Նախարարների մանդատների մասին մոռացեք

Նախարարների մանդատների մասին մոռացեք
Երբ երկու տարի առաջ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ արեց, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու մյուս առանցքային դեմքերը ոչ միայն  «Ժառանգության» առաջնորդին չայցելեցին, այլեւ Ազատության հրապարակի «գրավման» օրը հրապարակ մտնելով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը չբարեւեց այնտեղ հացադուլի նստած Րաֆֆիին:



 



Այս տարի էլ կարծես Հայ ազգային կոնգրեսից այցելող չկա: Նախկին ՀՀՇ, այժմ ՀԱԿ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հիմա էլ է խուսափում հստակ պատասխանել՝  կայցելե՞ն «Ժառանգության» առաջնորդին, թե՞ ոչ: Սակայն շատ է ուզում, որ հասարակական-քաղաքական ուժերը միավորվեն իշխանափոխության շուրջ, քանի որ այս իշխանությունը միայն վնաս է բերում պետությանը: Արտագաղթն էլ խայտառակ տեմպերի է հասել: Իսկ ի՞նչն է խանգարում այդ միավորմանը, հարցրինք պատգամավորին: «Մեզ խանգարող որեւէ բան չկա, մենք խմբակցությունով անցած շաբաթ հայտարարություն ենք արել, որ առաջիկա ընտրություններին ճիշտ ենք գտնում բոլոր ոչ կոալիցիոն ուժերի միավորումը, դա իդեալական տարբերակ է, չգիտեմ ինչքանով կստացվի, բայց իսկապես առանց ամբիցիաների, առանց թիվ մեկն ու նախաձեռնողը լինելու, առանց ամպագոռգոռ ելույթների մենք գտնում ենք, որ հակակոալիցիոն ուժերի համախմբում պետք է տեղի ունենա»,-ասում է Արամ Մանուկյանը:



 



Օրինակ Րաֆֆու շուրջ ինչո՞ւ չի համախմբվում ՀԱԿ-ը, քայլե՞րը հստակ չեն, թե՞ մարտավարությունն իրենց սրտով չէ: «Բոլոր ուժերի  մասին է խոսքը: Ես ասում եմ՝ «Բարգավաճ», «Ժառանգություն», Դաշնակցություն, Հայ ազգային կոնգրես, որոնք այսօր իրենց գործունեությամբ հակաիշխանական են՝ ելույթներով, գործելաոճով»: Բայց այս համախմբումը չի կայանում թերեւս այն պատճառով, որ Գագիկ Ծառուկյանն այդ քայլին չի գնում: Դա լավագույնս արտահայտվեց ՀԱԿ-ի հետ համագործակցության փուլում, ինչը բավականին վնասեց Կոնգրեսին: Արդյո՞ք ՀԱԿ-ն այդ համագործակցությունից չեկավ այն եզրահանգման, որ ԲՀԿ-ն հակաիշխանական ուժ չէ, եւ նրա հետ հույսեր կապելն անիմաստ է: «Կարող եմ էսպես ասել՝  իրենք իշխանական ուժ չեն, եւ եթե ստացվի հակակոալիցիոն ինչ-որ բլոգ, դա կլինի այս երկրի փրկությունը»:



 



Սակայն ընդդիմադիր պատգամավորը փրկություն չի համարում նաեւ այն, որ իր թվարկած հակաիշխանական ուժերը կառավարությունում պորտֆելներ ստանան: «Ես էս գլխից կարող եմ ասել՝ մոռացեք մեզ էդ գործում, որ մանդատներ վերցնենք: Իշխանությունը ոչ թե պետք է թելադրի, այլ պետք է թելադրվի, որովհետեւ  իշխանությունը երբեք չի կարող լավ բան թելադրել»,-ասում է Արամ Մանուկյանը: Վերջինս չուզեց անդրադառնալ «Ժառանգության» մարտավարությանը: Սակայն ՀԱԿ-ի ներսում լուրջ չեն վերաբերվում  «Ժառանգության» քայլերին եւ կարծում են, որ րաֆֆիական փափուկ պայքարն իրենց համար չէ, եւ դրան միանալն առնվազն քաղաքական թատրոնում դեր ստանձնել կլինի: Չեն կարծում, որ Սերժ Սարգսյանին կզգաստացնեն այս մեթոդով «ճնշումները», դա քաղաքական շոուների ոլորտից է, որոնք արմատական կոշտ քայլերի կողմնակից ընդդիմադիր ուժի ձեռագրից դուրս են: Բայց փաստը մնում է փաստ, որ կոշտ ելույթներով եւս Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումն իշխանափոխության չհասավ, մի քանի պատգամավորական մանդատ ձեռք բերեց, որոնք միայն խորհրդարանական տաղտուկ դահլիճի մթնոլորտն են երբեմն թեժացնում: