Համազգե՞ստն է, որ ձեզ պիտի զարդարի

Համազգե՞ստն է, որ ձեզ պիտի զարդարի
Այսօր կրքոտ բանավեճ է գնում՝ արդյո՞ք դպրոցում համազգեստ կրելը ճիշտ է: Բախվում են ունեւորների եւ քիչ հնարավորություն ունեցողների շահերը: Ոմանք ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել իրենց ձագուկներին զանազան ֆիրմային թանկարժեք զգեստներով դպրոց ճանապարհելու հաճույքից (ասես դպրոցից բացի իրենց հնարավորությունները ցուցադրելու ասպարեզ չկա): Մինչդեռ մնացած՝ մեծամասնություն կազմող ընտանիքներում վերջապես խաղաղություն է հաստատվել: Ամեն առավոտ դպրոց գնալուց առաջ հագնվելու համար չեն պատերազմում ծնողներն ու զավակները:



Երեխան խնամքով է վարվում միակ համազգեստի հետ, բարդույթախեղդ չի լինում համադասարանցու «ֆիրմային» ցուցամոլությունից (ավելի տգեղ բան պատկերացնո՞ւմ եք, քան այն, որ երեխայի զրույցի ու խոսակցության թեման նոր գնած թանկարժեք զգեստն ու կոշիկն է): Իսկ մանկավարժները... խնայելով նրանց ինքնասիրությունը` չեմ ուզում մանրամասնել: Ասեմ միայն, որ հիմա նրանք էլ են հանգիստ նայում իրենց հագածի բարձրությունից նայող աչքերին... հիմա աշակերտը ուսուցչից լավ չի հագնվում: «Համազգեստը սահմանափակում է երեխայի ազատությունը, մենք անկախություն ձեռք բերեցինք, որ երեխային ճնշե՞նք»,-մտքի այսպիսի փայլուն առկայծումին ուզում ենք պատասխանել. ով ասաց, թե դպրոցում կամային ազատություն է ենթադրվում: Գուցե մազե՞րն էլ ներկեն, դաջվածքնե՞ր անեն, ծամելո՞վ դաս պատասխանեն, ծխե՞ն դպրոցում, գրկախառնվա՞ծ նստեն դասին: Ազատության ակնհայտ դրսեւորում կլիներ...



Ինչեւէ, այն դպրոցը՝ թիվ 114-ը, որտեղ իմ երեխան է սովորում, եւ որի դռներին թանկարժեք մեքենաներ են «հերթապահում», առաջինը համազգեստ ներդրեց: Առաջարկվեց պատրաստի հագուստը, նաեւ ինքնուրույն կարելու տարբերակը: Մեկը վճարեց բարձր գին, մյուսը՝ ցածր: Ընտրված ձեւը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ ծախսի զգեստ հագնել եւ ամռանը, եւ ձմռանը:



Լավ արդյունքներից ոգեւորված, ուզում եմ առաջարկել նաեւ սպորտային համազգեստի ներդրում դպրոցում: Դրանով կվերջանան ծնող-երեխա ամենօրյա «քննարկումները»՝ ինչ հագնել, ոնց հասնել «ֆիրմա» հագնողների ետեւից: Սա իրավահավասարության քարոզ չէ: Ընդամենը դպրոցում դրա ցցունությունը կանխելու թույլ փորձ, մինչեւ հարուստները հոգով էլ կհարստանան եւ գուցե ճշմարիտ արժեքներ ձեռք բերեն:



Ուզում եմ մի փաստ էլ նշել. այսօր, օրինակ, Շվեյցարիայի պես երկրում դպրոցը համազգեստավորելու միտում կա: Այս օրինակը համազգեստի դեմ ընդվզողներին թերեւս կհանգստացնի:



Աստղիկ ԳԱԼՍՏՅԱՆ

Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի աշակերտի ծնող