Դերի մեջ է

Դերի մեջ է
Ի՜նչ ակտիվանալ է ակտիվացել ոստիկանությունն՝ իր ոստիկանապետով: Երբ միացնում ես հեռուստացույցը, Վովա Գասպարյանը՝ հմուտ դերասանին վայել դիրքով ու մշակված ձայնով օրենքի ու օրինականության կոչեր է անում, հոգեբանական աշխատանք տանում ոստիկանների հերթական լսարանի հետ: Լսարանն, իհարկե, հիմնականում անհաղորդ է շեֆի թրեյնինգներին՝ համենայնդեպս ոստիկանների հայացքներից կարելի է այդպես դատել: Բայց սա միակ նորամուծությունը չէ, որ Ռազմական ոստիկանության նախկին պետը ներդրել է ոստիկանության համակարգում: Մեր ոստիկանները դարձել են շատ բարեկիրթ, մամուլի հրապարակումներին արագ արձագանքող: Ոստիկանությունից մերթընդմերթ այնպիսի հայտարարություններ ենք ստանում, որ հասկանալի է՝ ապարատն աշխատում է: Անգամ բազազներն ու մյուս մականունավորներն են սկսել օրենքի տառը վկայակոչել ու տարբեր հոդվածներից քաղվածքներով իրենց պահանջները հիմնավորել: Իսկ երեկ ընդհանրապես ոստիկանությունն ապշեցրեց իր նախաձեռնողական օրինապահությամբ: «Կոչ» վերնագրի տակ մի տեքստ էին տարածել, որտեղ առաջարկել էին բոլոր ՀՀ քաղաքացիներին «ընտրական գործընթացներին վերաբերող ցանկացած իրավախախտում, այդ թվում` ընտրակաշառք արձանագրելու դեպքում անհապաղ ահազանգել ոստիկանություն»: Սա դեռ ի՞նչ է. «Ձեր ազնիվ եւ անաչառ քաղաքացիական կեցվածքի ու գործելակերպի պարագայում իրապես կկանխարգելվեն ու կբացահայտվեն ազատ եւ արդար ընտրություններին խոչընդոտող հանցագործությունները, եւ ՀՀ ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակում արդյունավետ կիրականացնի մեր երկրում ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների կայացման իր գործառույթը»: Հենց այսպես: Թերեւս ճիշտ է նկատել գործընկերներիցս մեկը. Վովա Գասպարյանն այս փուլում երկրի թիվ 2 պաշտոնյան է դարձել: