Սրա անունն է վերակարգ

Սրա անունն է վերակարգ
«Մամա ջան, էս ուր եմ ընկե՜լ»,- Ֆրունզիկ Մկրտչյանի նման ուզում էի բացականչել ես, երբ հեռուստացույցը միացնելով տեսա, որ եթերում հայտնի Բազազն է՝ Ռոբերտ Մելքոնյանը: Էկրանը լավ էլ սիրունացնում է՝ մտածեցի առաջին պահին: Հետո հասկացա, որ դա էկրանից չէ, այլ այն ջանքերից, որ գործադրում է գնդապետ Մելքոնյանը էկրանից գրագետ ու գեղեցիկ երեւալու համար: Համ էլ ոստիկանական գլխարկն ու մահակը չկային՝ երեւի դրանից էր: Եվ ինչ կիրթ ու վարժ էր խոսում: Ուր էր թե մեր իշխանավորներն էսքան խոսել իմանային: Անգամ քաղաքական գնահատականներ էր տալիս: Դե, օրենքի հերն էլ անիծած, հետո՞ ինչ, որ «Ոստիկանության մասին» օրենքն արգելում է քաղաքականությամբ զբաղվել: Ոչ ոք ինձ չի համոզի, որ երբ մարդն ասում է՝ «կառավարության շենքի մոտ հավաքվածները ժողովուրդ չեն, ամբոխ են»: «Սրանք խաբված են, «Ժառանգությունը» քաղաքական խնդիր է լուծում»: «Լավ էլ սկսել ենք ապրել» եւ այլ արտահայտություններ քաղաքական ելույթ չեն եւ մտնում են ոստիկանի անմիջական պարտականությունների մեջ: Բայց եթե մի եզակի անգամ բողոքի ակցիայի մասին արված ռեպորտաժը «Հայլուրը» կարող է այնպես ցուցադրել, որ հեռուստադիտողը խղճա ոստիկանին ու ԱԺ պատգամավորներին «գել ու գազանի» տեղ դնի, ապա ինչո՞ւ չի կարող Բազազն էլ քաղաքականությամբ զբաղվել եւ ցերեկը՝ հրապարակում, երեկոյան՝ հեռուստատեսությամբ պաշտպանել հայրենի իշխանություններին: Իսկ եթե ավելի ստույգ եք ուզում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել երեկ կառավարության շենքի մոտ, բավական է կարդալ ոստիկանության տարածած հաղորդագրությունը, թե՝ «հասարակական կարգի ապահովման նպատակով սահմանվել է վերակարգ»: Վերակարգը երեւի ժողովրդին ջարդ ու փշուր անելն է, պատգամավորներին քացու տակ գցելը եւ բողոքի ելած մարդկանց մահակներով ցրելը: