Սովորական կոռուպցիայի դրսեւորում կամ բթացած բյուրոկրատիա

Սովորական կոռուպցիայի դրսեւորում կամ բթացած բյուրոկրատիա
ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածով՝ «Յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Սոցիալական ապահովության ծավալն ու ձեւերը սահմանվում են օրենքով»։



Այս մասին հավանաբար գիտեն նաեւ ԲՍՓՀ գործակալությունում եւ բուժհաստատություններում, սակայն երբ դիմում ես ինչ-որ հարցով, ջանում են ամեն կերպ գլուխներն ազատել եւ այդ նպատակով, այսպես ասած՝ «նոր օրենք» են հնարում։



Պարբերական հիվանդ եմ։ Դիմեցի Երեւանի 14-րդ պոլիկլինիկա՝ հաշմանդամության սոցիալական խումբ ստանալու խնդրով։ Նախ դիմեցի տիկին Սվետին (Սվետլանա Մարգարյան՝ թերապեւտ, տեղամասային բժշկուհի)։ Սվետը ջանաց ամեն կերպ համոզել, որ ինձ հաշմանդամության խումբ «չի հասնում», եւ մի բան էլ ավելացրեց. «Առանց դրա էլ պոլիկլինիկայում սպասարկումն անվճար է»։ Տեսնելով, որ չեմ հավատում անվճար բուժսպասարկման առասպելին՝ ուղարկեց Ե. Ռուստամյանի՝ պոլիկլինիկայի վարիչի փորձաքննության գծով տեղակալի մոտ։ Պարզվեց, որ Ռուստամյանն այնքան անտեղյակ էր իրենց «օրենքներից», որ,  հակառակը պնդեց. «Քեզ հաշմանդամության կարգ հասնում է, անգամ անվճար բուժման ուղեգիր է հասնում»։ Այս լսելով՝ Սվետն իրար անցավ ու որոշեց խորհրդակցել Թ. Գրիգորյանի՝ պոլիկլինիկայի վարիչի բուժգծով տեղակալի հետ։ Նա նույնպես փորձեց համոզել, թե իբր նոր օրենքի համաձայն ինձ հաշմանդամության կարգ չի հասնում։ Պոլիկլինիկայում գրեթե բոլորն էին հիշում  «նոր օրենք» դարձվածքը, սակայն երբ հարցնում էի, թե այդ ինչ նոր օրենք է, ինչ իրավահարաբերություն է կարգավորում, երբ եւ ում կողմից է ընդունվել ու վավերացվել, պատասխան չկար։ Բժիշկների դռները չափչփող մի տարեց բախտակից ինձ բացատրեց. «Այդ «նոր օրենքը» բժիշկների փող ուզելու տեխնոլոգիական հնարքն է, որով մերժվում են այն հիվանդները, որոնք չեն ուզում փող տալ իրենց արդեն հաստատված հիվանդությունը նորից հաստատելու համար»։



Այդպես էլ եղավ։ Իմ հիվանդությունը հաստատված է գենետիկ վերլուծության եզրակացությամբ, որի հիման վրա ազատվել եմ պարտադիր զինծառայությունից, բայց ստիպված եղա նորից վճարովի հետազոտություն անցնել։ 1-ին հիվանդանոցի կողմից տրված թարմ եզրակացությամբ վերստին  հաստատվեց պարբերական հիվանդությունս, եւ Սվետը վերջապես ուղեգիր գրեց ԲՍՓ հանձնաժողովում փորձաքննություն անցնելու համար։ Իսկ այնտեղ պարոն Բաբասն էր (Ա. Բաբասյան՝ N2 ԲՍՓ հանձնաժողովի նախագահ)։ Հանձնաժողովն ինձ հաշմանդամ չճանաչեց։ Երբ պահանջեցի հիմնավորել հանձնաժողովի կայացրած որոշումը, Բաբասն ասաց. «Դա կառավարության 780 որոշումն է, հիմա մոտս չունեմ, թե չէ ցույց կտայի»։ Ես օրենքով սահմանված կարգով բաղոքարկեցի ԲՍՓ հանձնաժողովի կայացրած որոշումը։ Նոր փորձաքննության օր նշանակվեց՝ 14.03.2011թ., այս անգամ արդեն ԲՍՓ կենտրոնական հանձնաժողովում՝ Մ. Վանյանի մոտ։



Առայժմ չեմ կարող վստահաբար պնդել, թե ինչի հետ եմ բախվել՝ սովորական կոռուպցիայի՞, մասնագիտական անպատասխանատվությա՞ն, մարտնչող տգիտությա՞ն, թե՞ բթացած բյուրոկրատիայի։ Բայց աշխատանքի եւ սոցապահովության ու առողջապահության նախարարությունների ենթակա հաստատությունների աշխատակիցների մոտ մի ընդհանուր բան կար՝ վախը։ Ինչի՞ց էին վախենում՝ առանց կաշառք վերցնելու իրենց գործն անելու խայտառակությունի՞ց, վերադասի նկատողությունի՞ց, օրենքի՞ց, թե՞ աճող հասարակական դժգոհությունից։



Հակոբ ՄԿՐՏՉՅԱՆ