Հատո՞ւկ են անում

Հատո՞ւկ են անում
Երբ հետեւում ես հայրենի իշխանությունների վարք ու բարքին, տպավորություն ես ստանում, թե որոշել են մանր ու միջին բիզնեսը հիմնովին արմատախիլ անել մեր երկրից: Այնպիսի եռանդով ու մանրակրկիտությամբ են պայքարում մարդկանց ապրելու իրավունքի դեմ, այնպես են փորձում հողը մարդու ոտքի տակից տանել, որ այլ բան մտածել անկարող ես: Երբ փողոցում կանաչի վաճառող տատիկին ուղարկում են շուկաներ, այդ նույնն է, որ նրան զրկեն իր կանաչին վաճառելու եւ ըստ այդմ՝ ապրելու իրավունքից: Երբ վրացական համարանիշներով մեքենաներ վարողներին պարտադրում են մաքսազերծել իրենց մեքենաները՝ վճարելով 3-5 հազար դոլար, նրանց ուղղակի զրկում են մեքենա վարելու իրավունքից: Իսկ նրանց մեծ մասի համար մեքենան նաեւ ընտանիքը կերակրող միջոց է: Երբ Թուրքիայից բերվող հագուստի մեկ կիլոգրամի դիմաց բեռնափոխադրման գինը 4-ից դարձնում են 6 դոլար եւ զգուշացնում, որ առաջիկայում դառնալու է 8, այդ գործով զբաղվող կանանց, փաստորեն, զրկում են ընտանիք պահելու հնարավորությունից: Եվ ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչ բացատրություն ունի այս քաղաքականությունը, ինչին է միտված: Գուցե սա հատո՞ւկ է արվում: Ասենք, ինչ-որ կառույցների, օտար պետությունների թելադրանքով է: Իսկ գուցե սոցիալական վիճակը սրելու, բողոքի ալիք բարձրացնելո՞ւ: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ իրենք իրենց նստած ճյուղն են կտրում: Բայց դե ի՞նչ իմանաս: Մանավանդ երբ հիշում ես, որ վարչապետի երեք զավակներն էլ այլ երկրի քաղաքացիներ են, նա անշարժ գույք եւ սեփականություն ունի եվրոպաներում: Ասել կուզի՝ նահանջի տեղ: Շատ հնարավոր է, որ հանձին երկրիս կառավարության ղեկավարի՝ մենք գործ ունենք «Արմեն Հարությունյան-2» երեւույթի հետ: