Տաքսիները չեն ապահովագրում

Տաքսիները չեն ապահովագրում
Երբ պարտադիր ապահովագրության ինստիտուտը ամիսներ առաջ ներդրվեց նաեւ Հայաստանում, ավտովարորդների կողմից դժգոհության մեծ ալիք բարձրացավ: Բայց մեքենա ունեցողներին այլ ելք չի մնում, քան հնազանդորեն ենթարկվել ԱՊՊԱ-ի թելադրած պահանջներին, քանզի դա օրենքի ուժ է ստացել եւ պարտադիր կատարման ենթակա է: Հակառակ դեպքում հունվարի 1-ից ոստիկանները կսկսեն տուգանել բոլոր չապահովագրված մեքենաները, իսկ տուգանքը բավական մեծ է՝ 50 հազար դրամ: Հազիվ էին վարորդները հաշտվել մեքենաներն ապահովագրելու մտքի հետ, երբ ի հայտ եկավ մի նոր գլխացավանք:



Հիմա էլ որոշ ապահովագրական ընկերություններ հրաժարվում են ապահովագրել տաքսի մեքենաները՝ պատճառաբանելով, որ տաքսիների դեպքում ռիսկայնությունը շատ մեծ է: «Գնացի, որ տաքսիս ապահովագրեմ, մերժեցին: Ասում են՝ ինչ-որ ներքին ժողով են արել ու որոշել են տաքսիները չապահովագրել: Ապահովագրելու դեպքում էլ թանկ գնով են անում, բայց իրավունք չունեն: Այսօրվա դրությամբ տաքսիների 80-90 տոկոսը դեռ չեն ապահովագրել, իսկ հունվարից հետո սկսելու են տուգանել: Ստացվում ա՝ ոնց որ դիտմամբ անեն: Չեն ապահովագրում, որ հունվարից հետո տուգանեն»,-դժգոհեց մեզ հետ զրուցող մի տաքսու վարորդ:



Վերջինս դիմել էր «Ռասկո» ապահովագրական ընկերության գրասենյակ. ի դեպ տաքսիստների մեծամասնությունը դժգոհում էր հատկապես այդ ընկերությունից: Մեզ հետ զրուցած վարորդին առաջարկել էին մեկ այլ տարբերակ՝ մեքենան ապահովագրել 3 ամիս ժամանակով, ամիսը 20 հազար դրամով. «Բայց տենց էլ ստացվում ա տարին 80 հազար դրամ, բայց իմ մեքենան նախատեսվածի համաձայն ապահովագրելու դեպքում արժե ընդամենը 37 հազար դրամ: Սենց ո՞նց կլինի ախր»: «Ռասկո» ընկերությունից հաստատեցին, որ տաքսի մեքենաների ապահովագրության հետ խնդիր կա:



«Ապահովագրական ընկերություններից ոչ բոլորն են, որ տաքսի են ապահովագրում, քանի որ տաքսիների դեպքում ռիսկայնությունը շատ-շատ մեծ է, համարյա ամեն ամիս դեպք է տեղի ունենում: Դրա համար, հաշվի առնելով ռիսկայնությունը, խուսափում են տաքսի ապահովագրելուց կամ ապահովագրելու դեպքում ավելի բարձր գներով են անում, քան նախատեսված է»,-ասաց ընկերության սպասարկման բաժնի աշխատակից Նարինե Մկրտչյանը: Մեքենա ապահովագրելու համար օրենքով սահմանված է գների առավելագույն եւ նվազագույն չափ: Իսկ թե որ տարբերակը կընտրվի, կախված է ապահովագրական ընկերության վարած քաղաքականությունից:



«Հիմա բոլորը նվազագույնով են աշխատում, քանի որ նորություն է Հայաստանի համար, որպեսզի հարմար լինի նաեւ քաղաքացիներին: Սակայն տաքսիների դեպքում որոշ ընկերություններ կարող է առավելագույնով շարժվեն, քանի որ, կրկնում եմ, ռիսկայնությունը շատ բարձր է»,-ասաց Նարինե Մկրտչյանը: Նա նաեւ ասաց, որ տաքսիների դեպքում գումարի նվազագույնը 37-106 հազար դրամն է: Հետաքրքիրն այն է, որ ԱՊՊԱ օրենքում ոչ մի հատուկ կետ, նշում, բացատրություն չկա տաքսի ավտոմեքենաների վերաբերյալ, իսկ ապահովագրական ընկերությունները, փաստորեն, օգտվում են դրանից: Մի բան պարզ է, որ սրանով բացահայտվում է ապահովագրական ընկերությունների իրական նպատակը` քաղաքացիներից շորթել որքան հնարավոր է շատ գումար եւ չկրել ոչ մի պատասխանատվություն:



Ապահովագրական այս գործընթացի դեմ լուրջ պայքար է ծավալել «Ժառանգություն» կուսակցությունը: Նախօրեին նրանք հերթական անգամ առաջարկել են վերանայել ԱՊՊԱ օրենքը: ««Ժառանգությունը» գտնում է, որ Հայաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունները պարտավոր են վերանայել ԱՊՊԱ օրենքը, հետաձգել ԱՊՊԱ պայմանագրերի կնքման վերջնաժամկետը, փոփոխել դրա պայմանները` համապատասխանեցնելով դրանք ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքներին եւ հաշվի առնել բնակչության մեծ մասի սոցիալական ծանր վիճակը եւ ՀՀ Սահմանադրության պահանջները, որին հակասում են օրենքի մի շարք դրույթներ»,-ասված է «Ժառանգության» հաղորդագրության մեջ: Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցությունը դեկտեմբերի 21-ին, ժամը 16:00-ին բողոքի ավտոերթ է անելու Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում` պարտադիր ավտոապահովագրման շուրջ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության դեմ: