Կրակը մարելու փորձեր

Կրակը մարելու փորձեր
Արտերկիր կատարած ուղեւորություններից հազիվ վերադարձած Սերժ Սարգսյանը երեկ տնտեսության խնդիրներին նվիրված խորհրդակցություն էր հրավիրել՝ տնտեսական բլոկի պատասխանատուների մասնակցությամբ: Այդ խորհրդակցության ժամանակ հնչած հարցադրումներն ու ելույթը որոշ դիտարկումների առիթ դարձան: Նախ այն, որ երկրի նախագահը ստիպված է կառավարության ղեկավարի գործառույթներ ստանձնել: Ինչո՞ւ է ստիպված՝ քանի որ կառավարության ղեկավարը եւ ընդհանրապես՝ կառավարությունը, մեղմ ասած, գործունակ չէ եւ իր տեղում չէ: Ապա մտածեցի՝ որ խոսում է այն մասին, որ իսկապես մեր տնտեսության վիճակն աղետալի է (որքան էլ Տիգրան Սարգսյանը թոզ փչի մեր աչքերին), եւ էքստրեմալ քայլերի կարիք կա, ինչի մասին իր խոսքում ասել է նաեւ Սերժ Սարգսյանը: Եզրակացրի նաեւ, որ երկրի ղեկավարը վերջապես զգացել է այս կառավարության գործողություններից ակնկալվող աղետալի հետեւանքների վտանգը եւ, այսպես ասած՝ հրշեջի գործառույթներ է ստանձնել, քանի դեռ ուշ չէ: Չնայած բարձր կաբինետներում փակված, սակայն նա էլ է զգում, որ ժողովրդի վիճակն օրհասական է, եւ գնաճն ու կարիքը սեղմում են նրա կոկորդը: Անշուշտ, կա կարծիք, որ լուծումները բոլորովին էլ այնտեղ չեն, որտեղ փնտրում են Տիգրան Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը: Որոշ օլիգարխների «գյամերը» քաշելով, գները ժամանակավորապես զսպելով, մի քանի նախարար փոխելով, արտադրողին վարկեր ու գյուղացուն ամոթանք տալով՝ հեռու չես գնա: Բայց ցանկացած հիվանդություն բուժելու առաջին քայլը այդ հիվանդությունը ախտորոշելն է: Սերժ Սարգսյանը, փաստորեն, այդ ախտորոշումը գտնելու ճանապարհին է: Մի վտանգ կա՝ կարգավորման կոմունիստական եղանակները ժամանակավոր թեթեւացում կբերեն, իսկ հիվանդությունը կարող է խորանալ: