Այ քեզ «Վիքիլիքս»

Այ քեզ «Վիքիլիքս»
Մեր անազատ, վախեցած, տեղակատվության պակասից մշտապես շնչահեղձ լինող երկրում, որտեղ մեր մասին ամենակարեւոր տեղեկությունները յոթը փակի տակ են, «Վիքիլիքս» կայքը, փաստորեն, կարող է մեն-մենակ լրատվական հեղաշրջում իրականացնել: Երեկ հրապարակված տեղեկությունները՝ Հայաստանի եւ մասնավորապես 2008 թվի ընտրությունների մասին, աննախադեպ էին, սենսացիոն: Ստացվեց այնպես, որ մեր մասին ճշմարտությունը հրապարակվում է ոչ թե մեր կողմից ու մեզ մոտ, այլ դրսում՝ օտարների ձեռքով: Անկեղծ ասած՝ մի օրում դոզան շատ մեծ էր: Անձամբ ինձ վրա հատկապես տպավորություն թողեցին Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի հետ Փենինգթոնի առանձնազրույցների մասին զեկույցները եւ 2003-ին Ստամբուլի ԱՄՆ հյուպատոսարանի հաշվետվությունները՝ կապված Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հետ: Մենք բոլորս գիտեինք, թե ինչ բռնապետական երկրում ենք ապրում, թե ինչպես են նախագահի նստավայրից միջամտում ցանկացած իրադարձության եւ ինչպես են կազմակերպում ընտրությունները, սակայն ՍԴ անդամի խոստովանություններն ԱՄՆ դեսպանատան աշխատակցին ուղղակի բոլոր պատկերացումներից վեր էին: Նախագահի ընտրությունների հետ կապված հայցի քննության ընթացքում գործադրված ճնշումները, հատկապես սպառնալիքները, որ ՍԴ անդամի եղբորը կազատեն աշխատանքից: Ինչպես նաեւ այն, որ իշխանությունը սպառնում էր ձերբակալել Տեր-Պետրոսյանին: Նաեւ՝ մարտի 1-ին Ղարաբաղից Հայաստան տեղափոխված զինվորական ուժերի փաստը: Սրանք անամպ երկնքում հնչած ամպրոպի էին նման: Բայց այս պահին ինձ երկու հարց է մտահոգում՝ ինչպե՞ս է դասավորվելու Վալերի Պողոսյանի ճակատագիրը, որը համարձակվել է ճշմարտությունն ասել: Եվ ինչո՞ւ է ԱՄՆ-ն հենց այս պահին հրապարակում ողջ ճշմարտությունը Ռոբերտ Քոչարյանի իշխանության մասին: