Պարզ բանաձեւ

Պարզ բանաձեւ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ տարին ամփոփող ասուլիսում հպարտորեն պատմել է, թե ինչ կարեւոր գործեր է արել իր հանձնաժողովը 2011-ին: Ինչպես է տուգանել ու հեղինակազրկել որոշ տնտեսվարողների: Բայց այս հանձնաժողովի աշխատանքին անգամ անզեն աչքով հետեւելիս դժվար չէ գլխի ընկնել, որ բոլորովին էլ հավասար մոտեցում չի դրսեւորվում տնտեսվարողների նկատմամբ: Ոմանք, իրոք, տուգանվում են ու վարկաբեկվում, իսկ ոմանք էլ՝ ճիշտ հակառակը: Ասենք, ինչո՞ւ են հենց ձվի կամ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողները հայտնվում ՏՄՊՊՀ հորիզոնում, որտեղ, ի տարբերություն շատ ոլորտների, իրական մրցակցություն կա եւ բազմաթիվ սուբյեկտներ: Իսկ, ասենք, մսի, դեղորայքի, ծխախոտի եւ այլ շուկաներ այդպես էլ չեն ուսումնասիրվում: Որովհետեւ այստեղ Շաբոյանին մտնել թույլ չե՞ն տալիս: Որովհետեւ ՏՄՊՊՀ-ն քաղաքական մարմի՞ն է: Իսկ ի՞նչ անել, որ մեր երկրում իրական մրցակցություն լինի եւ հավասար պայմաններ բոլորի համար: Վիճակը բարելավելու նպատակով Արտակ Շաբոյանն, օրինակ, առաջարկում է իր հանձնաժողովի մասնաճյուղեր ստեղծել նաեւ մարզերում: Իսկ մարզից եկած ընկերս բոլորովին այլ առաջարկություն է անում: Նա խանութներ ունի, որտեղ տնտեսական ապրանքներ է վաճառում եւ պատմում է, որ վերջին ամիսներին որոշ կոսմետիկ միջոցների մեծածախ, ըստ այդմ նաեւ մանրածախ գները 20-30 տոկոսով իջել են: Եվ պատճառն այն է, որ առաջ դրանց ներկրողը մեկ կազմակերպություն էր, հիմա մի քանիսին էլ են «թույլ տվել», որ ներկրեն, եւ գների անկումը չի սպասեցրել: Եթե մի մարզային քաղաքում, մի կոնկրետ ապրանքի գծով այս պարզ բանաձեւն աշխատում է, ի՞նչն է խանգարում, որ այն աշխատի նաեւ մյուս ապրանքների եւ ընդհանրապես ամբողջ շուկայի առումով: