Քաղաքապետարանում դեռ հունի մեջ չեն ընկել

Քաղաքապետարանում դեռ հունի մեջ չեն ընկել
Երեկվանից Երեւանի քաղաքապետարանն անցավ աշխատանքային նոր ռեժիմին: Պաշտոնապես հաստատվեց նրա կառուցվածքային փոփոխությունների ծրագիրը, ըստ որի` քաղաքապետարանի նոր կառուցվածքը նախորդից տարբերվում է ընդամենը երկու վարչության ստեղծմամբ եւ այլ վարչություններում բաժինների բացմամբ: Եվ որ ամենակարեւորն էր՝ այս բարեփոխումների շրջանակում  Կարապետյանը «սեփական» տեղակալ կունենա՝  «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին փոխտնօրեն Վահագն Առաքելյանին:



Նախ՝  նորաստեղծ վարչությունների  մասին: Ստեղծվել է վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման վարչություն: Նոր վարչությունը վարչական շրջանների ղեկավարների խստագույն վերահսկիչն է լինելու: Նորաստեղծ է նաեւ զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչությունը: Սա, կարճ ասած, բիզնեսմենների ՊՊԱ-ն է լինելու: Ըստ Կարեն Կարապետյանի՝ սրա նպատակն այն է, որ ներդրում կատարող բիզնեսմեններն իրենց ապահով զգան: Նոր բաժին է ստեղծվել իրավաբանական վարչությունում՝  բնակիչների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության բաժին:



Կարապետյանի մեկնաբանմամբ՝ այստեղ «պետք է ամփոփվեն  բնակիչների բողոքները, պրոբլեմները, բնակիչների իրավունքների ոտնահարման դեպքերը եւ լուծում տրվեն դրանց»: Հավանաբար այս բաժնի առաջին այցելուները կլինեն  փողոցային առեւտրականները, որոնց ոստիկանների միջոցով քաղաքապետարանն ապամոնտաժում է փողոցներից, առանց նախապես տեղով ապահովելու:



ԱՐԵՅԱՆՆ ՈՒ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԳՈՀ ԵՆ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԻՑ



Օրակարգի 2-րդ կետը Վահագն Առաքելյանն էր, որի թեկնածությունը քաղաքապետը ավագանու դատին հանձնեց նրան դիֆերամբ ձոնելուց հետո. «Շատ հմուտ  ու արդյունավետ ֆինանսիստ է, ես անձամբ իրա հետ աշխատել եմ, երեւի մի քիչ էլ ամպագոռգոռ թվա` ես համարում եմ Առաքելյանին Հայաստանի լավագույն ֆինանսիստներից մեկը: Երկրորդ՝ ինքը շատ բարոյական եւ ազնիվ մարդ  է»: Այս խոսքերից քարացած՝ ավագանին միաձայն հաստատեց նրա թեկնածությունը, ինչից հետո քաղաքապետը հրաժեշտ տվեց՝ ֆիքսելով, որ արդյունավետ աշխատեցին:



Արարողության ավարտից հետո նորանշանակ տեղակալը հայտնվեց լրագրողների ճիրաններում եւ մի քանի միտք արտահայտեց: Ասաց՝ միտում չի նկատում, որ Կարապետյանը «ՀայՌուսգազարդի» կադրերին քաղաքապետարան է բերում, ու որպես ապացույց նշեց, որ ինքն ավելի վաղ է «ՀայՌուսգազարդից» դուրս եկել: Չնայած լրագրողները դեռ հարցեր ունեին, սակայն քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության նորանշանակ պատասխանատու Արթուր Գեւորգյանը դեմքի անհանգիստ միմիկայով  շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ ի նշան ճեպազրույցի ավարտի, ապա հավելեց, թե՝ «թողեք մի քիչ հունի մեջ մտնի մարդը, նոր պատասխանի»:



Այս պահվածքից ակնհայտ դարձավ, որ Առաքելյանի նորաթուխ պաշտպանը, որը  մեկ շաբաթ է, ինչ նշանակվել է այդ բաժնում, դեռ հունի մեջ չի ընկել: Չի հասկացել, որ իր գործառույթները չինովնիկի ու լրագրողի միջեւ ոչ թե «բլոկ դնելն» է, այլ՝ ճիշտ հակառակը:  Չնայած երիտասարդի թախանձանքներին, լրագրողները շարունակեցին հարցեր ուղղել Կարեն Կարապետյանի  վստահությանն արժանացած պաշտոնյային:



Հարցին,  թե ինչպես է վերաբերվում այն գնահատականներին, որ իրեն քաղաքապետարան են բերել որպես Կարապետյանի «մարդ», ու  այդ տրամաբանությամբ իրեն են վստահել առանցքային ոլորտները, պատասխանելու փոխարեն հարցրեց. «Ո՞նց եք ենթադրում՝ քաղաքապետը աշխատի տեղակալի հետ, ում չի՞ վստահում, եթե կան տեղակալներ, բոլորին էլ վստահում ա: Ինձ թվում է՝ տարբերակված մոտեցում չկա»: Քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանին նույնպես հարցրինք այս փոփոխությունների վերաբերյալ իր կարծիքը: «Ամեն ինչ նորմալ է, ոչ մի բան չի փոխվել»,-ասաց նա:



- Ձեր գործառույթները չե՞ն նվազել:



- Ոչ, ավելացել են: Մենք պետք է կազմակերպենք աշխատանքը, ֆունկցիաների փոփոխություն չի եղել: Դրական առումով՝ այո: Հիմա իմ ֆունկցիաների մեջ ավելացել են այն ֆունկցիաները, որոնք չեն եղել, եւ ինձ թվում  ա՝ ավելի կազմակերպված աշխատելու ենք:



- Գո՞հ եք վերաբաշխումից, Ձեզ տրված ոլորտներից:



- Այո գոհ եմ: