Ահմադինեժադը տապալել է մուսուլմանական երկրների առաջնորդների գագաթաժողովը

Ահմադինեժադը տապալել է մուսուլմանական երկրների առաջնորդների գագաթաժողովը
Լիբանանի, Թուրքիայի, Իրանի, Սիրիայի առաջնորդների տարածաշրջանային համագործակցությանը նվիրված և այսօր նախատեսված գագաթաժողովը չեղյալ է հայտարարվել։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС–ը՝ վկայակոչելով Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը։ Հանդիպումը պետք է տեղի ունենար Բեյրութում, գագաթաժողովի չեղյալ հայտարարելու որոշումը պաշտոնապես չի պատճառաբանվում։



Հնարավոր պատճառներից կարող է լինել նախօրեին բեյրության Բինթ Ջաբալ քաղաքում Մահմուդ Ահմադինեժադի ելույթին հաջորդած սկանդալը։ Հիշեցնենք, որ իր խոսքում Իրանի առաջնորդը խոսել էր «հրեաների մահվան», «Իսրայելի դեմ պայքարում լիբանանյան ժողովրդի աննկունության մասին»։ Չնայած այդ ելույթը խանդավառությամբ ընդունվեց Բինթ Ջաբալում, հատկապես «Հզբոլլահի» համակիրների կողմից, այդուամենայնիվ, Լիբանանի կառավարությունում այդ ելույթից գոհ չէին։



Կառավարության որոշ անդամների կարծիքով՝ իր ռադիկալ հայտարություններով Ահմադինեժադը «փչացնում է» իրենց երկրի իմիջը միջազգային հանրության աչքերում։ Իսկ Իսրայելի ԱԳ նախարարը Իրանի նախագահին մեղադրել է այն բանի համար, որ վերջինը Լիբանանը վերածում է Իսրայելի դեմ իր թշնամական ծրագրերի իրականացման «մեկնարկային հրապարակի»։



Հիշեցնենք, որ Իրանի նախագահը Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հրավերով հոկտեմբերի 13–14–ը պաշտոնական այցով գտնվում էր Լիբանանում։ Իրանի նախագահն իր այցելության վերջին փուլում հանդիպում է ունեցել նաև «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Սայիդ Հասան Նասրալլահի հետ։ Բեյրութում Իրանի դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ահմադինեժադի պատմական այցի արդյունքները, Լիբանանում և տարածաշրջանում իրավիճակը։



Նասրալլահը Մահմուդ Ահմադինեժադին իբրև հիշատակ նվիրել է «Հզբոլլահի» զինյալների կողմից իսրայելյան բանակից հափշտկված մի ատրճանակ. «Ես ողջունում եմ մարտնչող ռազմիկներին և ճնշվածներին աջակցող եղբորը»,–ասել է Ահմադինեժադը։



Tert.am