Մի խանգարեք

Մի խանգարեք
Երբ մոտ մեկ ամիս առաջ Եվրոպայից ժամանած հյուրս հայտարարեց, որ եթե Հայաստանում նորմալ պայմաններ ստեղծվեն, շատերը կգան ու գործ կդնեն այստեղ, չհամաձայնեցի նրա հետ: Մեր իշխանությունն ամբողջ օրը «արի տուն է» կանչում, խոսում ներդրումների անհրաժեշտությունից եւ ներդրողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու փորձեր անում: Եկողը կգա, ի՞նչ է նշանակում «նորմալ պայմաններ»՝ առարկեցի ես:



 



Իսկ երբ օրերս ԱՄՆ-ից ժամանած մի խումբ երիտասարդներ պնդեցին, որ ԱՄՆ-ում երազում են գալ ու Հայաստանում գործ սկսել, բիզնես դնել, սկսեցի կասկածել, որ ես սխալվում եմ: Գուցե իսկապե՞ս մերոնք «կանչում-կանչում են», բայց իրականում ամեն ինչ անում են, որ սփյուռքահայերը Հայաստան ոտք չդնեն: Իսկ գուցե վերեւներում նստածները կանչում են, իսկ ներքեւներում նստածները խոչընդոտնե՞ր են ստեղծում: Եվրոպայից ու ԱՄՆ-ից եկողներն ասում էին, որ հայերը մեծ սիրով կնախընտրեն Հայաստանում հաստատվել, բիզնես սկսել, աշխատատեղեր ստեղծել, անգամ եթե այստեղ մի քիչ ավելի պակաս շահույթ ստանան եւ մի քիչ ավելի շատ չարչարվեն, քան որեւէ այլ երկրում:



 



Եվրոպայից ժամանած հյուրս ընդհանրապես ասում էր. «Եղածը 2 միլիոն ժողովուրդ չի՞: Էսքան ժողովուրդ պահելն ի՞նչ է որ: Մի 100 հարուստ սփյուռքահայի հնարավորություն տան, այս երկիրը կծաղկի, ժողովուրդն էլ աղի պես կապրի»: Չգիտեմ: Վստահ չեմ: Բայց մարդը լավ գիտեր Սփյուռքը, մեծ շփում ուներ ու կապեր, ուստի ասածն անհիմն չէր: Ինչպես անել, որ մեր «արի տունը» կոմսոմոլական լոզունգից տարբերվի եւ իրական իմաստ ստանա: Ինչ անել, որ մեր օրենքներն ու հարկային դաշտը դառնան հարմար գործունեություն ծավալելու համար: Եվ ինչ անել, որ նրանք, որոնց ձեռնտու չէ հայերի վերադարձը, զրկված լինեն նրանց խանգարելու հնարավորությունից: