Ինչու են ուզում գնալ ԱԺ

Ինչու են ուզում գնալ ԱԺ
Ինչու են ուզում մեր օլիգարխները, տարբեր կալիբրի հեղինակությունները, լրագրողներն ու մշակութային գործիչները մտնել խորհրդարան: Եթե փորձենք ողջամիտ պատասխանները դասակարգել, ապա կստացվի. ա) պատգամավորի մանդատ ունենալը «պրեստիժնի» է: Այն կշիռ չունեցող մարդուն կշիռ է տալիս, կշիռ ունեցողի կշիռը բարձրացնում: Հանրապետությունում հարցեր լուծելու, սրան-նրան «տանիք» դառնալու, սրան-նրան բերդից ազատելու, անվճար բուժօգնություն կազմակերպելու, աշխատանքի տեղավորելու եւ այլ հնարավորություններ է ընձեռում: բ) Մանդատը պաշտպանվածություն է: Ինչպես մեզ տված հարցազրույցներից մեկում մի հավակնորդ էր ասել՝ «քսիֆ ա, որ դնում ես գրպանումդ ու ֆռֆռում»: Այդ «քսիֆը» տնօրինողը կարող է իրեն ապահով զգալ պետավտոտեսուչներից, ոստիկաններից, հարկայինից, դատախազությունից եւ այլն: Եթե անգամ քեզ դեմքով չեն ճանաչում, այդ «քսիֆը» կարելի է թափահարել ցանկացած փակ դռան առաջ, եւ այն կբացվի: Քո որդին կարող է մարդ գցել մեքենայի տակ, դու կարող ես գինովցած կրակել մարդաշատ վայրում, հարազատդ կարող է հարկեր թաքցնել ու խուսափել պատժից: գ) Դա 5 տարի ոչինչ չանելու եւ երաշխավորված աշխատավարձ ստանալու հնարավորություն է: Իսկ եթե ճարպիկ ես, ապա մեծ փողեր աշխատելու շանս: Տարբեր բիզնեսների մեջ կարելի է փայ մտնել, ներկրումներ անել, մերձավորներիդ համար հարկային արտոնություններ եւ փոքր տոկոսադրույքներով վարկեր ապահովել, տենդերներ շահել ու դրամաշնորհային ծրագրերի մեջ մտնել: Այս երեք կետերին կարելի է եւս երեքը կամ երեսունն ավելացնել՝ դրանից իրողությունը չի փոխվի: Դա միայն կվկայի այն մասին, որ մենք վատ երկիր ենք կառուցել, որտեղ օրենսդիր մարմինը գողական սխոդկա է հիշեցնում եւ կրիմինալի կանոններով գործում: