Օսկանյանը չի՞ բարգավաճի

Օսկանյանը չի՞ բարգավաճի
Մեզ հասած տեղեկություններով՝ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն առաջիկայում՝ մինչ եկող խորհրդարանական ընտրություններ, հնարավոր է մտնի "Բարգավաճ Հայաստան" կուսակցության շարքերը, խորհրդարանական ընտրություններում ընտրվի ԲՀԿ ցուցակով ու հաջորդ ԱԺ-ում փաստացի ղեկավարի ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը: Սա արվելու է "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունն ուժեղացնելու համար: Ծրագիրը դեռ սաղմնային փուլում է: Երեկ Վարդան Օսկանյանը "Անի" հյուրանոցում էր: Նրա "Սիվիլիթաս" հիմադրամը հանդիպում էր կազմակերպել ՀԿ-ների ու դոնոր կազմակերպությունների հետ: Օգտվելով առիթից՝ պարոն Օսկանյանից ճշտեցինք, թե նման սցենար կա՞: "Է՞դ որտեղից ծնվեց: Էդպիսի ծրագիր չկա",- մեր հարցին ի պատասխան հայտարարեց նախկին ԱԳ նախարարը:



Այսօր պարոն Օսկանյանն ակտիվ զբաղվում է հասարակական սեկտորով եւ բավական լավ է զբաղվում. փորձում է "Սիվիլիթասի" շուրջ համախմբել մի շարք ՀԿ-ների: Երեկ կազմակերպված քննարկման վերջում, որին ներկա էին մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչը, Նիդերլանդների փոխդեսպանը եւ Նորվեգիայի ու Ֆինլանդիայի պատվոհյուպատոսը, Վարդան Օսկանյանը, թերեւս սրտնեղելով, որ միջոցառումը լուսաբանող հեռուստաընկերություններ համարյա չկան, հանդես եկավ հայտարարությամբ. "Այսօր հիանալի քննարկում անցկացվեց, բազմաթիվ լավ գաղափարներ հնչեցին, բայց մեր հասարակայնությունը չի լսելու դա, որովհետեւ Հանրային հեռուստատեսությունը ցույց չի տալու: Ինչու, որովհետեւ ֆոնին "Սիվիլիթաս" է գրված: Մեր հասարակության լայն շրջանակը այսօրվա մեր քննարկման մասին չի իմանա: Ով որ մտնի մեր կայք, կկարդա հանդիպման մասին, բայց հանրության լայն շրջանակ ներգրավվելու միակ ձեւն այն է, որ տեղեկատվությունը տարածվի, եւ դա կարող է շատ բան փոխել Հայաստանում":  10 տարի Հայաստանում պաշտոնավարելուց հետո այսպես նկատեց պարոն Օսկանյանը՝ հնչեցնելով իր առաջարկը դոնորների հանրությանը. "Համախմբվեք եւ պայմանավորվեք մի մեծ ծրագրի շուրջ՝ հեռարձակվող լրատվամիջոցների ծրագիր ֆինանսավորեք, որ իսկապես կարողանանք հավասարակշռությունն ապահովել պետական պրոպագանդայի մյուս թեւի": Ուրախալի է իհարկե, որ պարոն Օսկանյանը ազատ հեռուստաընկերությունների ջատագով է դարձել, սակայն թերեւս ճիշտ կլիներ, որ նա նույն ջերմեռանդությամբ պայքարեր իր պաշտոնավարման ժամանակ, երբ փակվեց "Ա1+"-ը: Հիմա, փաստորեն, նախկին ԱԳ նախարարը, որ դժգոհում է, թե Հանրայինը չի անդրադառնում "Սիվիլիթասի" նախաձեռնություններին, "վայելում է" իր պաշտոնավարման ժամանակաշրջանի պտուղներից մեկը: Ապրում է այնպիսի Հայաստանում, որը նաեւ ինքն է կառուցել:



Ի դեպ, երեկվա քննարկման ժամանակ Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտը բավական անզգույշ արտահայտություն թույլ տվեց՝ առանձնակի դիտավորությամբ չնկատելով մեր իշխանությունների՝  կոռուպցիայի դեմ պայքարի, երկրում ժողովրդավարության ու ազատ մամուլի կայացմանն ուղղված համառ ջանքերը ու պարբերաբար հնչեցվող սիրո խոստովանություններն առ ժողովրդավարական արժեքներ: Մասնավորապես, երբ քննարկում էր գնում ՀԿ-ների գործունեությունը ֆինանսավորելու ու քաղաքացիական հասարակություն ստեղծելու մասին, դեսպան Հանս Յոխեն Շմիդտը, բերելով "Ջի-Թի-Զեթ"-ի օժանդակությամբ ստեղծված իրավական թերթի օրինակը, հռետորական հարց հնչեցրեց, թե "որքա՞ն ժամանակ այդ թերթը կենդանի կմնա, եթե քննադատական հոդվածներ տպի որեւէ դատավորի սխալ դատավճիռների հետ կապված": Տեսնո՞ւմ եք ինչպիսի ապակողմնորոշիչ ու ապակառուցողական գործունեությամբ են զբաղված դրսի դոնորներն այստեղ: Ի դեպ, երեկ դոնորները միաբերան վստահեցրին, թե ֆինանսավորվող ՀԿ-ների ընտրության հարցում իրենք չեն կաշկանդվում ՀՀ կառավարության կողմից, չնայած փաստ է նաեւ, որ քիչ չեն դեպքերը, երբ ֆինանսավորում են ստանում պրոիշխանական՝ այս կամ այն պաշտոնյայի հովանու ներքո ստեղծված ՀԿ-ները: