Անձրեւն Օպերայի տանիքից կաթում էր բեմի վրա

Անձրեւն Օպերայի տանիքից կաթում էր բեմի վրա
Շաբաթ օրը` հուլիսի 16-ին, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետը մոտ 30-35 րոպե ուշացումով սկսվեց: Պարզվեց՝ հորդառատ անձրեւի պատճառով Օպերայի տանիքից անձրեւն ուղիղ բեմի վրա էր կաթում, ինչը փաստի առաջ էր կանգնեցրել թե պարողներին, թե աշխատակազմին: Վերջիններս ստիպված էին անընդհատ բեմը մաքրել, իսկ տարակուսած հանդիսատեսը, որ սկզբում ծափահարում էր, արդեն սկսել էր սուլել:



Երեկ տնօրեն Կամո Հովհաննիսյանին հարցրինք, թե  Օպերայի շենքը նման անմխիթար վիճակո՞ւմ է գտնվում: «Օպերան նորմալ վիճակում է, բեմի վերեւում ունենք լյուկեր՝ շլյուզներ են կոչվում, դրանք նախատեսված են նախեւառաջ օդափոխության համար, որովհետեւ վերեւում այնքան բան կա աշխատող՝ տեխնիկա, դեկորներ: Դրանց վրա 2-3 մետրանոց ծածկ կա, որը ճաղերով փակված է, բայց քանի որ անձրեւը շատ ուժեղ էր եւ զուգորդվում էր քամիով, այդ ճաղերից ջուրը լցվեց շլյուզների վրա եւ արանքներից էլ կաթաց բեմի վրա: Եթե քամի չլիներ, դա ներս չէր թափանցի»,- նշեց Կամո Հովհաննիսյանն ու ավելացրեց, որ վերանորոգման հարց չկա, ամեն ինչ նորմալ է, իսկ շաբաթ օրվա վիճակը կապված է եղել զուտ քամու հետ ուղեկցվող անձրեւի հետ:



Նրա խոսքով՝ հերմետիկ փակելու դեպքում հնարավոր չի լինի իրականացնել օդափոխություն, իսկ սա նշանակում է, որ հերթական հորդառատ անձրեւի դեպքում նույն պատմությունը կարող է կրկնվել, քանի որ քամու դեմն առնելու ճանապարհը գտնված չէ: