Ազգս միասնական էր ու հզոր

Ազգս միասնական էր ու հզոր
Շատ գեղեցիկ էր Ռաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության ողջ վերնախավի ժամանումը հանրահավաքին: Ժողովուրդը նրանց մեծ ոգեւորությամբ ընդունեց:



Առավոտյան միջազգային իրավունքից քննություն հանձնեցի:



Ամենաշատը այս առարկայից էի անհանգստանում, բայց հաջողացրի` ստացա: Ի տարբերություն ինձ, կուրսեցիներիցս շատերն այդպես էլ չկարողացան մասնակցել քննությանը, քանի որ իրավապահ մարմինները մարզերից եկող երթուղայինների ճանապարհը փակել էին, եւ չնայած դասընկերներս ամեն ինչ փորձել էին, անգամ ուսանողական տոմսեր էին ցույց տվել, նրանց միեւնույն է՝ քաղաք չէին թողել: Քննությունից դուրս եկա 5-ին մոտ էր` միտինգային ընկերներս արդեն վաղուց ինձ էին սպասում, շտապ փողոցն անցանք, տաքսի բռնեցինք, վարորդը լսելով, որ մեզ միտինգ է տանելու, միանգամից ոգեւորվեց: Տեղ հասնելուն պես շրջվեց ինձ ասաց. «Սրանց հերն էլ անիծած, հեսա ավտոս թողնեմ, ես էլ գամ»:



5:30 ժողովրդի եւ ոստիկանների միջեւ բախում եղավ մատենադարանի եւ պոնչիկանոցի արանքում ընկած փողոցի հատվածում: Ես մի պահ շփման գոտում հայտնվեցի. մի կողմից ցուցարարներն էին հրում, մյուս կողմից ոստիկանները: Անկեղծ ասած՝ շատ վախենալու էր: Մեր ընտանիքը միշտ քաղաքականացված է եղել: Իմ առաջին գիտակից միտինգներին եղել եմ դեռ 12-13 տարեկանում: Երբեք չեմ մոռանա իմ վրդովմունքը, երբ առաջին անգամ նկատեցի, որ ցույցին մասնակցողների 90%-ն ուղղակի չի լսում հարթակից խոսողներին: Բայց միանում են, երբ սկսվում են վանկարկումները, կամ երբ ինչ-որ հատու խոսք է լսվում, ասենք` «մենք պահանջում ենք…»: Նույնն էր նաեւ երեկ: Չնայած նրան, որ ներկաների, երեւի, 80%-ին սոցիալական խնդիրներն էին դրդել մասնակցել այս հանրահավաքին, բայց հաշվի առնելով, որ այսօր մարտի 1-ն էր, ինչպես նաեւ` Աֆրիկյան մայրցամաքում տեղի ունեցած հեղափոխություններն ու իրադարձությունները եւ երկրի ներսում լարվածության աճը, բոլորն այդ օրվա հետ մեծ հույսեր էին կապում: Պլանավորում էին, որ լավագույն հանգուցալուծումը կլինի ակտիվ քայլերի անցնելը եւ Օպերայի հրապարակը գրավելը, քանի որ հոգու խորքում հավատում էին, որ Մատենադարանում հեղաշրջումներ չեն լինում, որ Օպերան իր մեջ մոգական ուժ ունի, եւ միայն այնտեղ է ժողովուրդը միասնական, հզոր եւ պատմական քայլեր կատարելու ունակ:



Երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ եւս 17 օր է հատկացնում իր պահանջների կատարման համար, շատերը մի պահ հուսալքվեցին, բայց հետո բոլորը ողջունեցին նրա այդ քայլը: Շարքերում քննարկումներ սկսվեցին, որ 17 օրից եւս մի աֆրիկյան հեղաշրջում կլինի, տնտեսությունն ավելի ցավալի իրավիճակում կլինի, էլ չեմ ասում, որ օրերն էլ տաքացած կլինեն. նստացույց անելը հեշտ ու հաճելի կլինի:



Հանրահավաքների ժամանակ ես ամենից շատ երթերն եմ սիրում: Երբ ազգիս ուժն ու համախմբվածությունն առավել ազդեցիկ է լինում: Այսօրվա երթը շարժվեց դեպի Մյասնիկյանի արձան` անմեղ զոհերի հիշատակը հարգելու, ծաղիկներ եւ մոմեր դնելու: Ժողովրդին շրջապատած ոստիկանները չէին տիրապետում իրավիճակին, այս ու այն կողմ ցրված ոստիկանների վրա հրամաններ ու կարգադրություններ էին բղավում իրենց ղեկավարները: Ազգս հզոր էր:



Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆ