«Նաիրին»՝ կինոմշակութային կենտրոն

«Նաիրին»՝ կինոմշակութային կենտրոն
Հոկտեմբերի 1-ից «Նաիրի» կինոթատրոնի փոխարեն գործելու է կինոմշակութային կենտրոն, որը լինելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնաճյուղը: Մեզ հետ զրույցում կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ փորձում են փակված «Նաիրի» կինոթատրոնի կինոդահլիճն աշխատեցնել. «Մենք խոսեցինք «Նաիրի» համալիրի տնօրինության հետ, որ վերցնենք կինոդահլիճն ու դարձնենք կինոմշակութային կենտրոն, ինչը մեզ հաջողվեց, մեզ նույնիսկ զեղչեր էլ են արել. դահլիճը վարձակալելու ենք 1.5 միլիոնով եւ փորձելու ենք աշխատեցնել»:



Կենտրոնում 5 ծրագիր են իրականացնելու, որի շրջանակներում ցուցադրելու են ուսուցողական, մանկական, համաշխարհային կինոյի վարպետների ֆիլմեր, կլինեն նաեւ փառատոնային ու վերջին տարիներին մրցանակ ստացած ֆիլմերի ցուցադրություն եւ տարբեր երկրների կինոօրեր. «Հիմա մենք հատուկ հանձնախումբ ունենք` Հովհաննես Գալստյանի գլխավորությամբ, որը զբաղվում է ծրագրերը կազմելով, դեսպանատների հետ  բանակցելով, բավականին առաջարկություններ կան: Բայց ինչ ֆիլմ էլ ուզում է լինի, դրանք պետք է լինեն բարձրարժեք ֆիլմեր, այդտեղ չեն ցուցադրվի մարտաֆիլմեր, սարսափ կամ էրոտիկ ֆիլմեր»:



Իրականացվող 5 ծրագրերից 3-ը լինելու են անվճար, մնացածը` տոմսերով, որովհետեւ, չնայած կրթության նախարարությունը, քաղաքապետարանն ու «Օրանժը» գումարներ են տրամադրելու կենտրոնին, բայցեւայնպես դրանք բավարար չեն լինի ծախսերը հոգալու համար. «Մենք ակնկալիքներ չունենք, մեր հիմնական նպատակն է ապացուցել, որ կարելի է ստեղծել կինոմշակութային կենտրոն, որտեղ կհաճախեն մարդիկ իրենց երեխաների հետ»: