Տրամաբանության սահմաններում

Տրամաբանության սահմաններում
Երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է կալանավորվում ոստիկանության համակարգում: Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի կալանավորման աղմուկը դեռ չի հասցրել դադարել, երբ ձերբակալվում է Ճանապարհային ոստիկանության երկարամյա պետ Մարգար Օհանյանը: Ի՞նչ է սա նշանակում՝ կոռուպցիայի դեմ անհաշտ պայքա՞ր: Նախընտրական շոուների թատերաշրջանի բացո՞ւմ: Ոստիկանության դեմ անհայտ թշնամանքի դրսեւորո՞ւմ: Թե՞ ամենակոռումպացված համակարգերի դեմ պայքարի անզորության ակամա ընդունում: Մոտավորապես այսպես. երբ ուժեղների դեմ պայքարը վտանգներով հղի է, որպես կանոն, թույլ օղակն է տուժում: Իսկ դատախազության, դատարանների, օլիգարխների ու քրեական աշխարհի կողքին ոստիկանությունն անշուշտ թույլ է ու խոցելի: Նրան անհրաժեշտ պահին օգտագործում են որպես ընդդիմության դեմ պայքարի գործիք: Այս համակարգում ամենացածր աշխատավարձերն են: Թեեւ նախաքննություն անելու իրավունք ունեն, սակայն դատախազությունը շարունակում է հսկել ու կառավարել, իսկ երբ կասկածում է, որ առանց իր մասնակցության «փող է շարժվել», ուղղակի հարձակման է անցնում: Ոստիկանության նկատմամբ անհանդուրժող է նաեւ Անվտանգությունը՝ ԱԱԾ-ի գաղտնալսումների ու օպերատիվ աշխատանքների առյուծի բաժինն այս համակարգին է բաժին ընկնում: Մի խոսքով՝ ոչ ժողովրդի աչքի լույսն են, ոչ իշխանությունների սիրելին: «Աքաղաղի» նման մի բան՝ մեր անորոշ ու դաժան ժամանակներում: Եվ դա այն պատճառով, որ ոչ թե օրենքին են ծառայում, այլ մարդկանց խմբի: Ոչ թե հասարակության անվտանգության պաշտպանն են, այլ ոմանց աթոռների: Ոչ թե կարգուկանոն են հաստատում երկրում, այլ իշխանության հակառակորդներին են հալածում ու հետապնդում: Այնպես որ, ամեն ինչ Աստծո կանոնների շրջանակում է: