«Օրինաց երկիրը» շնորհավորել է Սերժ Սարգսյանին

«Օրինաց երկիրը» շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Երեկ ուշ երեկոյան ավարտվել է «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:



 



Կուսակցությունից տեղեկացնում են, որ ամփոփվել են կուսակցության տարածքային կառույցներից ստացված հաղորդումները ընտրական գործընթացների եւ հետընրական իրավիճակի մասին, կատարվել են եզրահանգումներ, տրվել են անհրաժեշտ քաղաքական եւ կազմակերպական հանձնարարականներ: Նիստի արդյունքներով կուսակցության քաղաքական խորհուրդը ընդունել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորեւ.



 



Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց ընտրողների 58.64% կողմ ձայներով Հանրապետության Նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Եվս մեկ անգամ շնորհավորելով վերընտիր Նախագահին, մաղթում ենք  հռչակած ծրագրերի բարեհաջող եւ արդյունավետ իրականացում` ի բարօրություն մեր ժողովրդի եւ ի շահ պետության ամրապնդման:



 



«Օրինաց երկիր» կուսակցությունն իր երախտիքի խոսքն է հղում կուսակցության անդամներին եւ համախոհներին նախագահական ընտրություններում կուսակցության քաղաքական դիրքորոշումը կյանքի կոչելու գործում ցուցաբերած հետեւողականության համար:



ՕԵԿ քաղաքական խորհուրդը միաժամանակ.



 



  1. Գոհունակությամբ ընդգծում է միջազգային կազմակերպությունների եւ աշխարհի ուժային կենտրոնների դրական գնահատականները ընտրությունների վերաբերյալ :


  2. Կարեւորում է ընտրությունների ընթացքում տեղ գտած թերությունների եւ խախտումների համակողմանի քննությունը եւ իրավապահ մարմինների կողմից պատշաճ հետեւողականության ցուցաբերումը դիմում-բողոքների հիմքով օբյեկտիվ եւ շուտափույթ քննություն անցկացնելու,  մեղավորներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար:


  3. Հորդորում է ներկա եւ հետագա քաղաքական գործընթացները, զանգվածային միջոցառումները, բողոքի երթերն ու ցույցերը իրականացնել բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում եւ կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին եւ ՀՀ բոլոր քաղաքացիներին ցուցաբերել զսպվածություն եւ հանդուրժողականություն, առաջնորդվել ներքաղաքական կայունության  եւ  Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությունը չխաթարելու հրամայական պահանջով:


  4. Առաջարկում է նախաձեռնել հանրային լայն երկխոսության ձեւաչափ` դրանում ներգրավելով շահագրգիռ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին` առկա խնդիրները համատեղ քննարկելու եւ երկխոսության միջոցով լուծելու համար:


  5. Կոչ է անում Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներից ձեւավորել աշխատանքային խումբ, որը քննության առարկա կդարձնի երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը, կառաջարկի լուծումներ ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում նախաձեռնելով նաեւ օրենսդրական բարեփոխումներ:




 



 



«Օրինաց երկիր» կուսակցությունը միաժամանակ հանդիսանալով իշխանության մաս կազմող քաղաքական ուժ, հայտարարում է երկրում վճռական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության եւ հրամայականի մասին: Կուսակցությունը իր սեփական դերակատարության շրջանակներում անելու է հնարավորինը տարբեր բնագավառներում ընթացող փոփոխություններն էլ ավելի վճռականորեն առաջ մղելու եւ ժողովրդին հուզող հիմնախնդիրները նախաձեռնողական մոտեցումներով, վճռական ու նորարարական քայլերով լուծելու համար: Կուսակցությունը փաստում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ շրջափուլում անելու է հնարավորը համատեղ ջանքերով ձեւավորված նախընտրական ծրագիրը կյանքի կոչելու համար, ակնկալելով երկրի Նախագահից համաձակ ու վճռական փոփոխություններ` երկրի պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Երկրում ստեղծված դժվարին սոցիալ տնտեսական իրավիճակի, ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրների եւ դրանց ժամանակին ու արդյունավետ լուծման գործում կուսակցության քաղաքական խորհուրդը  գտնում է, որ.



 



  1. Անհրաժեշտ է առավել ակտիվ շարունակել բարեփոխումները հասարակական կյանքի տարբեր ոլորտներում` անցում կատարելով դրանց իրականացման վճռական փուլերին:


  2. Հանրային կյանքի արդյունավետ կազմակերպման գործում ներմուծել գործուն, նորարարական գործիքներ, ապահովելով որպեսզի դրանք չկրեն իմիտացիոն բնույթ: Այդ համատեքստում իրականացնել հանրության օբյեկտիվ դժգոհությունը հարուցող ոլորտներում կտրուկ  կադրային փոփոխություններ` ձերբազատվելու համար լճացած, հոգնած եւ  հղփացած կադրերից, փոխելու համար իշխանության դեմքը` նոր, գրագետ եւ կիրթ մարդկանցով:




 



 



«Օրինաց երկիր» կուսակցությունը հիմք ընդունելով ժողովրդի առջեւ ստանձնած իր պարտավորությունները եւ պատասխանատվությունը, կուսակցության նախընտրական ծրագիրն ու գործունեության առաջնահերթությունները հայտարարում է, որ այսուհետ եւս առավելագույն ջանքեր կգործադրի երկրում ընթացող բարեփոխումները էլ ավելի վճռականորեն առաջ մղելու համար: