Դեժավյու

Դեժավյու
Երբ ամենաքիչը երեք հոգուց նույն նախադասությունը լսեցի՝ «դեժավյուի զգացողություն ունեմ», հասկացա, որ հայերով, փաստորեն, հասել ենք փիլիսոփայական կատեգորիաներից մեկի հերքմանը: Մենք կարողանում ենք նույն գետը 2 անգամ մտնել: Այս օրերին Ազատության հրապարակը հիշեցնում է 1988-ը: Եթե անգամ այնքան էլ չի հիշեցնում, ապա ամեն ինչի մեջ զգացվում է 88-ին վերադառնալու նոստալգիան, ձգտումը: Վրանները, հրապարակում ապրող-սնվող-գիշերող մարդիկ: Ամենօրյա հանրահավաքներն ու քննարկումները: Անգամ ոտքով մարզերից Երեւան եկողների ցնծությունն ու ուտելիք բաժանելու ակցիաները: Մարդիկ ոգեղեն ու լուսավոր ինչ-որ բանի կարոտ ունեն: Անցած 20 տարին ջնջելու, նորից սկսելու, նոր՝ մաքուր էջից սկսելու պահանջ: Եվ դրա մեջ մի լավ բան կա՝ 20 տարվա սխալները սրբագրելու ձգտում: Բայց 2011-ի ժողովուրդը 1988-ի ժողովուրդը չէ: Այն բռնապետական կայսրության բնակիչներն ավելի հպարտ ու անկախ էին կարծես, քան 2011-ի անկախ Հայաստանի քաղաքացիները: Այսօր մարդկանց դեմքներին խեղճություն կա, կարիքի ու հոգսերի կնիք: Նաեւ անելանելիության զգացում: Մի բան պարզ է, որ մարդիկ դժգոհ են իրենց կյանքից, իշխանությունից եւ կյանքը փոխելու անորոշ պահանջ ունեն: Մարդկանց մեծ մասը կյանքի բարելավման ու երկրի առաջընթացի գաղափարները կապում են իշխանափոխության հետ եւ կարծում են, որ պայքարի այս՝ 88-ի եղանակներով կհասնեն դրան: Արդյո՞ք հրապարակում գիշերելով եւ վրաններում ապրելով, հնարավոր է իշխանություն փոխել: Արդյո՞ք չկան ավելի քաղաքակիրթ ու արժանապատիվ պայքարի եւ իշխանափոխության ավելի ընդունելի ու հեշտ միջոցներ: Արդյո՞ք իշխանափոխությամբ հնարավոր է ստեղծել մեր երազանքների Հայաստանը: Այս հարցերի պատասխաններն է պետք գտնել: