Մաստարային անհրաժե՞շտ է Թեհլերյանի արձանը

Մաստարային անհրաժե՞շտ է Թեհլերյանի արձանը

Արցախյան ազատամարտի ամենաթեժ օրերին` 1990 թվականին, Թալինի շրջանի Մաստարա համայնքում՝ Երեւան-Գյումրի մայրուղու եզրին մեծ հանդիսավորությամբ բացվեց հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի հուշարձան-կոթողը: Շատ կարճ ժամանակ հուշարձանը սրբատեղի եղավ, իսկ արցախյան ազատամարտի ավարտից հետո կամաց-կամաց մոռացվեց, լքվեց ու վերածվեց աղբավայրի: Արդեն քսան տարի: Քսան տարի երկրում, մարզում ու Մաստարայում իշխանություններ են փոխվել, ու այդ փոխված, եկած եւ գնացած իշխանավորներից մեկնումեկը չի նկատել արձանի շրջակայքի անմխիթար վիճակը: Իհարկե, առաջին հերթին այն պարտավոր էին նկատել համայնքի ղեկավարները, համայնքապետարանի մեծ ու փոքր պաշտոնյաները, համայնքի բնակիչները, սակայն, ցավոք սրտի, տեսնող չի եղել: Չեն տեսնում նաեւ հիմա, այս պահին, երբ փշի, տատասկի հետ տարածքը ողողված է շշերով՝ հիմնականում ջարդված, վաղեմության կնիքով պիտակավորված, որովհետեւ տարածքն անհրապույր է, ու չի գտնվի մեկը, որ ցանկանա այստեղ ժամանակ անցկացնել: Իսկ, ահա, հուշարձանի հարեւանությամբ տեղ-տեղ երեւում են ծաղկեպսակների մնացորդները, որոնք մի ժամանակ զարդարել են հերոսի հուշարձանը: Ինչեւէ, այստեղով թուրքը չի անցել, եւ սա Արեւմտյան Հայաստանի որեւէ բնակավայր չէ, որտեղից հաճախ լուրեր են տարածվում, թե հուշարձան է պղծվել, ավերվել:



Հատկանշական է, որ նշված 20 տարուց շուրջ 13 տարի Արագածոտնի մարզպետներ են եղել դաշնակցականներ Հրայր Կարապետյանը եւ Գաբրիել Գյոզալյանը: Նրանք իրենց հերթին ունեցել են օգնականներ ու խորհրդականներ, ովքեր պարբերաբար օգնություն են ցուցաբերել, խորհուրդներ տվել մարզպետներին: Զարմանալի չէ, որ վերջիններս էլ տեղյակ չեն եղել վերը նշված իրավիճակից: Համոզված ենք՝ եթե նշված պաշտոնյաները լուր ստանային, որ հուշարձանի տարածքում ընկած է մեկ հատ հարյուր դոլարանոց, զինվորական լեզվով ասած՝ տեղանքը մի գիշերվա մեջ «սանրել» կտային, որպեսզի հայտնաբերեին գումարը:



Կարծում ենք, Սողոմոն Թեհլերյանին այսպիսի փառք պետք չէ: Կամ հուշարձան-կոթողի տարածքը պետք է բարեկարգվի, կամ պարզապես ապամոնտաժվի: Այլապես այս վիճակով չենք կարող աշխարհին հայտարարել, թե՝ գիտեք ինչ, մեր հարեւան հանրապետությունում պղծվում են մշակութային արժեքներ, իսկ մենք հոգատար ենք պատմության, մշակույթի կոթողների նկատմամբ: Եվ, ընդհանրապես՝ հնամենի ու քաղաքակիրթ ազգ ենք։



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ