Որոշել է թոշակի գնալուց հետո մտնել ՀՀԿ

Որոշել է թոշակի գնալուց հետո մտնել ՀՀԿ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի  հարազատ մարզը երեկվանից սկսել է ղեկավարել Հայաստանի փրկարար ծառայության երբեմնի տնօրեն Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը: Վարդգես Հովակիմյանի "հրաժարականից" դեռ մեկ շաբաթ առաջ էր առաջարկվել նախկին ոստիկանին եւ Սյունիքի մարզպետին ղեկավարել Արարատի մարզը: Երկրի ղեկավարությունն այնքան հրատապ էր համարել այս կադրային փոփոխությունը, որ կառավարության հենց մոտակա նիստում էլ տեղի ունեցան մեկի ազատումն ու մյուսի նշանակումը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նորահայտ ՀՀԿ-ական մարզպետի նշանակումը չձգձգեց այնպես, ինչպես վարվեց Վայոց ձորի ԲՀԿ-ական թեկնածուի դեպքում: Թերեւս իրադարձությունների շուտափույթ զարգացումն էր պատճառը, որ պարոն Բարսեղյանը մտածելու ժամանակ չունեցավ եւ չհասցրեց կառավարությունից րոպե առաջ փախչել՝ լրագրողների հարցերից ազատվելու համար, ավելին, նա հանպատրաստից բավականին համարձակ հայտարարություններ արեց: Օրինակ՝ ակամա հաստատեց, որ ՀՀԿ-ն թոշակառուների վերջին հանգրվանն է: Իսկ ինքը, սեզոնային բարեփոխումներից բացի, գնալու է Արարատի մարզ՝ նաեւ լարվածությունը թուլացնելու առաքելությամբ. "Իմ առաջինք քայլը լինելու է ոռոգման համակարգի կայուն կազմակերպումը, որպեսզի բոլոր շահառուներին հասանելի լինի ոռոգման կարգը, որովհետեւ այդ սեզոնն է հիմի: Գյուղմթերքների իրացումն իրականացվի, ոչ մեկը դուրս չգա այդ գործընթացից: Ընդհանուր մարզում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ձեւավորելու, ավելորդ լարվածություններ չստեղծելու, տեղական ինքնակառավարման մարմիններ-մարզպետարան շատ ջերմ հարաբերություններ ստեղծելու, եւ ինձ համար մի քիչ հեշտ կլինի, որովհետեւ 2002-2004 թվականներին ես պաշտոնավարել եմ մարզպետի պաշտոնը, կարծես թե վատ չէր ստացվում":



- Լարվածություն, բարոյահոգեբանական մթնոլորտ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:



- Ոչ մի լարվածություն չպետք է լինի, սովորաբար դեռեւս այն ժամանակ լինում էր որոշ համայնքի ղեկավար-մարզպետարան հարաբերությունների անջրպետ, դա միանշանակ չի լինելու, յուրաքանչյուր մարդ իր գործն է անելու, մարզում տիրելու է օրենքի գերակայությունը, եւ յուրաքանչյուր մարդ իր պատվիրակած լիազորություններն է կատարելու:



- Արարատի մարզը հայտնի է բարձրաստիճանների ռազբորկաներով, դա՞ էլ եք մեղմելու:



- Ես ռազբորկայի մասին որեւէ բան չեմ կարող ասել, այդպիսի ինֆորմացիա չունեմ, իմ պաշտոնավարման ժամանակ ոչ մի ռազբորկաներ չեն կարող լինել, դա միանշանակ ընդունեք:



- Նույնիսկ արտաշատցի հայտնի բարձրաստիճանների դե՞մը կառնեք:



- Բարձրաստիճան մարդիկ՝ ընդհակառակը, ինձ կօգնեն, որպեսզի էդ մարզի տնտեսական զարգացման պոտենցիալը  նկատելի լինի: Նկատի ունեմ  ԱԺ նախագահին, ոստիկանապետին, նաեւ ղեկավար մարդիկ կան, որ այնտեղից են, օրինակ, ես այստեղ աշխատելու ժամանակ փորձել եմ հնարավորինս իմ մարզին օգնել:



- Ե՞րբ եք դառնալու Հանրապետական կուսակցության անդամ:



- Կուսակցական անպայման դառնալու եմ եւ պատասխանատու ձեւով հայտարարեմ՝ ես որոշել էի, երբ որ անցնեի կենսաթոշակի, ես միանշանակ մտնելու էի Հանրապետական կուսակցության մեջ, որ ես այդ  գաղափարախոսությունն ընդունում ու հարգում եմ: Այս երկու օրը կմտնեմ կուսակցության մեջ, ես կարող էի շուտ մտնեի:



- Ինչո՞ւ թոշակի գնալուց հետո, թոշակառուների հանգրվա՞ն է ՀՀԿ-ն, ի՞նչ է:



- Որովհետեւ փրկարար ծառայության օրենքով փրկարար ծառայողը ապաքաղաքականացված մարմին է, իրավունք չունի կուսակցական լինել:



ՀԳ - Չնայած Բարսեղյանն ասաց, որ այս երկու օրն է մտնելու ՀՀԿ, սակայն կառավարության կայքում զետեղված մարզպետի կենսագրությունում շտապել էին լրացնել կուսակցական պատկանելությունը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն: