Բանտից քաղաքական դաշտ

Բանտից քաղաքական դաշտ
Երեկ "Արթիկ" ՔԿՀ-ից ազատ արձակվեց 2,5 տարի ազատազրկման վայրում անցկացրած քաղբանտարկյալ, "Հանրապետություն" կուսակցության Թալինի պատասխանատու Ժորա Սափեյանը: Նրան դիմավորելու էին գնացել "Հանրապետություն" կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, նախկին քաղբանտարկյալներ, Կոնգրեսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մեծ բազմություն Թալինից ու Աշնակ գյուղից: Դիմավորումից հետո ժորա Սափեյանենց տանը մեծ խնջույք է կազմակերպվել: Նախկին քաղբանտարկյալն արդեն իսկ հայտարարել է, որ շարունակելու է քաղաքական պայքարը:



"Բացառիկ ակտիվ անձնավորություն է, եւ դրա ապացույցն էին 2008թ. նախագահական ընտրություններում Թալինի արդյունքները, եւ այդ արդյունքներն էին, որ չներվեցին թե Ժորա Սափեյանին, թե Մուկուչ Սափեյանին",- երեկ մեզ հետ զրույցում ասաց "Հանրապետություն" կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ հավելելով. "Սափեյան Ժորան կուսակցությունում լուրջ գործոն է, եւ նրա դուրս գալով` Թալինում կակտիվանա թե "Հանրապետություն" կուսակցության, թե ՀԱԿ-ի աշխատանքը:  Սափեյանները ամեն ինչ անցնելով բաց ճակատով՝ եկան իրենց հայրենիք, իրենց գյուղ, որտեղ իրենց դիմավորում էին հերոսների նման":



Նշենք, որ Ժորա Սափեյանի ու նրա եղբոր՝ "Երկրապահ" կամավորականների միության Արագածոտնի կառույցի ղեկավար Մկրտիչ Սափեյանի դեմ քրեական գործ էր հարուցվել 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից մի քանի օր հետո` Թալինում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, եւ եղբայրները մինչեւ վերջ կրեցին դատարանի սահմանած պատիժը։