Show-ն շարունակվում է, պարոնայք

Show-ն շարունակվում է, պարոնայք
Նախօրեին «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կոալիցիոն հուշագրի մասին գնահատականն ու հայտարարությունը խիստ զայրացրել է ՀՀԿ-ին: Եւ ահա երեկ հայտարարությունների ժամին ԱԺ ամբիոն իջավ հանրապետական Կարեն Ավագյանը՝ հակահարված տալու «Ժառանգությանը»:



Նշենք, որ «Ժառանգության» ղեկավարը առաջարկել էր իրենց մանդատների վրա աչք տնկած կոալիցիային ուտել ընդդիմության մանդատները՝ կոալիցիոն հայտարարությունը գնահատելով «հակասահմանադրական, հակաիրավական մի հուշագիր, որի իմաստը ոչ միայն ժամանակից շուտ` ի խախտումն համապատասխան բոլոր օրենքների, սեփական թեկնածության առաջադրումն էր, այլ պատգամը հասարակությանը, որ՝ «պետությունը ես եմ, եւ իմ դեմ խաղ չկա»: ՀՀԿ-ի պատասխանը չուշացավ: «ԱԺ այս քառօրյան մեկնարկեց մեքսիկական վատագույն սերիալների տրամաբանությամբ»-հայտարարեց երիտհանրապետականը. «Արդեն բոլորին հոգնեցրած սյուժետային գիծը` «մանդատը սիրում է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` ուրիշին», վերակենդանացվեց նոր պաթոսով եւ շեշտադրումներով։ Ֆիլմում հայտնվել է նոր դրական հերոս` կոալիցիոն հռչակագիրը, եւ «Րաֆֆի Հովհաննիսյան-մանդատ» զույգը վերածվել է հիրավի սիրային եռանկյունու: Գլխավոր հերոս Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքական խանդի հողի վրա, վերջնականապես կորցնում է քաղաքական տրամաբանության վերջին նշույլները, եւ բոլորիս հայտնի անեկդոտի հերոսի նման պարբերաբար կրկնում է. «Ինձ մանդատ պետք չէ, ինձ մանդատ պետք չէ»:



Ընկնում է հոգեկան տվայտանքների մեջ, ու խանգարվում այն աստիճանի, որ կարծում է՝ մանդատն ուտելու համար է: Գլխավոր հերոսի ներաշխարհը խառնված է այն աստիճանի, որ համապատասխան սիրո զգացումը ստանում է խմբակային դրսեւորումներ: Որ նրա ողջ քաղաքական ռեսուրսը լծվում է այս հարցի քննարկմանը` հրաժարվի՞ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատից` կոտրելով հեռուստադիտողների սրտերը, թե՞ շարունակի այս մելոդրաման»: Ապա հանրապետականների ծանր հրետանին քաղաքագիտական վերլուծություն արեց ու խորհուրդներ տվեց «Ժառանգությանը». «Վստահ եմ, որ գլխավոր հերոսը հոգու խորքում քաջ գիտակցում է, որ եթե ինքն ու իր կուսակցությունը վերջնականապես բաժանվեն մանդատներից, ապա ընդամենը կլրացնեն արտախորհրդարանական ընդդիմության խայտաբղետ շարքերը եւ ՀԱԿ-ի աչքերում ամբողջությամբ կկորցնեն գործիք լինելու կարեւորությունը»: «Իսկապես, վատ ընդդիմությանը մանդատն է խանգարում: Այդ ամենով հանդերձ, գլխավոր հերոսը Ֆրեդի Մերկուրիի ոգով եւ ոճով դատապարտված է հավերժ կրկնելու. «Show must go on»: Պարոնայք, Show-ն շարունակվում է»,-իր բեմադրած շոուն ավարտեց Կարեն Ավագյանը: Ի դեպ՝ երեկ Ժառանգության ներկայացուցիչները չէին մասնակցում ԱԺ նիստին: