Մոնիտորինգն այս անգամ նույնպես առանց վիզուալ շփման

Մոնիտորինգն այս անգամ նույնպես առանց վիզուալ շփման
Երեկ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական շփման գծի Կայան-Բալա Ջաֆարլի հատվածում ԵԱՀԿ հերթական մոնիտորինգն էր` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովի, Ժեսլան Նուրտազինի, Ուիլյամ Պրիորի (հայկական կողմից), Իմրե Պալատինուսի եւ Անտալ Կորտիչի (ադրբեջանական կողմից) մասնակցությամբ:



Հինգ րոպեանոց մոնիտորինգն անցավ առանց արտակարգ պատահարների, բայց կրկին առանց վիզուալ հանդիպման: Այս անգամ նույնպես ադրբեջանական կողմը հրաժարվել էր անմիջական հանդիպումից: Ինչպես լրագրողներին ասաց ՊՆ Գլխավոր շտաբի ներկայացուցիչ գնդապետ Մկրտումյանը, փաստերը վկայում են, որ ադրբեջանական կողմը լուրջ չի մոտենում մոնիտորինգի անցկացմանը: «Մենք եզրակացնում ենք, որ նրանք հարկադրաբար են մոտենում դրան»,-ասաց գնդապետը` հիշեցնելով Ադրբեջանի կոզմից 2009թ. չորս եւ 2010թ. երկու տապալված մոնիտորինգները: Հայկական կողմի առաջարկները` մոնիտորինգներն անցկացնել միակողմանի, 1-2 օրով, ինչպես նաեւ վերականգնել գծալարային հեռախոսակապը զորամասի հրամանատարերի միջեւ` Իջեւան-Ղազախ սահմանահատվածում, ադրբեջանական կողմից մերժման են արժանացել: Մոնիտորինգի ընթացքում քննարկվել է նաեւ հայ գերիների վերադարձի հարցը: ԳՇ ներկայացուցչի խոսքով, սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները: Եթե 2009 թվականին գրանցվել է մոտ 4500 դեպք, ապա 2010-ին` 7300: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հրադադարի խախտման դեպքերը տարեցտարի ավելանում են: Նույնն է նաեւ դիպուկահարների դեպքում: 2009թ.-ին արձանագրվել է դիպուկահարների կողմից իրականացված գործողությունների 1800 դեպք, 2010-ին` մոտ 2000:



Միայն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ադրբեջանական դիպուկահարները գործել են 192 անգամ, հայկական կողմը տվել է 1 զոհ եւ 2 վիրավոր: Ի հակառակ սրա, գնդապետի տեղեկացմամբ, հայկական կողմը հակառակորդի կրակին պատասխանում է միայն ծայրահեղ դեպքերում, ստիպված: «Մենք պարզապես փորձում ենք պահպանել հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը եւ պատասխանում ենք ծայրահեղ դեպքերում»: Իսկ թե որոնք են ծայրահեղ դեպքերը, ՊՆ ներկայացուցիչը չմեկնաբանեց: Երեկվա մոնիտորինգի ժամանակ հայկական կողմը բարձրացրել է նաեւ հայ գերիների վերադարձի հարցը: Լրագրողի հարցին, թե մոնիտորինգները կարծես կորցնում են արդյունավետությունը, ուստի ի՞նչ իմաստ ունի դրանք շարունակել, գնդապետ Մկրտումյանը պատասխանեց, որ իրենք խնդրել են ԵԱՀԿ ներկայացուցիչներից` վերանայել մոնիտորինգի հարցերը, մտցնել տեխնիկական եւ այլ փոփոխություններ: Թե ինչ կտան այդ փոփոխությունները, եւ արդյոք դրանք կլինեն, պարզ կդառնա որոշ ժամանակ անց: Իսկ մինչ այդ արդեն գարուն է, եւ սահմանամերձ Տավուշի հողագործներից շատերը ստիպված են լինելու իրենց գարնանային աշխատանքները կատարել ադրբեջանական դիպուկահարների նշանառության ներքո` վտանգելով իրենց կյանքը: