Առաքելության ուղեգիրը պիտի ստորագրի ԼՂ նախագա՞հը

Առաքելության ուղեգիրը պիտի ստորագրի ԼՂ նախագա՞հը
Նախիջեւանից Երեւան գալու ճանապարհին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, որ Ղարաբաղի ազատագրված տարածքներում գնահատման առաքելության երթուղին կորոշվի Ստեփանակերտում, եւ եթե ամեն բան գնա նախատեսվածի պես, եւ եղանակը չխանգարի, ապա առաքելությունն իր գործունեությունը կավարտի հոկտեմբերի 13-ին: Հիշեցնենք, որ նախօրեին առաքելությունը եղել է Բաքվում ու չէր հաջողել հանդիպել տանտիրոջը, որովհետեւ Ալիեւ կրտսերն ակնհայտ դեմարշով լքել է մայրաքաղաքն ու գնացել Նախիջեւան:



Սա, ըստ էության, կամքի ցուցադրություն էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախիջեւանը ծրագրավորված հայաթափվել է դեռեւս խորհրդային ռեժիմի օրոք ու նշանակում է, որ, անկախ «միջազգային հանրություն» կոչվածի «ջանքերից», Ադրբեջանն իր տարածքները կազմակերպելու է իր կամքով, ինչպես արել է Նախիջեւանում: Իսկ Բաքվում առաքելությանը թողել է երկու տասնամյակ խնամքով փայփայած ու պահած դիդակտիկ փախստականությանը պատասխան տալու խնդրի առջեւ: Ֆասիե, Բրադկե, Պոպով եռյակը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ու փորձագետների խմբի առաջն ընկած, իծաշարուկ հետեւել է Ադրբեջանի նախագահին ու նրա հետ հանդիպումը հաջողացրել Նախիջեւանում:



Հայաստանում առաքելությունը, ըստ պաշտոնական լրահոսի,  բանակցություններ է վարել Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Նալբանդյանի հետ ու ներկայացրել «Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքներն ու  ԼՂ հարակից տարածքներ իրականացվելիք դաշտային գնահատման առաքելության ծրագիրը»: Այստեղ արդեն, ըստ ԱԳՆ կայք-էջի, Նալբանդյանը ցուցադրել է դիվանագիտական աներեւակայելի հնարքներ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իր վրդովմունքը հայտնեց նախօրեին ադրբեջանական բանտում առեւանգված հայ հովվի սպանության կապակցությամբ` ընդգծելով, որ շուրջ 25 օր անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել հանդիպելու նրան:



Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ահաբեկչական խմբավորումներին բնորոշ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի նպաստում բանակցային գործընթացին»,-գրում են ԱԳՆ գրիչներն ու խոստովանում, որ որոշել են  բանակցությունները շարունակել մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Մադրիդյան առաջարկությունների մասին ինչպես մենք, այնպես էլ Հայաստանի մյուս լրատվամիջոցները բազմիցս են գրել: Հիշեցնենք միայն, որ հայկական կողմի համար ամենաանընդունելի կետերից մեկը ադրբեջանցի փախստականներին ԼՂ ազատագրված տարածքներ, այդ թվում՝ Շուշի վերադարձնելու պայմանն է, որից 10 տարի հետո ԼՂ կարգավիճակը հստակեցնելու համար նախատեսված հանրաքվեն է՝ կանխատեսելի հետեւանքներով, հաշվի առնելով ադրբեջանցիների բազմանալու բնավորությունը եւ երկիրը լքելու հայերի գենետիկ հիվանդությունը: