Բա արժե՞ր այսքան թատրոն խաղալ

Բա արժե՞ր այսքան թատրոն խաղալ
Բեմադրման արժանի սցենարով շաբաթ օրը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհուրդը 18 կողմ եւ 1 անվավեր ձայնով ռեկտոր ընտրեց միակ թեկնածու, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանին: Թեեւ խորհրդի 24 անդամներից 5-ը բացակայում էին, բայց դա չխանգարեց, որպեսզի խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանի գլխավորությամբ նիստը սկսվի:



Սմբատյանը նախ հանդիսավոր տեղեկացրեց, որ արդեն մեկ օր առաջ գիտխորհրդի նիստում միաձայն ներկայացվել է Շահինյանի թեկնածությունը, ապա խոսքը տրամադրեց նրան` բուհի զարգացման եւ բարեփոխումների հայեցակարգը ներկայացնելու համար: Վերջինս, Կոնսերվատորիայի հիմնադրման պատմությունը ներկայացնելուց հետո, պատմեց, որ եվրոպական չափանիշները սկզբում սարսափեցրին իրենց, բայց, միեւնույն է, պետք է աշխատեն ինտեգրվել եվրոպական ընտանիքին:



Պարզվեց, որ բուհերի ու մասնավորապես Կոնսերվատորիայի զարգացմանը 20 տարի շարունակ խանգարում էր 90-ականների շրջափակումը: Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա. «Վերջին 20 տարիներին Կոնսերվատորիան կոռուպցիոն իր ցուցանիշներով այդ ցուցակներում վերջին տեղում է»:



Անդրադառնալով աշխատավարձերի խնդրին՝ Շահինյանը նշեց, որ պետք է փորձեն ամեն կերպ բարելավել մարդկանց կյանքը, որ երաժշտությամբ զբաղվելը «րՎպՐՑվՌՍ»-ի գործ չընկալվի: Ու չնայած իրենց դասախոսներից շատերն աշխատում են մշակույթի նախարարության տարբեր «օբյեկտներում» եւ այնտեղից էլ են վճարվում, բայցեւայնպես, որպեսզի աշխատավարձերի բարձրացում լինի, «պետք է մենք բոլորս` ռեկտորից մինչեւ ուսանող, խնայողաբար օգտվենք մեր միջոցներից, չարդարացված շռայլություններ մեզ թույլ չտանք»,- վճռականորեն հայտարարեց նա:



Բուհի ռազմավարական ծրագիրը ներկայացնելուց հետո, քանի որ հարցեր չկային ռեկտորի թեկնածուին, հերթը հասավ հերթապահ ելույթներին: Նախագահության անդամներից մեկը, քանի որ խոսքը բացվել էր, օգտվելով առիթից, շարունակեց աշխատավարձերի թեման եւ Շահինյանի հասցեին ջերմ խոսքեր շռայլելուց հետո նշեց, որ անցյալ տարվա համեմատ աշխատավարձերն իջել են, սակայն կողքից շտապեցին նրա խոսքն ուղղել, հուշելով, որ ոչ թե աշխատավարձերն են իջել, այլ գներն են բարձրացել,  հասկացնելով, որ սխալ բաներ չխոսի: Չնայած դեռ քվեարկությունը չէր սկսվել, բայց բոլոր ելույթներն արդեն շնորհավորական բնույթի էին: Այստեղ էր, որ իր թվացյալ անկեղծությամբ ներկաներին զարմացրեց Ռոբերտ Ամիրխանյանը՝ նշելով, որ ինքը չի շնորհավորի Շահինյանին, բայց երբ սկսեց խոսել, պարզ դարձավ, որ դա էլ գովերգի տակտիկական մի ձեւ էր՝ միտված էլ ավելի ընդգծելու վերջինիս արժանիքներն ու նրա առաջ դրված «սուրբ միսիան»:



Նախագահության մյուս անդամներից Դավիթ Ղազարյանն էլ իր հերթին, չիմանալով ինչպես գովել ռեկտորի թեկնածուի արժանիքները, համարժեք մետաֆորա չգտնելով՝ նշեց, որ, եռանդուն մարդ լինելուց բացի, նրա «գլուխն աշխատում է»: Շնորհավորական ելույթները եզրափակեց խորհրդի անդամ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը, պարզվեց՝ լիազորված էր փոխանցել նաեւ կրթության եւ գիտության նախարարի մտահոգություններն այս կառույցի ճակատագրով:



Տիկին նախարարը նշեց, որ չնայած երկար տարիներ ճանաչում է Շահինյանին, բայցեւայնպես իր մեջ խմորումներ է ունեցել, թե ինչ ռեկտոր պետք է ընտրեն, ու եթե նախկինում հեղինակություն էին փնտրում, որին վստահում էին այդ ծրագիրն իրականացնել, ապա այսօր պետք են ծրագիր ու այդ ծրագիրն իրականացնելու ընդունակություններ: Ապա, որպես գլխավոր հարցադրում, առաջարկեց մտածել երեք հարցի շուրջ. ո՞վ է դասավանդելու Կոնսերվատորիայում, ի՞նչ է դասավանդելու եւ ո՞ւմ է դասավանդելու:



«Ինչո՞ւ են այսօր Կոնսերվատորիայից դուրս մնացել մեր մի քանի մշակույթի անվանի գործիչներ, որոնք ուղղակի չեն ուզում դասավանդել Կոնսերվատորիայում»,- նշեց նախարարն ու անմիջապես շտապեց ավելացնել, որ ողջունում է այս թեկնածության ընտրությունը: Խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանն էլ նախանձախնդրություն հանդես բերեց եւ նշեց, որ իր ռեկտոր եղած ժամանակ ուղղակի կերազեր այն վերաբերմունքը, որ այսօր կա նախարարի, նախագահի կողմից Կոնսերվատորիայի նկատմամբ: Հետո իր՝ երբեմնի ռեկտորի դիրքերից ավելացրեց, որ շատ հեշտ է քննադատել անցյալը, բայց ինքը լավատես է եւ վստահ, որ Շահինյանը լավ մթնոլորտ կստեղծի Կոնսերվատորիայում եւ բարոյական շատ հարցերի կանդրադառնա.



«Շահեն, այստեղ քեզ բոլորը վախեցնում են, որ շատ դժվար է, բայց ես քեզ շնորհավորելու եմ, որովհետեւ դա շատ մեծ պատիվ է եւ երջանկություն: Ես վստահ եմ, որ կունենաս հաջողություն, որովհետեւ ունես այդ ցանկությունը»:



Նորանշանակ ռեկտորը, միանշանակ, ուներ այդ ցանկությունը, թե չէ այլ կերպ հնարավոր չէ բացատրել ընտրություններից ընդամենը 10 օր առաջ ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից նրան շնորհված պրոֆեսորի գիտական կոչումը, ինչը, որպես պարտադիր պայման, դրվում է ռեկտորի հավակնորդների առաջ: Իսկ նման պայմաններում արդեն ավելորդ է նշել, որ յուրաքանչյուր ընտրություն դառնում է նշանակում: Այստեղ են ասել` բա արժե՞ր այսքան թատրոն խաղալ: