Ախպեր ջան, թողեք-գնացեք

Ախպեր ջան, թողեք-գնացեք
«2011-ին մեզ լավ բաներ չեն սպասվում, իշխանություններն արդեն կուտը գցեցին գազի գնի բարձրացման, եւ գազի գնի բարձրացումն անխուսափելի է: Պետք չէ հեքիաթային բաներ պատմել՝ իբր Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է շուկայականից ցածր գներով: Այսօր Հայաստանում գազի գինը համապատասխան է  եվրոպական գներին, ավելին՝ նույնիսկ կան երկրներ, որտեղ ավելի էժան են, դրանք հիմնականում Արեւելյան Եվրոպայի երկրներն են»,-«Հայելի» ակումբում հայտարարեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:



«Այսօրվանից տարբեր պարենամթերքների գները եւս բարձրանալու են, ինչը կրկնապատիկ «էֆեկտ» է ունենալու Հայաստանի տնտեսության վրա»: Մեր կառավարությունը, Ասատրյանի բնորոշմամբ, չի համարում, որ ինքը ինչ-որ անելիք ունի գնաճը զսպելու համար: Մինչդեռ գնաճի խնդիրը հուզում է  ՀՀ բոլոր քաղաքացիներին, քանի որ, ըստ տնտեսագետի, նախորդ տարվա 9,5 տոկոս գնաճն «աննախադեպ» էր: ԿԲ նախկին նախագահի պնդմամբ՝ գնաճի հիմնական պատճառը այս իշխանությունների «ապաշնորհ տնտեսական քաղաքականությունն է»:



«Որոշակի դերակատարություն ունեցան արտաքին գործոնները, միջազգային գները, բայց դրանց ազդեցությունը սահմանափակ է: Քանի որ Արեւելյան Եվրոպայում նման բարձր գներ չեն եղել: Աշխարհում եթե որեւէ ապրանքի գին բարձրանում է, Հայաստանում էլ է բարձրանում, եթե իջնում է՝ Հայաստանում չի իջնում»:



Ասատրյանը հիշեցրեց, որ Հայաստանը գնաճի մակարդակով ԱՊՀ երկրների ցուցակում երկրորդն է, նաեւ՝ մտնում է երկրների տասնյակի մեջ: «Հայաստանի կոռումպացված համակարգն ու մենաշնորհն ակնհայտ են: Դաշտը բաժանված է, կա բարձր պաշտոնյա՝ հավանաբար նախագահը, կամ ՀՀԿ-ն էլ կարող է դերակատարություն ունենալ, ինքը քվոտաներ է տալիս. բիզնեսմեն Պողոս, արի, էսքան աշխատի, էսքան եկամուտ ունեցի, որոշակի գումար է բերվում կուսակցական կասսա, ընտրությունների համար ընտակաշառքների ֆոնդ է ստեղծում եւ այլն...»:



Ասատրյանը նկատում է, որ դաշտից դուրս են մղվում փոքր եւ միջին բիզնեսը, մինչդեռ խոշոր բիզնեսները երբեւէ չեն տուժում: «Էս երկրում մեկն է մտածում՝ պապան, երբ նա որոշի, այդ ժամանակ կփոխվի իրավիճակը»,-եզրահանգում է տնտեսագետը:



ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ «աչքալուսանք» է տալիս. 2011-ին էլ գնաճն անխուսափելի է լինելու՝ պայմանավորված սկսվող պարենային ճգնաժամով: Հետեւաբար, նրա համոզմամբ, գնաճի զսպման մեխանիզմները, գնաճի դեմ ուղղված քայլերը նախ պետք է արտահայտել գյուղատնտեսության ոլորտում:



«Մեր օրենքով գնաճը կարգավորում է ԿԲ-ն, բայց փաստը ցույց տվեց, որ ԿԲ-ի ռեսուրսները բավարար չեն»: «Գնաճի խնդիրն ամբողջովին դրված է ԿԲ-ի վրա, որովհետեւ կառավարությունը ձեռքերը լվացել ա, պառլամենտ էլ՝ դե մենք չունենք»,-Հակոբյանին Ասատրյանը հորդորեց չարդարանալ՝ հավելելով. «Տարվա ընթացքում ԿԲ-ն վատնել է մեր փողը, նա գնում է այն մեթոդներին, որն արգելված է օրենքով: Պետք է գնալ լողացող քաղաքականությանը»: Ասատրյանի հաշվարկներով՝ գնաճը հաջորդ տարի նշված շեմից ավելի բարձր է լինելու, ինչի հետեւանքով մեծանալու է արտագաղթը: «Անցյալ տարվա ընթացքում արտագաղթել է 65 հազար մարդ, սա իշխանության տաղանդավոր քաղաքականության արդյունքն է»:



«Երբ պարոն Ասատրյանն իշխանության էր՝ միլիոններով են գնացել»,-հիշեցրեց Հակոբ Հակոբյանը: «Հայաստանում ծանր պատերազմական տարիներ էին. այո, գնացել են, ես չեմ արդարանում, բայց այսօր անկարելի է հանդուրժել այսպիսի վիճակ»,-պատասխանեց Ասատրյանը եւ հավելեց. «Իշխանությունն ի վիճակի չէ որեւէ խնդիր դնել եւ լուծել, ձեր աշխատաոճն է, ախպեր ջան, բարի եղեք՝ հեռացեք»: «Մենք հրաժարական չենք տա, քանի որ կատարում ենք մեր քաղաքական ծրագրերը, ինչպես նաեւ փոխարինող չունենք»,- սրամտեց Հակոբ Հակոբյանը:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ