Իսկ ո՞րն էր բուն պատճառը

Իսկ ո՞րն էր բուն պատճառը
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Հովհաննես Թամամյանի պաշտոնաթողությունը, որը ճակատագրական եղավ նրա ընտանիքի համար (հայրն ինքնասպան եղավ, ասում են՝ 81-ամյա ծերունին ծանր է տարել ոչ թե որդու պաշտոնաթողությունը, այլ ամոթի ու վիրավորանքի զգացում է ունեցել որդու համար եւ որդու փոխարեն), այլեւ անսպասելի էր շատերի համար:



Թամամյանը այս իշխանություններին ամենից շատ ծառայություններ մատուցած անձանցից է, բոլոր ընտրությունների ժամանակ, մարտի 1-ին ակտիվ դերակատարում է ունեցել եւ անգամ Լեւոն Ղուլյանի «ինքնասպանությունը» մարսեց, բայց եկավ ոտը քարին առավ ամենաանմեղ տեղում: Պաշտոնաթողության առաջին օրերին հայտնի դարձավ, որ նրան ազատել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանի քրոջ որդու վրա սպանության մեղադրանք բարդելու համար: Ըստ նախնական լուրերի, իրական մարդասպանին հանել էին գործից եւ մեղադրանքը դրել Շահինյանի զարմիկի վրա:



Իսկ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վ.Ադամյանին ազատել են գլխավոր դատախազի միջնորդագրի հիման վրա, որը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին է դիմել վերջիններիս «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» մասին միջնորդելով: Խոսքը 2010 թվի մայիսի 12-ին Կոմիտասի պողոտայի թիվ 17 շենքի մոտ սպանվել էր 23-ամյա Խաչիկ Մկրտչյանը:



Դատախազությունը գրում է. «ՀՀ քր.օր-ի 104-րդ, 235-րդ եւ 308-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. մայիսի 12-ին Արսեն Ահարոնյանի, Պետրոս Գրիգորյանի եւ չպարզված անձանց հետ՝ Խաչիկ Մկրտչյանի, Հայկ Սանդալջյանի, Արթուր Փոխարյանի ու Նարեկ Օհանջանյանի խուլիգանական գործողությունների ընթացքում նախ Խաչիկ Մկրտչյանի կողմից Արսեն Ահարոնյանին ու Պետրոս Գրիգորյանին հրազենային վնասվածքներ պատճառելու, այնուհետեւ Արսեն Ահարոնյանի կողմից հրազենի գործադրմամբ Խաչիկ Մկրտչյանին սպանելու կապակցությամբ հարուցված ու ներկայումս Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում միտումնավոր կերպով խեղաթյուրվել են դեպքի փաստական հանգամանքները, որի արդյունքում Խաչիկ Մկրտչյանի սպանությունն իրականում կատարած՝ Երեւանի Նիկոլ Դումանի փողոցի 40-րդ տան բնակիչ Վռամ Սամվելի Բաղդասարյանն այդ գործով կանչվել է ընդամենը որպես վկա՝ դրանով իսկ խուսափել քրեական պատասխանատվությունից»։ Իսկ դեպքից անմիջապես հետո հայտարարվեց, որ այդ սպանությունը բացահայտված է եւ այն կատարել է Արսեն Ահարոնյանը, որը Շահինյանի քրոջ որդին է:



Փաստորեն, մեկ տարի անց, դատարանը պարզել է, որ սպանությունը Ահարոնյանը չի իրականացրել եւ սկսվել է Հովիկ Թամամյանին գահընկեց անելու գործընթացը: Դատախազության միջնորդագրում այլ, չբացված ակնարկներ էլ կան «ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատանքում տեղ գտած թերությունների, բացթողումների, կեղծիքների, աղավաղումների մասին»: Բայց սրանք, ինչպես ասում են, եզն ընկավ դանակավորը շատացավ, շարքից է: Մանավանդ երբ կարդում ենք միջնորդագրի հաջորդ պարբերությունը. «Բացի այդ, նկատի ունենալով, որ Հ.Թամամյանը եւ Վ.Ադամյանն իրենց զբաղեցրած պաշտոններին մնալով, կարող են խոչընդոտել քրեական գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության իրականացմանը, ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել է ՀՀ ոստիկանության պետին՝ քննարկել ներկայացված միջնորդագրում արծարծված հարցերը, եւ լուծել այդ խախտումները թույլ տված պաշտոնատար անձանց, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության պետ Հովհաննես Թամամյանի եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը»։



Սակայն կատարվածն այլ ենթատեքստ էլ ունի: Մարդիկ սա ընկալել են որպես ռեժիմին նվիրված մարդկանց ոչնչացնելուն ուղղված գործընթաց: Նախ, Գագիկ Բեգլարյանն էր, որին չներեցին մի շարքային վրիպում, հիմա էլ Հովիկ Թամամյանը, որի տեսակետը ոչ ոք չի լսել եւ հայտնի չէ, թե նա ինչ կասի՝ ի պաշտպանություն իրեն: Գուցե կասի, որ նման պրակտիկա ոստիկանությունում գործում է անհիշելի ժամանակներից եւ անարդար քննությունների փաստեր միշտ են եղել: Անգամ կարող է վերհիշել, թե ինչպես էր նույն դատախազության կողմից անմեղ մի երիտասարդ մեղադրվել անչափահասի բռնաբարության եւ սպանության մեջ, իսկ 6 տարի նստելուց հետո՝ երբ իրական հանցագործը բռնվեց, գլխավոր դատախազն ինքը ներողություն խնդրեց այդ տղայից:



Իսկ ովքե՞ր պատժվեցին, համենայն դեպս, ոչ մի լուրջ պաշտոնյա: Ասենք, ինչո՞ւ աշխատանքից չազատվեց մարզի դատախազը կամ քննչականի պետը: Այս դիտարկումներն արած մարդիկ մի տխուր հետեւության էլ են հանգել՝ ռեժիմը իր հավատարիմ անձանց չի պաշտպանում: Հակառակը՝ երբ առիթ է ստեղծվում, պատժում է ավելի խիստ, քան կպատժեր իր թշնամիներին:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ