Հանդիպման վայրը...

Հանդիպման վայրը...
Այսօր Ազատության հրապարակում հերթական հանրահավաքն է կայանալու: Հայ ազգային կոնգրեսի նախորդ հանրահավաքն օգոստոսի 2-ին էր, եւ ընդդիմադիր հայացքներ ունեցողների բանակը հիմնովին կարոտել է հանրահավաքներին ու երթերին, ընդհանրապես՝ պայքարին: Մեկ ամսվա ընթացքում բազում իրադարձություններ են եղել մեր երկրում, եւ այս հանրահավաքն անշուշտ այդ իրադարձությունների ամփոփմանը, վերլուծությանը եւ հետագա անելիքների ճշգրտմանն է ուղղված լինելու: Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին սպասողները հեղափոխական պայքարի կոչերի ակնկալիքով են գնալու հրապարակ: Արմատական տրամադրված մարդիկ կարծում են, որ վճռական գործողությունների անցնելու ժամանակն է, բավական է իշխանության հետ երկխոսել: Ոչ Դավիթ Հարությունյանի տանգոն, ոչ Գալուստ Գրիգորիչի տրնգին ժողովրդի սրտով չէ՝ նա քոչարիի կամ ավելի շուտ՝ բերդի կողմնակից է: Իսկ եթե ավելի լուրջ, ապա նրանք, ովքեր քաղաքակիրթ ու շրջահայաց քաղաքականության կողմնակից են, ընդդիմություն չեն՝ իշխանություն են կամ իշխանության հետ են: Իսկ նրանք, ովքեր իշխանության հետ չեն, պայքարի հեղափոխական միջոցների կողմնակից են եւ պատրաստ են բարիկադների վրա «մեռնել»: Նրանք եթե անգամ լռում են ու Տեր-Պետրոսյանի նկատմամբ հարգանքից դրդված կիսաբերան ասում, որ «երկխոսելը ճիշտ է», իրականում իրենց հոգու խորքում դեմ են դրան ու երկխոսության ամենասկզբից երազում էին, թե երբ է այն ձախողվելու, որ ամեն ինչ վերադառնա ելման կետ: Իրենց ծանոթ, հարազատ ու հասկանալի միջոցը պայքարն է, ձեւը՝ հանրահավաքն ու նստացույց-հացադուլը, եղանակը՝ իշխանափոխությունը: Եվ որքան էլ մեծ լինեն հարգանքն ու սպասելիքները ՀԱԿ-ից, նրան տրամադրված քարտ-բլանշը երկարաժամկետ չէ, ոչ էլ անվերապահ: Այնպես որ իսկը փողոց ելնելու ժամանակն է: