Քաղաքական պաշտոն զբաղեցնողները չեն լինելու բուհերի կառավարման խորհուրդներում

Քաղաքական պաշտոն զբաղեցնողները չեն լինելու բուհերի կառավարման խորհուրդներում

Ավելի քան 16 օր առաջ կրթության եւ գիտության փոխնախարար նշանակված Վահրամ Մկրտչյանը համակարգելու է բուհական ոլորտը։ Նա հենց այդ ոլորտի ներկայացուցիչ է՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս, նաեւ նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր։ Այս օրերին Մկրտչյանը, ինչպես ներկայացրեց մեզ հետ զրույցում, 12-ժամյա գրաֆիկով աշխատում է յուրացնել համակարգը, որից տեղյակ չէր։ Վահրամ Մկրտչյանն այժմ աշխատում է բարձրագույն կրթության մասին օրենքի վրա, որն աշնանը կներկայացվի խորհրդարանի դատին։ «Բավականին լուրջ օրինագիծ է, որը, ըստ էության, բավականին արմատական փոփոխություններ է անելու բարձրագույն կրթության ոլորտում»,- ասաց պարոն Մկրտչյանը՝ չցանկանալով առայժմ մտնել մանրամասների մեջ։ Բայց խնդիրները միայն այդ օրենքով ամբողջությամբ չեն լուծվի, քանզի բուհական համակարգում դրանք շատ են, այս տարիներին էլ կարծես թե ավելի են շատացել։ Նորանշանակ փոխնախարարը կարծում է, որ համակարգային փոփոխություններ է պետք անել։ «Նախ՝ ուսանողների շրջանառության հարցն է, բուհական կրթության որակի բարձրացման հարցն է, բուհերի ինքնավարության մեծացման հարցն է, շատ լուրջ խնդիր է բուհերի ֆինանսավորման մոդելների ներդրումը, որը նախատեսված է, բուհերի միջազգայնացման հարցն է, որի վրա հիմա աշխատում ենք»,- իր ոլորտի խնդիրները թվարկեց Վահրամ Մկրտչյանը՝ հորդորելով մի քիչ սպասել, արդյունքներն ավելի նկատելի կլինեն։



- Դուք փոխնախարար նշանակվեցիք այն տարում, երբ բուհերում դիմորդների քանակը շատ քիչ էր։ Դիմորդների այսպիսի պակասն ինչո՞վ էր պայմանավորված, եւ ի՞նչ պետք է անել, որ նման խնդիր չունենանք։



- Դա ժամանակավոր երեւույթ է՝ կախված հանրակրթության ոլորտում մեր նախկին ռեֆորմների հետ, եկող տարի էլ մի քիչ պակաս կլինի, եւ 2019 թվականից արդեն կբարձրանա շեմը։ Եթե մենք նայենք, թե հիմա 11-րդ դասարաններում որքան աշակերտ է սովորում, կտեսնենք, որ այդ շեմը բարձրանալու է։



- Դա ունի նաեւ այլ պատճառներ՝ մեր բուհական համակարգում որակը գնալով ընկնում է, համենայնդեպես, դժգոհում են դրա հիմնական շահառուները, դրան գումարած՝ վարձերը տարեցտարի ավելանում են, եւ մարդիկ նախընտրում են ավելի շատ արտասահմանյան բուհերում կրթություն ստանալ։



- Ես համաձայն չեմ այն գնահատականին, որ որակը ցածր է, վարձերը բարձր են։ Մենք բարձրագույն կրթության ոլորտում մատուցում ենք այն ծառայությունը, որը համահունչ է մեր քաղաքացիների գրպանին։ Եթե մենք նայենք իրականության մեջ, այդ 500 հազար դրամ միջին վարձավճարի չափով մատուցված ծառայությունը բավականին բարձր որակի է։



- Ամեն դեպքում, վերջին 10 տարվա ընթացքում պետական բուհերում վարձավճարներն առնվազն երկու անգամ թանկացան բոլոր ֆակուլտետներում, կարծում եք՝ արդա՞ր է դա, որ վարձը թանկանում է, իսկ որակը համարժեք չի բարձրանում։



- Վարձի թանկացումը պայմանավորված է ընդհանուր բոլոր ծառայությունների թանկացմամբ, դա հատուկ թիրախավորված չի կարելի վերագրել միայն կրթության ոլորտին, ամեն ինչն էլ թանկացել է։



- Բայց մարդկանց սոցիալական վիճակը չի լավացել, որ 200 հազար դրամ վարձի փոխարեն վճարեն 400-450 հազար։



- Հիմա Ձեր բարձրացրած հարցը հռետորական հարց է, եթե մենք մտնում ենք դրա խորքային պայմանների մեջ, թե ինչ վարձավճարի դիմաց ինչ մակարդակի կրթություն է մատուցվում, մենք կտեսնենք, որ բուհերն իրականում լավ վիճակում չեն գտնվում էս վարձավճարի չափով։ Բայց դա չի նշանակում, թե մենք նախատեսում ենք գների բարձրացում, ուղղակի այն ռեֆորմները, որոնք այսօր նախաձեռնված են, դրանք ուղղված են սոցիալական հավասարության, մատչելի եւ բոլորին հասանելի կրթության ապահովմանը։ Եվ պետությունը, ճիշտ հակառակը, այսօր զսպում է այդ թանկացումը՝ սահմանելով զսպող գներ։ Եթե կառավարությունը չմիջամտի, բուհերն իրենց գները կբարձրացնեն։



- Կառավարությունը որոշել է 2018-20 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրով կրճատել կրթության ոլորտին հատկացվող գումարները։ Մինչդեռ թվում էր, թե կրթության ոլորտին հատկացվող գումարները պետք է ավելանային։



- Դա պայմանավորված է օպտիմիզացիայով, ոչ թե կոնկրետ ծրագիր է փակվել։ Օպտիմիզացիայի արդյունքը բերում է նաեւ ընդհանուր ծախսերի կրճատման։ Այստեղ ուրիշ բան չկա, եւ սա չի ազդելու կրթության որակի վրա։



- Այսօր շատ է քննադատվում այն հանգամանքը, որ մեր բուհերի կառավարման խորհուրդների ղեկավարները պետական պաշտոնյաներ են՝ Սերժ Սարգսյանից սկսած, մինչեւ տարբեր պատգամավորներ, պաշտոնյաներ։ Դուք ի՞նչ կարծիքի եք եւ արդյոք պատրաստվո՞ւմ եք այս ուղղությամբ որեւէ քայլ ձեռնարկել։



- Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց մեր նոր նախագծում այդպիսի կետ կա, որ կառավարման խորհուրդներում չպետք է ընդգրկվեն որոշակի քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդիկ։ Այդպիսի քննարկումներ ընթանում են, վերջնական որոշում կկայացվի, հանրությունը կտեղեկանա։



- Ձեզ համար դրա հիմնավորումը ո՞րն է, ինչո՞ւ պիտի նման պաշտոնյաները չլինեն կառավարման խորհուրդներում։



- Հիմնական տրամաբանությունը բուհերի կողմից բարձրորակ ծառայության մատուցումն է եւ նրանց անկախությունը, ինքնավարությունը։ Այսինքն՝ բուհը պիտի լինի անկախ, ինքնավար մարմին, եւ պետությունը պետք է ուղղակի իր կարգավորող լծակներով դրան նպաստի։



- Այսինքն՝ ներկայիս պաշտոնյաներն իրենց գոյությամբ ազդո՞ւմ են բուհերի անկախության վրա։



- Այստեղ քաղաքականության փոփոխության հարց է։ Ժամանակին բոլոր բուհերը եղել են պետական հիմնարկներ, ՊՈԱԿ-ներ են եղել, որը պետք է կառավարի որոշակի լիազոր մարմնի կամ կառավարության լիազոր ներկայացուցիչ, կամ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը։ Իսկ եթե բուհն ինքնավար է, դառնում է հիմնադրամ, մի մասը, ի դեպ, արդեն դարձել է, բնականաբար՝ ինքը ինքնակառավարվող խորհուրդ կընտրի, կհրավիրի արդեն ավելի գործարար հատվածի ներկայացուցիչների, որպեսզի իր համար որոշակի հարցեր լուծեն։ Մեր քաղաքականությունն այդ ուղղությամբ է գնում, որ մենք նվազեցնում ենք քաղաքական ազդեցությունը բուհերի վրա եւ քաղաքական պաշտոն զբաղեցնողներին թույլ չենք տալու լինել բուհերի կառավարման խորհուրդներում եւ անկախացնելու ենք իրենց գործառույթները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ