Ինչի՞ց ենք էսքան ընկճված

Ինչի՞ց ենք էսքան ընկճված
Մտածում էի՝ ընտրություններից հետո մեկ-երկու օր անտրամադիր կլինեմ, հետո կանցնի: Սե՞նց բաներ ենք տեսել էս 20 տարում: Բայց 3-4 օր է անցել, ու ոչ մի կերպ տեղս չեմ գտնում: Մի տեսակ անհուսության, անհեռանկար կյանքի զգացում ունեմ: Ինձ թվում է՝ ոտքիս տակի հողը գնացել է, ես մնացել եմ օդում կախված: Ոնց որ տիեզերք թռած մարդիկ են անկշռության վիճակում լինում: Անընդհատ ուզում եմ վերլուծել այս զգացումներս, որ կարողանամ դրանց դեմ պայքարել, ու ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչի՞ց ես էսքան ընկճված, այ Արամ: Էնպես չի, որ շատ հստակ հասկանում եմ, բայց մի քանի բան ինձ ուղղակի սպանում է: Մեկն իմ ժողովրդի էս անբացատրելի հնազանդությունն ու հաշտվածությունն է ճակատագրին: Երեւի հենց այդ որակն է պատճառը, որ մենք գոյատեւել ենք էլ Բյուզանդիայի լծի տակ, էլ Պարսկաստանի, էլ Թուրքիայի: Բայց հիմա էլ հո օտարի լծի տա՞կ չենք, որ դիմանանք: Ինչի՞ն դիմանանք՝ որ մեզ լավ կեղեքե՞ն, որ մի խումբ լկտիացած պաշտոնյաներ ամբողջ ազգին շահագործեն ու անաշխատ կյանքո՞վ ապրեն: Ես էս հեզությունը չեմ կարողանում հասկանալ:

Մյուս կողմից՝ չեմ հասկանում նաեւ էս հարստահարողների անկշտությունը: Լավ, էլի կերեք ու վայելեք, բայց ինչո՞ւ եք դա անում մի ամբողջ ազգի նվաստացնելու գնով: Ասենք, եթե 44 տոկոսի տեղը Հանրապետականը 35 տոկոս ձայն հավաքեր ու էլի մեծամասնություն լիներ, ի՞նչ էր փոխվելու: Ի՞նչ իմաստ ուներ ագահաբար բոլոր կուսակցությունների ձայներն իրենցով անելը: Ասենք, ի՞նչ վտանգ կլիներ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, եթե Հայ ազգային կոնգրեսը ոչ թե 7, այլ 9 մանդատ ունենար, կամ Դաշնակցությունը, կամ «Ժառանգությունը»:



Պարզ չի՞, որ չի կարող այս աղքատ երկրում, այս քայքայված տնտեսության պայմաններում, այս արտագաղթի ֆոնին այդքան ձայն տանել իշխող կուսակցությունը: Նորմալ երկրներում այսպիսի վիճակի համար կառավարող կուսակցության «քամակին» տալիս-ուղարկում են թոշակի: Մեզ մոտ այդ կուսակցությունը 68 թե 70 մանդատ է վերցնում: Այսինքն՝ եթե մի քիչ երկրի վիճակը լավ լիներ, պետք է 100 տոկոսն էլ իրե՞նը լիներ: Կամ՝ ԲՀԿ-ն: 5 տարուց ավելի իշխանության մեջ եղած ուժը հայտարարեց, որ ինքն ընդդիմություն է, եւ քաշեց-տարավ ընդդիմության բոլոր ձայները:



Մեր դյուրահավատ ժողովուրդն էլ հավատաց, որ էսա, Ծառուկյան Գագոն իրան աշխատանք է տալու, բարձր աշխատավարձ ու թոշակ, հետն էլ իշխանափոխություն է անելու, եւ գնաց՝ ձայնը նրան տվեց: Էսպիսի բան որտե՞ղ է տեսնված: Էսպիսի ընտրություններից հետո ո՞նց չընկնես դեպրեսիայի մեջ: Կամ՝ ՕԵԿ-ը: Ասում էին՝ չգիտեմ ինչքան մարդ ասել է, որ ձայնս ոչ մի դեպքում ՕԵԿ-ին չեմ տալու, բայց պարզվեց՝ մի էդքան մարդ էլ տալիս է: ՕԵԿ-ի ձայներն էլ պետք է գումարել ՀՀԿ-ի ձայներին, որովհետեւ իշխանությունից դժգոհ մարդն Արթուր Բաղդասարյանին ձայն չէր տա:



Տակն ի՞նչ մնաց՝ մի 100 հազար մարդ ՀԱԿ-ին է ձայն տվել, մի 85 հազար՝ «Ժառանգությանը», մի էդքան էլ՝ Դաշնակցությանը: Ստացվում է, որ Հայաստանի 2 միլիոնից ավելի բնակչության մեջ իշխանությունից ու նրա վարած քաղաքականությունից իրականում դժգոհ է ընդամենը հազիվ 300 հազար մարդ, որոնք նաեւ հասկանում են, թե ով ով է, եւ կեղծ ընդդիմությանն էլ տարբերում են իրականից:



Հիմա եթե փորձենք նկարագրել 2012-ին Հայաստանում ապրող բնակչությանը, պետք է արձանագրենք, որ նա աշխարհի ամենադյուրահավատ, փոփոխություններ չսիրող, սուտ խոստումներով խաբվող, կյանքի դժվարություններին դիմացող ու շատ քիչ պահանջներ ունեցող ժողովուրդն է: Նա նաեւ պայքարել չի սիրում: Նրան շատ հեշտ է կաշառելը: Նա իր ձայնն ու իրավունքները չի գնահատում: Նաեւ պատրաստ է ստրուկի պես աշխատել գրոշների դիմաց: Նաեւ վախենում է իր «շղթաները կորցնելուց»:



Երեւի ուրիշ ոչ մի երկրում այսպիսի ժողովուրդ չես գտնի: Այսպիսի ժողովրդին իշխելն ամենահեշտ բանն է: Այսպիսի ժողովրդի կյանքը բարելավելու կարիք բոլորովին չկա: Եվ ընտրություններն էլ անիմաստ ու կեղծ թատրոն են: Այնպես որ թեթեւ տարեք:



Արամ ՍԵՎՈՅԱՆ