Երբ անգիտակից վիճակում պետք է զանգել ԱՊՊԱ-ին

Երբ անգիտակից վիճակում պետք է զանգել ԱՊՊԱ-ին

«Անցյալ տարվա հուլիսի 12-ին տղաս վթարի է ենթարկվել Սպիտակ քաղաքի մոտակայքում։ Չգրված օրենքներով տղայիս հանեցին մեղավոր։ ԱՊՊԱ-ն տուժող ճանաչվածին վճարել է 846 հազար դրամ։ Հիմա դիմել է դատարան, հետ է պահանջում գումարը»,- պատմում է Լեւոն Խաչատրյանը։ Օրեր առաջ մենք անդրադարձել էինք ԱՊՊԱ ընկերությունների «դատական գործունեությանը»։ Գրել էինք, որ ապահովագրական ընկերությունները մի քանի տարի անց դիմում են դատարան եւ փոխհատուցում ստացած վարորդներից գումարը հետ պահանջում։ Հայցերի հիմքում էլ դրվում է պայմանագրի այն կետը, թե վթարից անմիջապես հետո քաղաքացին չի զանգել ընկերություն։



Մեր հրապարակմանն արձագանքել է Լեւոն Խաչատրյանը, ով նման իրավիճակում է հայտնվել եւ ծայրահեղ անարդար է համարում ընկերության հայցը։ Իսկ այս պատմության աբսուրդն այն է, որ ավտովթարից հետո Լեւոն Խաչատրյանի որդին անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հարազատները միայն 2 ժամ հետո են իմացել տեղի ունեցածի մասին։ Ապահովագրական ընկերությունն ինչպե՞ս է պատկերացնում 40 րոպեի ընթացքում ավտովթարի մասին տեղեկացնելը։ «Հիվանդանոցից դեպքի վայր առնվազն 13 կմ եղել է, շտապ օգնության մեքենան 13 կմ գնացել-եկել է։ Տղաս հիվանդանոցում անգիտակից վիճակում է եղել։ Տարբեր վնասվածքներ է ստացել»,- նշում է Լեւոն Խաչատրյանն ու զարմանք հայտնում, որ նման իրավիճակում իրենցից գումար են պահանջում։



«Ես տանը չեմ գտնվել, երբ եկա տուն, տեսա, որ կինս գրություն է թողել, թե որդիս ավտովթարի է ենթարկվել, գնում եմ հիվանդանոց, Դուք իմ վիճակը պատկերացրեք՝ գնացի հիվանդանոց, անգիտակից վիճակում է եղել որդիս։ Բայց ի՞նչ է ստացվում, քանի որ ես եմ, թե տղաս, նույնն է, քանի որ ես ստորագրել եմ, որ պատահարից 40 րոպե հետո կզանգեմ, բայց ի՞նչ պայմաններ էին, որ ես զանգեի, եթե նույնիսկ չգիտեմ ինչ ծնող լինեի, մոռանայի տղայիս, պետք է մեքենա բռնեի, գնայի այդտեղ, բեռնախցիկը բացեի, համարը նայեի ու զանգեի՞»,- զարմանք է հայտնում Լեւոն Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ հետագայում որոշման դեմ դիմում չեն ներկայացրել միայն, այն պատճառով, որ որդին ոստիկանության աշխատակից է, եւ չեն ցանկացել քաշքշուկների մեջ ընկնել, բայց համոզված է, որ որդին մեղավոր չի եղել։ Դատական առաջին նիստը տեղի է ունենալու սեպտեմբերին։ Լեւոն Խաչատրյանը կարծում է, որ հայցում սուտ տեղեկատվություն կա մեքենայի կրած վնասների գնահատման եւ այլնի հետ կապված։ Ընկերությունը, որը դատական հայց է ներկայացրել իր հաճախորդի դեմ, «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունն է։ Ահա թե ինչպես է մեկնաբանում ընկերությունը ստեղծված իրավիճակը։



«Պահանջի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Լեւոն Խաչատրյանն ու Արթուր Խաչատրյանն ընդհանրապես չեն տեղեկացրել ապահովագրական ընկերությանը տեղի ունեցած ավտոտրանսպորտային պատահարի մասին, ուստիեւ ընկերությանը զրկել են դեպքի վայր մեկնելու եւ պատահարն արձանագրելու հնարավորությունից։ Պատահարի մասին ընկերությունը տեղեկացել է միայն պատահարի հետեւանքով տուժող հանդիսացող անձի՝ ապահովագրական հատուցումն ստանալու վերաբերյալ դիմումի ստացմամբ»,- մեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում է ընկերությունը։ Պարզաբանման մեջ նշվում է նաեւ, որ պատահարի օրվա դրությամբ գործող պայմանների համաձայն՝ ապահովադիրը եւ ավտոմեքենան տիրապետողը կրել են պատահարի վերաբերյալ ապահովագրական ընկերությանն անհապաղ տեղեկացնելու պարտականությունը, եւ միայն 01․09․2016 թ․-ից են ուժի մեջ մտել ԱՊՊԱ պայմանների փոփոխությունները, համաձայն որոնց՝ օրենսդրորեն սահմանվել է ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերությանը 40 րոպեի ընթացքում հայտնելու պարտականությունը։



Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ