Օբաման կոչ է անում կրոնական հանդուրժողականության

Օբաման կոչ է անում կրոնական հանդուրժողականության
Շաբաթ օրը` սեպտեմբերի 11-ին, լրացավ 2001 թվականին Նյու Յորքի երկնաքերերի կործանման իններորդ տարին: Ամերիկացիները հարգանքի տուրք էին մատուցում 3 հազար զոհվածների հիշատակին, սակայն զոհվածների հարազատները մեկ շաբաթ է՝ ցույցեր էին անում: Դրանք սկսվեցին այն բանից հետո, երբ Նյու Յորքի մահմեդական հոգեւոր առաջնորդները հանդես եկան սեպտեմբերի 11-ին  կործանված երկնաքերերի այժմյան դատարկ տարածությունում մզկիթ կառուցելու մտադրությամբ: Այդ նախագիծը բուռն տարաձայնությունների ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում:



Եվ դա բնական է, չէ որ հենց մահմեդականներից բաղկացած «Ալ Քաիդա» խմբավորումն է ողբերգության պատասխանատուն: Սակայն ամենաանհասկանալին տեղի ունեցավ, երբ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հավանություն տվեց այդ մտադրությանը: Սկսվեցին բուռն վեճեր՝ միթե կրոնական ազատությունների ոտնահարում կհամարվեր, եթե Օբաման դրան հավանություն չտար, եւ արդյո՞ք հավանություն տալով՝ նա չի ոտնահարում այն քաղաքացիների նվիրական զգացումները, որոնք այսուհետ ստիպված են լինելու մահմեդական կենտրոնի կողքին աղոթել իրենց զոհված հարազատների համար:



Նյու Յորքում բնակչության 53 %-ը դեմ է այդ նախագծին: «Հարկավոր է պահպանել չափի զգացումը, ի վերջո այստեղ այդքան մարդ է զոհվել: Նյու Յորքում հարյուրավոր մզկիթներ կան, եւ վերջապես՝ ինչու են հատկապես այդ վայրն ընտրել մզկիթ կառուցելու համար»,- ասել է ընդդիմադիրներից մեկը: Մզկիթի կառուցման օգտին հանդես եկողներն էլ գտնում են, որ կրոնական ազատությունները Միացյալ Նահանգների ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչներից են եւ չի կարելի դրանք ոտնահարել: Մզկիթի կառուցման նախագծի գլխավոր հոգեւորականը այդ կապակցությամբ սեպտեմբերի 11-ին ասել է. «Եթե մենք նայենք ողբերգության օրը մահացած մարդկանց ցուցակները, անշուշտ, կգտնենք նաեւ անուններ, որոնք ծագմամբ իսլամական են»:



Իսկ Ֆլորիդա նահանգի եկեղեցական միության հոգեւոր հովիվ Թերի Ջոնսն առաջարկել է Ղուրանի այրման միջազգային օր ստեղծել: Մահմեդական մի շարք երկրներում բողոքի ցույցեր սկսվեցին: Եվ վերջապես հանդես եկավ Բարաք Օբաման՝ ժողովրդին կոչ անելով կրոնական հանդուրժողականության. «Նման քայլերը դեմ են ամերիկյան սկզբունքներին: Որպես ամերիկյան զորքերի գլխավոր հրամանատար՝ հարկավոր եմ համարում Թերի Ջոնսին հայտնել, որ այդ գործողությունները վտանգում են Աֆղանստանում եւ Իրաքում ծառայության մեջ գտնվող ամերիկացիների կյանքը, եւ դա կարող է «Ալ Քաիդա» խմբավորմանը դրդել հակահարվածի անցնել»: Այս իրադարձություններից հետո Թերի Ջոնսը հրաժարվեց նշված օրը Ղուրանն այրելուց, բայց անշուշտ՝ ոչ իր մտադրություններից:



Մահմեդական երկրներում ցույցերը շարունակվում են, Աֆղանստանում ցույցերի հետեւանքով երկու մարդ է սպանվել, մի քանիսն էլ վիրավորվել են: Արմատական հոգեւոր հովիվը «USA today» օրաթերթին ասել է, որ գուցեեւ հրաժարվի Ղուրանն այրելու գործողություններից, եթե կառավարությունն այն ուղղակիորեն պահանջի: Ապա ավելացրել է, որ պետք է կիրակի հանդիպի մզկիթի կառուցման պատասխանատու հոգեւոր առաջնորդի հետ՝ այդ հանդիպումից է կախված իր մտադրության իրագործումը: Չի բացառվում, որ այս մտահղացումը սրի տարաձայնությունները քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ եւ նորանոր ողբերգությունների պատճառ հանդիսանա: Աշխարհի մահմեդականները կարող են, ի պատասխան իրենց Սուրբ գիրքն այրելու մարտահրավերի, հակաքրիստոնեական ճակատ ստեղծել եւ կրոնական պատերազմներ հրահրել:



Անի ՀԱԿՈԲՅԱՆ