Արցախն անհանգստանալու խնդիր չունի՞

Արցախն անհանգստանալու խնդիր չունի՞
Փաստահավաք գործունեություն իրականացնելու նպատակով համանախագահների եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ու Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետների սպասվելիք այցելությունը դեռ չմեկնարկած, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Առաքելությունը, շատերի կարծիքով, ադրբեջանական նախաձեռնություն է, որն Ադրբեջանը ստացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացրած բանաձեւի նախագծի քննարկումը հետաձգելու դիմաց: Բացի այս մտահոգիչ է, որ առաքելությունը միայն Ղարաբաղում է անցկացվելու:



Իշխանական շրջանակները, սակայն, վտանգ չեն տեսնում եւ անհանգստության նշաններ առանձնապես ցույց չեն տալիս:  Հիշեցնենք, որ ԵԱՀԿ դաշտային առաքելությունը  սկսվել է հոկտեմբերի 4-ին եւ կտեւի 10 օր, բայց հյուրերը  Ղարաբաղ կժամանեն ավելի ուշ, թեեւ նախապես սպասվում էր, որ առաքելության մեկնարկը կտրվի Ղարաբաղից: Փաստահավաք խումբը կուսումնասիրի ԼՂՀ հարակից շրջանները, իսկ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներ՝ Շահումյան, Գետաշեն, Մարտունաշեն եւ Մարտակերտ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, չի մտնի:



Հայաստանի ԱԳՆ-ն արդեն հաստատել է, որ համանախագահները Հայաստանում կլինեն հոկտեմբերի 6-ին, իսկ մինչ այդ նրանք ոչ թե Ղարաբաղ, այլ Ադրբեջան են մեկնել (թեեւ ԼՂՀ արտգործնախարարությունում երեկ մեր թղթակցին ասել են, որ համանախագահները Երեւանում են): Խոսակցություններ կան նաեւ, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն առաքելության կազմում չեն լինի: «Մեզ համար տարբերություն չկա, թե ով է հանձնաժողովում, թող գան, տեսնեն, իրավիճակն ավելի ռեալ պատկերացնեն ու գնան բոլորը, ում համար կարեւոր է այդ հակամարտության կարգավորումը»,-առաքելության շուրջ մեզ հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Արցախը մտահոգվելու առիթ չունի:



Ըստ պարոն Բաբայանի, տարօրինակ ոչինչ չկա, որ համանախագահները Ղարաբաղ են այցելելու ավելի ուշ: «Որեւէ փոփոխություն չի եղել օրակարգում: Ուղղակի նրանք պետք է ժամանեն հոկտեմբերի 6-ին կամ 7-ին: Նախատեսված է եղել, որ հենց այդ ժամանակահատվածում պետք է գան»,-ասաց Դավիթ Բաբայանը: Թե մինչ Ղարաբաղ  մտնելը հյուրերի երթուղին ինչպիսին է, Արցախում տեղյակ չեն: Ստացվում է, որ ԼՂՀ-ն չգիտի նաեւ, թե առաքելությունը որտեղից Ղարաբաղ կմտնի՝ Ադրբեջանի՞ց, թե՞ Հայաստանից: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ համանախագահները տարածաշրջան իրենց վերջին այցելության ժամանակ Ղարաբաղ մեկնեցին ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից:



Այս հարցը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Նաիրա Մելքումյանի կարծիքով, շատ կարեւոր է, եւ մշտապես Ադրբեջանը դրան մեծ ուշադրություն է դարձրել: «Ադրբեջանի կողմից միշտ այդ պահանջը կար, եւ միշտ այդ պահանջի դեմ պայքարել ենք, որովհետեւ դա շատ մեծ քաղաքական նշանակություն ունի: Դրանով Ադրբեջանը ուզում է ցույց տալ, որ Ղարաբաղն Ադրբեջանի մի մասն է: Եթե համանախագահները Ղարաբաղ այցելեն Ադրբեջանից, ինձ համար անհասկանալի կլինի, թե ինչու են Ղարաբաղն ու Հայաստանը համաձայնվել դրան»,-նշում է տիկին Մելքումյանը՝ հավելելով, որ ի վերջո դա կարող է իրականացվել միայն հայկական կողմերի համաձայնությամբ:



ԼՂՀ նախկին արտգործնախարարը անթույլատրելի համարեց, որ փաստահավաք առաքելություն Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքներում չի անցկացվում: Այդ հանգամանքը, Նաիրա Մելքումյանի խոսքով, թուլացնում է մեր դիրքերը, որովհետեւ հայտնի է, որ Շահումյանի շրջանը շատ խիտ բնակեցված է ադրբեջանցիներով ու թուրք-մեսխեթներով: «Շահումյանում մենք այնքան խաղաքարտեր ունենք, որ հիմա դա չօգտագործելն ինձ համար ուղղակի անհասկանալի է»,-տարակուսանք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը: