Շնորհավոր սեպտեմբերի 1

Շնորհավոր սեպտեմբերի 1
Այնքան, ինչքան էքսպերիմենտներ արեցին կրթության համակարգում, թերեւս ոչ մի համակարգում չեն արել: Էլ տասներկուամյա կրթություն, էլ գործող տնօրենների արտահերթ ու աննախադեպ հավաստագրում, էլ քննական նոր համակարգ, էլ ավագ ու հիմնական դպրոցների տարանջատում: Եվ դրանք բոլորն ուղեկցվեցին աղմուկով ու բողոքներով՝ գումարած դասագրքերի հետ կապված դժգոհությունները, որին անգամ օմբուդսմենը միջամտեց: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այս «դարակազմիկ» փոփոխություններից ոչ մեկին չնախորդեցին ու չհաջորդեցին պատշաճ հիմնավորումներ ու համապատասխան ուսումնասիրություններ: Ասենք՝ ինչով էր պատճառաբանված եւ ինչ արդյունքներ է տալիս (տալու) 12-ամյա կրթությունը, երբ նույն ուսուցիչներն են, նույն դասագրքերն ու ծրագրերը, նույն մտածողությունը: Կամ՝ ինչ տվեց ավագ ու հիմնական դպրոցների ստեղծումը, ինչ կարիք կար հանրապետությունում 106 ավագ դպրոց հիմնել, արդյո՞ք այդքան ավագ դպրոցների ստեղծումն արդարացված էր: Կամ՝ ինչ իմաստ ուներ անժամկետ պայմանագիր ունեցող տնօրենների պայմանագրերն անօրինական կարգով լուծարել եւ մրցույթներ անցկացնել՝ օրենքին հետադարձ ուժ տալով: Քանի տնօրեն փոխվեց այդ ապօրինության արդյունքում, եւ քանի անարժան մարդ նշանակվեց նրանց փոխարեն: Եվ վերջապես՝ կրթության ինչպիսի որակ է ապահովում դպրոցը, եթե ռեպետիտորական ինստիտուտը վերանալու փոխարեն ծաղկում է: Անշուշտ, կրթության պատասխանատուներն այս թեմաներով բազում ասուլիսներ ու հարցազրույցներ են տվել, վարկային միջոցների հաշվին հաղորդումներ ու բրոշյուրներ պատրաստել, սակայն ոչ հասարակությունը, ոչ էլ հենց կրթության մասնագետները անորոշության մեջ խարխափում են: Ոչ իրենց արածից են գլուխ հանում, ոչ էլ զարգացման ուղին է երեւում: