսկ ավտովարկերի դեպքում նման բան չկա։ Սա եւս վանում է ավտոսրահից անկանխիկ պայմաններով պոտենցիալ գնորդներին։
Ավտոսրահների գործերին խփեց նաեւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը։ Սրա շնորհվ ՀՀ քաղաքացիները կարողանում են նույն Toyota Camry-ն ռուսական շուկայից գնել եւ առանց մաքսազերծման բերել Հայաստան, վարել կամ էլ մաքսազերծել առանց մաքսատուրք վճարելու։ Սրա արդյունքում, մեր տեղեկություններով, էապես նվազել են, օրինակ, հենց «Տոյոտա Երեւան» ընկերության ավտոսրահից Toyota ավտոմեքենաների վաճառքի ծավալները։ Դրա համար հիմա «Տոյոտայում» եւս վաճառվում են Ռուսաստանի գործարաններում հավաքված եւ այնտեղից ներմուծված Toyota-ներ՝ նախկինից ավելի ցածր արժեքով, բայց նաեւ ոչ ճապոնական որակով։



ԵԱՏՄ-ից մեքենաների ներմուծման հետեւանքով անցյալ տարի Հայաստանում փակվեց հարավկորեական Kia ընկերության պաշտոնական ներկայացուցչությունը։ Ավտոսրահն այլեւս չէր կարողանում մեքենա վաճառել, քանի որ նույն մեքենաները ՌԴ-ից բերում էին ավելի էժան գնով: Kia-ի մայր գործարանն էլ հրաժարվում էր թույլ տալ, որ հայաստանյան ավտոսրահը ՌԴ-ի գործարանից Kia-ներ բերի եւ էժան գնով վաճառի, չէր ցանկանում նաեւ ինքը գին իջեցնել։ Արդյունքում Հայաստանում փակվեց վաճառքի բավականին մեծ ծավալներ ունեցող եւ պետական ապարատի տենդերների մի զգալի մասը շահող ավտոսրահներից մեկը։ Վերջին տարիներին վաճառքի ծավալների անկման պատճառով Հայաստանում փակվել է նաեւ նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանին եւ նրա եղբորը պատկանող «Կարկոմավտո» ընկերության կազմում գործող ֆրանսիական Peugeot ընկերության ավտոսրահը։ Փակվել կամ փակման եզրին է նաեւ չեխական Skoda ընկերության ավտոսրահը, որը, մեր տեղեկություններով, պատկանում էր քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին։ Օրերս գրել էինք, որ փակվել է նաեւ Հայաստանում չինական BYD ավտոմեքենաների սրահը, որը գործում էր ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպի» կազմում։ Նկատենք, որ այս պահին գոյություն ունեցող մյուս ավտոսրահներցի ամեն մեկը մի ազդեցիկ դեմքի է պատկանում, այդ թվում՝ պատգամավորների։



Եվ հիմա ավտոսրահների տերերը, ըստ էության հայտնվելով իրենց բիզնեսն ակնհայտ կորցնելու վտանգի առաջ, որոշել են օգնություն խնդրել կառավարությունից, որ պետությունն իրենց ավտոսրահները փրկելու որեւէ դեղատոմս առաջարկի։ Հիմնական բողոքն ու դժգոհությունը Ճապոնիայից աջակողմյան ղեկով մեքենաների ներկրման, ինչպես նաեւ օգտագործված մեքենաներ ներկրող ընկերությունների դեմ է, քանզի կարծում են, որ հենց նրանք են խփում իրենց գործին։ Բայց գուցե սխալը նաեւ իրենց վարած մարկետինգային քաղաքականությա՞ն մեջ է, որ ցանկանում են անպայման գերշահույթ ստանալ։ Մի պարզ օրինակ միայն։ Ցանկացած ավտոսրահ կարող է որոշակի զեղչ անել իր հաճախորդների համար։ Բայց եթե դու ծանոթ ունես այդ ավտոսրահում՝ ղեկավարության մակարդակով, սրահը կարող է քեզ նորմայից ավելի մեծ զեղչ անել՝ կես միլիոն, մեկ միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ այդ մեքենայի գինն ի սկզբանե չափազանց բարձր են դրել, որ կարողանում են նման հսկայական զեղչեր անել։



Մյուս կողմից՝ հեղինակավոր ավտոմակնիշների ներկայացուցչություններ ունենալը պատիվ է ցանկացած երկրի համար։ Օրինակ՝ Ferrari-ի, Lamborghini-ի կամ Aston Martin-ի ավտոսրահ ունենալը երազանքների դաշտից է այսօր։ Թեպետ պահանջարկի խնդիր էլ կա։ Այսօր Հայաստանում մի քանի հատ Ferrari կա ընդամենը, այն էլ՝ ոչ թանկարժեք ու նորագույն մոդելներ, եւ 2-3 հատ Aston Martin, որոնցից ամենաշքեղն ու թանկարժեքը պատկանում է գործարար Սուքիասյանների ընտանիքին։ 3-4 նմուշ էլ Lamborghini կա, որոնցից ամենաշքեղները պատգամավորներ Արկադի Համբարձումյանի եւ Մելիք Մանուկյանի որդիներինն են։ Միեւնույն ժամանակ, ամոթ է, որ Հայաստանում ավտոսրահներ են փակվում՝ նորերը բացվելու փոխարեն։ Սա խոսում է երկրի տնտեսապես թույլ լինելու մասին։ Ուստի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ ե՛ւ երկրորդային շուկայից մեքենաներ ներկրողների բիզնեսը չտուժի, ե՛ւ ավտոսրահների վիճակը լավանա, մարդիկ էլ կարողանան ավելի լավ պայմաններով նոր մեքենաներ ձեռք բերել։



Նախարարի հետ քննարկման մասնակից տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ասաց, որ հիմա աշխատում են ավտոներկրողների հետ եւ սպասում են մի ուսումնասիրության տրամադրմանը, որը կատարել են այդ ընկերությունները։ Խոսքը, ինչպես հասկացանք, շուկայի վերլուծության մասին է, որը կատարել է մի ընկերություն՝ ավտոներկրողների պահանջով։ Հիմա աշխատանքային փուլում են, մոտ 10 օր անց նորություն կունենան։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ