Գրողն այսօր ժամանակի շունչն է` ավելի, քան երբեւէ

Գրողն այսօր ժամանակի շունչն է` ավելի, քան երբեւէ
Տարիներ առաջ, երբ «Գարուն» ամսագիրը դեռ չէր հասցրել բոլորովին մեռնել, իմ հերոսը յուրաքանչյուր համարում ունենում էր մի բանաստեղծական շարք ու մի հրապարակախոսական հոդված կամ էսսե՝ Հուսիկ Արա գրական կեղծանունով, եւ առնվազն երկու լրագրողական հրապարակում՝ Ֆելիքս Եղիազարյան անձնագրային անվամբ։ «Գարուն»-ի ընթերցողներից մեկը մի օր ասաց, թե «Գարուն»-ի հեղինակներից միայն երկուսին է հավանում՝ Հուսիկ Արային եւ Ֆելիքս Եղիազարյանին։ Այսօրվա իմ հարցազրույցը այդ մարդուն պետք է որ տոն նվիրի, քանի որ արված է նրա սիրած երկու հեղինակների հետ միաժամանակ։



Հուսիկ Արան պատկանում է բանաստեղծների այն սերնդին, որոնք այդպես էլ սերունդ չունեցան՝ լինելով երիտասարդների մեջ ավագ, ավագների մեջ՝ երիտասարդ։ Նմանատիպ վիճակում է հայտնվել Հուսիկը նաեւ քաղաքական հայացքների առումով։ «Ընդդիմադիրներն ինձ համարում են իշխանամետ, իշխանամետները համարում են ընդդիմադիր»,- ասում է։ Երկու քարի արանքում հայտնված այլ մարդկանց նման Հուսիկը սպասում է երրորդ ուժին։



- Որպես գրողի՝ քեզ ի՞նչն է մտահոգում այսօրվա Հայաստանում։



- Այն, որ մշակութային արժեքները հետեւողականորեն արժեզրկվում ու ոչնչացվում են։ Փոքր ազգերը հարատեւում են իրենց մշակույթի շնորհիվ, դա ցույց է տվել նաեւ մեր պատմական փորձը։ Դարեր շարունակ պետություն չունենալով՝ մենք հարատեւել ենք մեր մշակութային արժեքներով, իսկ այսօր օր օրի մշակույթն արժեզրկվում է։ Նույնիսկ շատ օրաթերթեր այլեւս մշակութային էջ չունեն։ Որպես լրագրող՝ հաճախ եմ լինում մարզերում, հանդիպում եմ մարդկանց, հարցնում են՝ խի հիմա գրող կա՞, հիմա նկարիչ կա՞, կոմպոզիտոր կա՞։



Իրենց թվում է՝ մինչեւ 1990 թվականը մկնդեղ են կերել ու ոչնչացել են։ Եթե անուններ էլ գիտեն, խորհրդային ժամանակներից հնչող անուններ են։ Մարդիկ անտեղյակ են, որ ստեղծվում են արժեքներ, քանի որ դրանք տեղ չեն հասցվում, փոխարենը շինծու, մշակութային արմատից կտրված չակերտավոր արժեքներն են, որ  մատուցվում են։ Շոու-բիզնեսի երգիչ-երգչուհիները դարձել են քո մշակույթի դեմքը, քո մշակույթ ստեղծողը։ Այսօր չկա հեռուստաալիք, որ իրական արժեքներ ցույց տա։



- Հեռուստատեսությունները հիմնականում սեփական են եւ առաջնորդվում են ռեյտինգով։ Արդյո՞ք քո ասածը չի նշանակում, որ մշակույթն իրականում պահանջարկ չունի։



- Իսկ ինչո՞ւ չունի։ Որովհետեւ չի՞ ստեղծվում։ Խորհրդային կամ մինչխորհրդային շրջաններում ավելին չի ստեղծվել։ Մենք գիտենք՝ Թումանյանի ժամանակ էլ գրողների փաղանգ է եղել, բայց մի քանի անուն է մնացել։ Մշակույթը պարզապես տեղ չի հասցվում։ Եվ դրա հետեւանքը բարոյալքումն է, որ այսօր համատարած է։ Ինչո՞ւ է մարդն իրեն ոչնչություն զգում այս երկրում։ Որովհետեւ իրական արժեքների հիմքի վրա չի կանգնած։ Օտար երկրներում, փախստականի կարգավիճակով ու այդ ճամբարներում ապրելով, ինքն իրեն հոգեպես ավելի լավ է զգում, քան իր հայրենիքում՝  ազատ-անկախ Հայաստանում։ Այդպես եւ ստեղծագործողն է արտագաղթում, եւ գործարարը։ Ինչպես դարեր շարունակ ուրիշների երկրներն ենք շենացրել, այդպես էլ այսօր ուրիշի երկիրն ու մշակույթն ենք շենացնում։



- Էդ փակ շղթայից դուրս գալու ի՞նչ ելք ես տեսնում։



- Իշխանություն ունեցող մարդիկ պետք է մտածեն ոչ միայն իրենց գրպանի ու ափսեի մասին, այլ մի քիչ էլ ժողովրդի ու երկրի մասին։ Ստեղծեն այնպիսի միջավայր, որ ցանկացած մարդ կարողանա իր հնարավորության սահմաններում դրսեւորվել, իրեն արժեւորված զգալ։



- Դու ուզում ես բարոյականություն սերմանեն մարդիկ, ովքեր բարոյականության կրող չեն։



- Սա փոքր երկիր է, մի բուռ ժողովուրդ են, եթե ցանկանան, կարող են կարճ ժամանակում եթե ոչ բարեկեցիկ, գոնե մարդավայել, մինիմումն ապահովող կյանք ստեղծել։ Մեծ արժեքներից չխոսենք՝ դեմոկրատիա եւ այլն։ Այսօրվա հասարակական կացութաձեւը  ճորտատիրական է։ Այսօր մենք ճորտի պես ու էլ ավելի վատ ենք զգում մեզ մեր երկրում։



- Ճորտատե՞րը պիտի փոխի ճորտի վիճակը, թե՞ ճորտն ինքը։



- Մարդն ուզում է արժանապատիվ կյանքով ապրել, իր ընտանիքի հացը վաստակել, միջակ բարեկեցություն է ուզում։ Մեր ժողովուրդը աշխատող ժողովուրդ է, բայց չի կարողանում ապրել, ծայրը ծայրին հասցնել, մարդիկ նորմալ չեն սնվում։ Ի վերջո մարդիկ փախչում են ոչ թե սովից, այլ բարոյալքված լինելուց։ Մեզ շատ բան պետք չի, պետք է ընդամենը, որ գրված օրենքները գործեն։ Ամերիկայի քաղաքացին գիտի, որ իր պետությունը կպաշտպանի իր իրավունքը, անկախ նրանից՝ ինքը միլիոնատեր է, թե բոմժ։



- Իսկ գրողը կամ նրա ստեղծած գրականությունն ինչ-որ պատասխանատվություն ունի՞ ստեղծված վիճակի համար։



- Մեր գրականության մեջ 20 տարի է՝ ստեղծվում են կերպարներ, որ տառապում են եւ ելք չեն գտնում ապրելու։  Այսինքն որքան էլ մենք այսօր ասենք, որ գրականությունն օտարված է հասարակությունից, այդպես չէ։ Ճշգրիտ ստեղծում է հասարակության հայելին։ Խնդրեմ՝ ինչ փողոցում է կատարվում, այսօր գրականության մեջ կա։ Դա վատ գրականություն է, թե լավ՝ այլ խնդիր է։ Բայց ճշմարիտ արտացոլում է այսօրվա  կյանքը։ Այսօր մեր գրողը ավելի, քան երբեւէ, ժամանակի շունչն է, կարողանում է ժամանակը ճշգրիտ արտահայտել։ Չի ստում, չի խաբում ընթերցողին։



- Գրականությունը կարո՞ղ է փոխել մեր կյանքը։ Թե՞ միայն արտացոլելու համար է։



- Գուցե այսօրվա այդ արտացոլող գրականությունը ուժ չունի փոխելու։ Կամ գուցե մարդն ավելի ծանր վիճակում է, քան կարող է փոխվել։ Փոփոխության համար ուժ չունի գուցե։ Ես բանաստեղծություններով, հոդվածներով, ակնարկներով փորձել եմ ցույց տալ, թե մարդն ինչպես է ապրում այս երկրում։ Գրողի խնդիրն է խոսքը տեղ հասցնել, բայց այսօր ոչ խոսքն է տեղ հասնում, ոչ էլ խողովակ կա խոսքը տեղ հասցնելու։ Թբիլիսիում գործում է 60 գրախանութ, Բաքվում՝ 40, Երեւանում՝ 3-4։ Երկու հարեւան երկրների մասին է խոսքը, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ։



Փողոցում ում հարցնես, կասի՝ մենք քաղաքակիրթ ենք ու ավելի հին մշակույթ ունենք, քան Ադրբեջանը, բայց փաստն ի՞նչ է ցույց է տալիս։ Դառնում ենք մի երկիր, որի մայրաքաղաքում գրախանութ չկա, մարզերի մասին էլ չեմ խոսում։ Երկու բան է մնում՝ կամ մենք չարչի ու տգետ ժողովուրդ ենք, ու մեր համեմատությամբ ադրբեջանցին հույժ մտավորական է, կամ այնպիսի միջավայր է ստեղծված, որ գրախանութները չեն կարող գոյատեւել։



- Ես ուզում եմ հասկանալ՝ ով կամ ինչն է մեղավոր։



- Հիշում եմ՝ Քոչարյանի հետ համալսարանում հանդիպում էր, ուսանողներից մեկը հարցրեց՝ Ձեր վերջին կարդացած գիրքը ո՞րն է։ Եվ Քոչարյանն ասաց՝ տեսանք ինչ արեցին երկիրը գիրք կարդացողները։ Ասում է երկրի առաջին դեմքը։ Բացահայտ ասում է, որ ինքը գիրք չի կարդում եւ արհամարհանքով է խոսում կարդացողների մասին։ Էլ ի՞նչ ես ուզում։ Բավական չի՞։



- Ի՞նչ անենք, որ գիրն ու գրականությունը վարկաբեկված վիճակից դուրս գան, եւ գրողի խոսքը տեղ հասնի։



- Գրողը այսօր բանաստեղծության կամ պատմվածքի համար ոչինչ չի ստանում։ Ստեղծված է մի վիճակ, որում գրողի արտադրանքը ոչինչ է։ Մենք ամեն ինչի համար վճարում ենք, աղբի համար էլ ենք վճարում։ Միակ բանը, որ չի վճարվում` ստեղծագործությունն է։ Մենք սովորել ենք, որ մինչխորհրդային շրջանում սարսափելի դժվար են ապրել գրողները։ Բայց Րաֆֆին իր մեկ տողի համար ստանում էր մեկ կոպեկ հոնորար։ Թումանյանը միայն մի գործ թարգմանելու համար այնքան հոնորար է ստացել, որ կահույք է գնել։ Դա այն ժամանակ, երբ պետություն չենք ունեցել։ Մեքսիկայում կարգ կա՝ գրողի հանդիպելիս մարդիկ ոտքի են կանգնում ու հանում գլխարկները։ Դա հարգանք է ստեղծագործող տեսակի հանդեպ։ Մինչեւ այդ հարգանքը չլինի, ոչ ոք գրին փող չի տա։ Եթե ծաղրում են գրողին, ինչո՞ւ պիտի գիրք առնեն։



- Ինչո՞ւ պիտի հարգեն գրողին, եթե գրողը օրհասական պահերին կանգնում է ոչ թե ժողովրդի կողքին, այլ իշխանությունների։



- Ո՞նց ես նման բան ասում։ Ես հիմա անուններ չեմ տալիս, բայց միթե քիչ են գրողները, որ ոչ միայն խաղաղ ցույցերի ժամանակ, մարտի 1-ին էլ ժողովրդի կողքին են եղել։ Հո Գրողների միության չորս հարյուր անդա՞մը չէին գնալու։ Հո բոլորը գրո՞ղ չեն։



- Դու երկար տարիներ աշխատել ես լրագրող եւ մասնագիտությամբ էլ լրագրող ես։ Շուտով լույս կտեսնի քո «Անիծվածները» գիրքը, որ լրագրողական ակնարկներիդ ժողովածուն է։ Ինչպե՞ս ես վերաբերվում գրողական մեծամտությանը, որը շատերին թույլ չի տալիս զբաղվել լրագրողությամբ։



- Ես իմ հացը՝ շատ թե քիչ, լրագրությամբ եմ վաստակել, ոչ թե գրականությամբ։ Ժուռնալիստիկան գրականությունից ցածր բան չէ։ Ժամանակը սկզբում դառնում է լրագրություն, նոր հետո՝ գեղարվեստական գրականություն։ Ժամանակ է նաեւ պետք դրա համար։ Օրինակ, ես նպատակ ունեմ հետագայում «Անիծվածներ»-ի  հիմքի վրա վեպ գրելու։



- Տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում ի՞նչն է, որ քեզ չի գոհացնում։



- Ամեն մի լրատվամիջոցի թիկունքում կանգնած է մի ուժ՝ կուսակցություն եւ այլն։ Կա ընդգծված իշխանական մամուլ եւ ընդդիմադիր։ Այսինքն ազատ, անկողմնակալ հայացքը տեղ չունի։



- Բայց մամուլի էդ վիճակը չի՞ արտացոլում մեր հասարակության երկբեւեռությունը։



- Կա երրորդ ուժի պակաս։ Կա մի զանգված, որը ոչ իշխանությանն է վստահում, ոչ ընդդիմությանը։ Եվ երրորդ ուժին է սպասում։



- Ես այդ բառակապակցությունը լավ չեմ հասկանում, վերջերս նաեւ սկսել եմ հինգերորդ շարասյան հետ խառնել, հիմա հույս ունեմ քեզնից իմանալ, թե ինչ է։



- Երրորդ ուժը մեր երկրին տեր լինելն է։  Մեր ժողովուրդը միշտ փրկչի է սպասում, մեր  ողբերգությունը դա է։ Սպասում ենք, որ մեկը գա՝ մեզ փրկի։ Եվ էդ հատկանիշը մեր էպոսի մեջ արտացոլված է։ Էպոսում պատահական բան չկա։ Սասունցի Դավիթը թող մենակ գնա Մսրա զորքի դեմ կռիվ։ Դա շատ տիպիկ է մեր ժողովրդի համար։ Մեզ ոչ թե փրկիչ է պետք, այլ տեր։ Ու ամեն մեկս պետք է տեր լինի։