Երկրից դուրս են եկել եւ այլեւս չեն վերադարձել

Երկրից դուրս են եկել եւ այլեւս չեն վերադարձել
Ռեժիմի պոպուլիզմի գագաթնակետը եղավ ոչ միայն իրենց արատները մատնացույց անողներից "հանդուրժողականություն" պահանջելը, այլեւ  արտագաղթի բուն պատճառները քողարկելու եւ սփյուռքի նախարարության գոյությունն արդարացնելու նպատակով հրապարակներում "Արի տուն" գոռալը: Եթե հասարակ մահկանացուները, այնուամենայնիվ հավաստիանալով, որ այդ գոռգոռոցներն իրենց չեն կերակրելու, եւ սրտները մղկտալով են լքում երկիրը, օտար տեղերում մի կտոր հաց ու կյանքի երաշխիք ստանալու մտայնությամբ, իշխանական կերակրատաշտերին մոտիկ հարմարվածներն օգտագործում են երկրի քաղաքացու կարեւորագույն աստիճանը՝ դիվանագետի կարգավիճակը, որ համ ծլկեն "հայրենիքից", համ էլ հաջող դասավորվեն:



Այդ առումով արտագաղթի ամենանպաստավոր ու, կարելի է ասել՝ էլիտար կառույցը, որքան էլ զարմանալի թվա, երկիրս ներկայացնելու առաքելությամբ օժտված ԱԳՆ-ն է: Այդ կառույցում աշխատանքի տեղավորվելու հիմնական նպատակը ոչ թե պետության ու քաղաքացիների շահերը ներկայացնելն ու երկրի վարկանիշը բարձրացնելն է, այլ դիվանագետի աստիճան ստանալն ու արտասահմանյան որեւէ երկրում ապրելու ու բարգավաճելու նպատակը: ԽՍՀՄ փլուզումից հետո հանրապետության կարգավիճակ ստանալուն եւ արտասահմանյան երկրներում դեսպանատներ բացելուն պես, հայ դիվանագետների մի ստվար զանգված չտեսի հոգեբանությամբ լծվեց ուրիշների կառուցած երկրների բարիքները սպառելու գործին:



Եթե անգամ չեն կարողանում, կամ հայրենիքի նկատմամբ անթաքույց սերը չի թողնում նրանց մշտական բնակության վայր ընտրել այն երկիրը, որտեղ գնացել են դիվանագետի առաքելությամբ, աշխատում են հնարավորինս հարատեւել իրենց գործատեղում, մաքսիմալ օգտագործելով լալահառաչ սփյուռքի կապերը: Իսկ ում հետ են կանչում, ուղղակի չի գալիս եւ ճողոպրում է, շատ դեպքերում քաղաքական ապաստան խնդրելով: Հայաստանի արտաքին գերատեսչությունն այսպիսով դարձել է VIP "պրախադնոյ դվոր": Իր գոյության պահից մինչ օրս գրեթե բոլոր դեսպաններն ու դիվանագետները չեն վերադարձել կամ եթե վերադարձել են, արտերկրում դասավորել են իրենց զավակներին, այդ թվում՝ արտգործնախարարները:



Նորանկախ Հայաստանի 20-ամյա պատմության ընթացքում ունեցել ենք 5 արտգործնախարար, որոնցից միայն Ալեքսանդր Արզումանյանն ու Վահան Փափազյանն են ընտանիքով ապրում Հայաստանում: Իսկ ահա մյուս երեքը թեպետ ջանք չեն խնայում հայրենիքի հիմքերն ամրացնելու գործում իրենց տիտանական աշխատանքի մասին խոսելիս (Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանրապես սպառնում է տեր կանգնել բոլորին), բայց արի ու տես, որ նրանց զավակները տաքուկ տեղավորված են հայրենիքից դուրս: Նալբանդյանի դուստրը՝ Մոսկվայում, Օսկանյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի զավակները՝ տարվա մի մասը ԱՄՆ-ում, մի մասը` Հայաստանում: Նախկին նախարարները թերեւս հայրենիքում մնալու լուրջ պատճառներ ունեն՝ "քաղաքականությամբ են զբաղված", բայց ահա դեսպանները, դեսպանորդներն ու այլ տարբեր դիվանագետներ ոտով-գլխով են մնացել դրսում:



Զորօրինակ՝ Ղազախստանում Հայաստանի դեսպանին՝ Խաչատրյան, հետ են կանչել, չի եկել, Գագիկ, ազգանունը չգիտեմ, բայց մականունը՝ Ճըպ-ճըպ, մնացել է Մոսկվայում, Սուրեն Սահակյանը նույնպես ուժ չի գտել իր մեջ լքել Մոսկվան ու գալ Հայաստան, Արմեն Սարգսյանը սերտաճել է  Լոնդոնին: Լոս Անջելես մեկնած բոլոր հյուպատոսները տեղում գործ են դրել ու այլեւս չեն վերադարձել: Պողոս Սարաջյանը չի կարողացել կտրվել Բեյրութից, իսկ ԱԳՆ քարտուղար Միշա Մալոյանն ընդհանրապես փախավ Իսրայել: Դիվանագետներից ետ վերադարձողներ էլ են եղել, օրինակ՝ Եղիշե Սարգսյանը, բայց հասցրել է դստերը դարձնել Գերմանիայի քաղաքացի:



Սա Քոչարյանից մինչեւ Սերժ Սարգսյան հովանու ներքո VIP "պրախադնոյ դվորով" անցած հայ դիվանագետների ոչ ամբողջական ցուցակն էր: Որպեսզի կողմնակալ չերեւանք, տեղեկացնենք, որ նրանցից առաջ ԱԳՆ-ով անցածներից էլ կան արտասահմանում հաստատվածներ: Պարզապես տեղեկացնենք, որ նրանք, ում մասին տեղեկություն ունենք, մեկնել են Հայաստանից, որպես նախկիններ աշխատանքից ազատվելուց հետո՝ Ռուբեն Շուգարյան՝ ԱՄՆ, Գառնիկ Նանագուլյան՝ Կանադա, Լեւոն Խաչատրյան՝ Մոսկվա, Կարինե Աֆրիկյան՝ ԱՄՆ: Մնում է ավելացնել միայն՝ իսկ մենք այստեղ անգյուման: