Իսկ ճգնաժամը նաեւ մշակութային է

Իսկ ճգնաժամը նաեւ մշակութային է
Բոլոր այն հարցերի շուրջ, որոնցում խառն է մեր վարչապետի մատը, չգիտես ֆիզիկայի կամ քիմիայի որ օրենքով, հանկարծ աղմուկ է բարձրանում: Հավանաբար դա նրանից է, որ ամենահասարակ, զուտ մարդկային խնդիրները, օրինակ լավ չապրելու գաղտնիքը, Տիգրան Սարգսյանը սիրում է մեկնաբանել Նյուտոնի ու Մենդելեեւի օրենքներով: Մինչդեռ հասարակությանը պետք է պարզ ասվի, որ վատ ապրելու պատճառը վատ իշխանությունն է, եւ դրանով հարցը փակվի:



Հիմա էլ Տիգրան Սարգսյանը որոշել է խառնվել հայ գրերի գյուտին եւ քուչեքն ընկած՝ մշակույթի նոր փոխնախարար է փնտրում: Ասում են` Ռազմիկ Դավոյանի սաբաբությամբ այդպիսի մեկին արդեն ցույց են տվել վարչապետին, ու նա ոչ այն է հավանել է, ոչ այն է` չի հավանել: Բայց թե ոնց է այս շուխուրը դարձել մամուլի քննարկման նյութ, ոչ ոք չգիտի: Ենթադրությունները, թե մշակույթի գերի այդ անձնավորությունը կարող է զբաղեցնել Հասմիկ Պողոսյանի տեղակալի աթոռը, հնարավոր է՝ ծնունդ են մարդկային վառ երեւակայության: Բայց դժվար թե, որովհետեւ, նախ` թեկնածու-էքսպոնատն է ակտիվացել հեռուստաէկրաններին, եւ ապա` այս պատմության հետ կապված, հոլովվում են հասարակությանը հայտնի անուններ, որոնք, եթե ծխի տակ կրակ չլիներ, վաղուց հերքած կլինեին այսպես կոչված՝ ստահոդ լուրերը:



Ինչ թաքցնենք, թեկնածուն, ում մասին սկսել են աղմկել լրատվամիջոցները, մեկ այլ մշակութային մեծության` ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի կյանքի ամենամերձավոր հակառակորդն է` Աբգար Ափինյանը: Մենք սա ընդգծեցինք, որպեսզի, եթե, բան է, Աբգար Ափինյանը փոխնախարար չդառնա, հայ հասարակությունը լավ իմանա, թե ում է պարտական լինելու այդ բարեբախտության համար: Ի դեպ, Լեւոն Անանյանը մի ուրիշ ձեւի է ակտիվացել թերթերում: Եթե դրանք այս հարցում Անանյանի ակտիվության առաջին նշաններն են միայն, ապա պետք է լրջորեն անհանգստանալ, որովհետեւ նախանշաններին հետեւող փոթորիկն է ամենասարսափելին միշտ, եւ չի բացառվում, որ մենք կարող է ականատեսը դառնանք հայ մշակույթի վերջնական ոչնչացման ու թաղման տխուր արարողությունների:



Այն էլ ասենք, որ չնայած գրականագետի եւ գրողի միջեւ այս արտառոց «ջերմ» հարաբերություններին, գրականագետը, սա խիստ հազվադեպ է պատահում, պայքարի գործիքների ընտրության հարցում արդեն փորձում է հետ չմնալ գրողից: Ասվածը, թերեւս, կարելի է վերագրել այն բանին, որ երկուսն էլ Հայաստանի գրողների միության օդն են շնչել: Հետեւաբար զարմանալի չէ նրանց գործողությունների նմանությունը հատկապես մամուլի հետ կապված հարցերում: Երկուսն էլ մամուլի հետ բանավեճերում նախընտրում են դիմել դատական իշխանություններին: Սա խոսում է այն մասին, որ երկուսն էլ հասարակության կողմից ընդունված դեմքեր չեն եւ մամուլով էլ ասելիք չունեն: Այ` թերթ դատի տալու, աղմուկ հանելու, իրենց վրա հարկադրված ուշադրություն գրավելու մեծ վարպետներ են: Ուրեմն հատկապես ցավալի է, որ նմանների մենամարտում է որոշվում, խեղճ հայ ժողովուրդ, քո մշակույթի հետագա ընթացքը:



Եվ ինչո՞ւ միայն նմանների: Իսկ Տիգրան Սարգսյա՞նը: Հարգարժան պարոն վարչապետ, Դուք ուրիշ բանուգործ չունե՞ք, որ հիմա խառնվել եք ժողովրդի գլխին «մարքրիտ» սաղացնելու այս խաթաբալային: Դուք Աբգար Ափինյան անունով մշակույթի գործի՞չ եք ճանաչում, որ նրան ձեր առանց այն էլ չնաշխարհիկ կառավարության մեջ մշակույթի փոխնախարար եք ուզում վերցնել: Հասմիկ Պողոսյանին վերեւից են իջեցրել, հասկացանք, բայց ո՞ր օրենքն է գործում, ասացեք խնդրեմ, Աբգարի դեպքում: Գուցե վաննայի մեջ ընկղմված Արքիմեդի՞: Աբոյին դրեցիր մշակույթի նախարարության վաննան` նա իր մասսային համեմատ մշակույթ է արտամղելու վաննայից: Ճգնաժամի հաղթահարման այս փուլում սա Ձեզ պե՞տք է:



Թերթերը նայե՞լ եք, ինտերնետ մտե՞լ եք վերջերս: Հեռուստացույցով ասացիք, որ շատ ակտիվ բլոգեր եք: Ուրախ ենք: Աբգար Ափինյանի հետ կապված արձագանքներին ծանո՞թ եք: Եթե այո, ապա քաջություն ունեցեք կանգնել հրապարակում եւ պարզ, մարդկային լեզվով ասել` որ ուզեցել եք Ձեր զեմլյակի համար (Վանաձոր) մի լավ բան անել: Ժողովուրդը սա կըմբռներ: Բայց երբ մամուլի բերանն եք տալիս մարդուն, իսկ ինքներդ լռում, թե` «յա տուտ նե պրիչյոմ», հազար ու մի բաներ են տեղի ունենում, որոնք ոչ միայն Ձեզ ու Ձեր «մարքրիտին» են հարվածում, այլեւ ողջ մի ոլորտի, տվյալ դեպքում, հազար ափսոս, մշակույթին:



 



Աշոտ ՍԱՀԱԿՅԱՆ