Ասենք լավ, որ լավ լինի

Ասենք լավ, որ լավ լինի
Մենք բոլորս կարոտ ենք դրական փոփոխությունների: Երեկվա խոսակցությունների մեջ ուղեղումս մեխվեց միեւնույն հարցը, որ տվեցին տարբեր տարիքի ու զբաղմունքի երկու զրուցակիցներս՝ իրարից անկախ. ինչ որ բան դեպի լավը կփոխվի՞: Եվ նկատելի էր այն սպասումը, որ անպայման դրական պատասխան են ակնկալում: Այո: Վստահ պնդում եմ ես՝ անպայման կփոխվի: Ոչ միայն այն պատճառով, որ մենք բոլորս դա ուզում ենք, այլեւ այն պարզ պատճառով, որ չի կարող չփոխվել, որ աշխարհն առաջ է գնում, եւ մարդկային ձգտումը՝ լավացնել կյանքը, չի կարող արդյունք չտալ: Ի վերջո, մի քանի քաղաքական իրողություն ստիպված ենք արձանագրել բոլորս: 1. Մեր երկրում բավականին ուժեղ քաղաքական ընդդիմություն է ձեւավորվել վերջին տարիներին, եւ սիրենք, թե չսիրենք Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ մյուսներին, պետք է արձանագրենք նրանց կայացումը եւ քաղաքական կյանքում գործոն դառնալը: Իսկ դա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանում հայտնված մեկ-երկու տասնյակ ընդդիմադիրները փոխելու են ոչ միայն խորհրդարանի որակը, այլեւ մեր երկրի մթնոլորտը: 2. Անկախ մեր դժգոհություններից եւ մեծամասնական ընտրակարգի դեմ մղված անպտուղ պայքարից, այս անգամ խորհրդարան մտնողների գերակշռող մեծամասնությունը լինելու են քաղաքական դեմքեր: Բուռնաշ-նեմեցների քանակն ու որակը նվազելու է եւ այլեւս երբեք վճռորոշ մեծամասնություն չի կազմելու մեր Ազգային ժողովում: Այնպես որ կարող ենք արձանագրել՝ ամենավատ պառլամենտը մենք ունեցել ենք 2007-2012 թվերին: 2012-2017-ին ունենալու ենք համեմատության մեջ լավ, իսկ 2017-ին արդեն՝ նկատելիորեն լավ խորհրդարան: Իսկ երբ օրենսդիր մարմինն ազատվի քրեաօլիգարխիկ տարրից, կսկսեն մաքրվել նաեւ մյուս համակարգերը: Այնպես որ՝ ես իմ երկրի ապագայի հարցում լավատես եմ: