Սերժ Սարգսյանը կծիծաղա մեր ապուշության եւ միամտության վրա

Սերժ Սարգսյանը կծիծաղա մեր ապուշության եւ միամտության վրա
«Ժառանգությունում» վերջին ճիգերն են գործի դրել, բանակցություններ են վարում Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ քաղաքական լայն համախմբում ձեւավորելու համար: Այստեղ այլեւս չեն կարեւորում քաղաքական ուժերի միավորումը եւ աշխատում են ձեւավորել ընտրություններին մասնակցելու մի ցուցակ, որն, ըստ մեր աղբյուրի,  կարժանանա քաղաքական ուժերի աջակցությանը:



 



Ցուցակի ձեւավորման սկզբունքը հետեւյալն է՝ ընդգրկել տարբեր քաղաքական ուժերի (ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից դուրս), այնպիսի անունների, առանձին անհատների, մտավորականների, հասարակական սեկտորի ներկայացուցիչների, որոնք ընդունելի կլինեն շատերի համար: Ընդ որում՝ միասնական այս ցուցակում այլեւս կարեւոր նախապայման չէ, որ այն գլխավորի «Ժառանգության» ներկայացուցիչը: Ինչպես հայտնի է, այս ընտրություններին միասնական  ցուցակով մասնակցելու ՀՅԴ-«Ժառանգություն»-ԲՀԿ կոնսուլտացիաներն անարդյունք եղան: Նախ, ԲՀԿ-ն հայտարարեց ընտրություններին մասնակցելու որոշման մասին եւ առաջարկ հնչեցրեց, որ կոնսոլիդացիան միայն իր առանցքի շուրջ պետք է լինի, ապա տապալվեցին նաեւ ՀՅԴ-«Ժառանգություն» բանակցությունները:



 



«Ժառանգությունը» սկզբունքային էր համարել, որ ցուցակը պետք է ղեկավարի կուսակցականը, ավելի կոնկրետ՝ Արմեն Մարտիրոսյանը, ինչը դաշնակցական ընկերների համար անհաղթահարելի պատճառ էր դարձել, որ չմիանան այս թիմին: Հավանաբար, «Ժառանգությունում»  հետեւություններ են արել եւ առաջնորդվում են «կրկին փորձիր» տարբերակով՝ հույս ունենալով, որ ոչ միայն ՀՅԴ-ին հետ կբերեն, այլեւ կսիրաշահեն այլ քաղաքական ուժերի: Չնայած՝ ՀՅԴ-ն արդեն հայտարարել է, որ մենակ է մասնակցելու ընտրություններին: «Համենայնդեպս, բոլոր ուժերի ներկայացուցիչները ցուցակում կընդգրկվեն միայն անձնական համաձայնության արդյունքում»,- նշեց մեր զրուցակիցը:



 



Փորձեցինք փոքրիկ հարցախույզ անցկացնել՝ հասկանալու համար, թե ովքեր կարող են ընդգրկվել այդ ցուցակում: Զրուցեցինք Ազատության հրապարակի շարժման աջակից որոշ քաղաքական ուժերի, ավելի կոնկրետ՝ ՀԱԿ դաշինքի ներկայացուցիչների հետ, սակայն նրանցից ոչ մեկն առաջարկ չէր ստացել: Դերասան Աշոտ Ադամյանը նույնպես անակնկալի եկավ մեր հարցից եւ չկարողացավ նույնիսկ գնահատական տալ նման նախաձեռնությանը:  Փոխարենը վրդովվեց «Սարդարապատ» շարժման խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:



 



- Դա վիրավորական եմ համարում, որ «Ժառանգությունը» քննարկում է ավագանու ընտրություններին մասնակցության հարցը: Ես նույնիսկ վիրավորանք կհամարեմ ինձ նման առաջարկ անելու դեպքում: Եթե մենք եւ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ժառանգության» հիմնադիր եւ ղեկավար, համարում ենք, որ տեղի է ունեցել պետական հեղաշրջում, եւ իշխանությունը զավթված է, ապա ինչպե՞ս կարելի է զավթիչների հետ միասին մտնել ինչ-որ ընտրական պրոցեսի մեջ, երբ մենք այսօր վիճարկում ենք, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները:



 



- Իսկ հացադուլով ի՞նչ փոփոխություններ է հնարավոր անել, համաձայն չե՞ք տեսակետի հետ, որ ավագանու ընտրությունները կարող են դառնալ նախագահականի երկրորդ փուլ եւ հետընտրական զարգացումները բերել վերջնական հանգրվանի:



 



- Ես գիտեմ, թե ինչ են դառնալու այդ ընտրությունները,  դառնալու են փոքր գործարքների շարան, որտեղ մարդկանց կերակրատաշտակի մասեր են խոստանալու եւ կատարելու են պետական մակարդակով, ինչ-որ մի քանի տոկոս տալու են «Ժառանգությանը», որպեսզի ցույց տան, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ թե 37 տոկոս է նախագահական ընտրություններում ստացել, այլ 3.7 տոկոս: ԲՀԿ-ն է շատ ակտիվանալու, որովհետեւ իրենք իրականում հանդիսանում են ՀՀԿ-ի ճյուղավորում, այ, դա է տեղի ունենալու: Փոշիացնելով, գործարքի բերելով ամբողք քաղաքական դաշտը՝ Սերժ Սարգսյանն ուղղակի կծիծաղա մեր ապուշության եւ միամտության վրա: Մենք դեռեւս քննարկում ենք, այսինքն՝ մենք չէ… Բայց Րաֆֆին դիմել է Սահմանադրական դատարան, եւ ո՞նց կարելի է, մի հարցը դեռ չլուծված, մտնել մեկ այլ կասկածելի գործընթացի մեջ:



 



- «Ժառանգության» ներկայացուցիչները չեն թաքցնում, որ քննարկում են այդ ընտրություններին մասնակցելու հարցը…



 



- Րաֆֆին հայտարարել է, որ ինքն իջեցնում է  «Ժառանգության» դրոշը, ինքը կրկնել է երեք-չորս անգամ, որ ինքն այլեւս «Ժառանգության» շահերը չի ներկայացնում եւ այլեւս չի հանդիսանում «Ժառանգության» ներկայացուցիչը: Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները տարբեր են եւ «Ժառանգության» անդամների գործակցությունից, եւ ինքնագործունեությունից: Մեր դիրքորոշումը պարզ է, եւ ես հայտարարել եմ այդ մասին, եթե մարդիկ իրենց համարում են ընդդիմություն, թող բարի լինեն վայր դնեն իրենց մանդատները եւ չգործեն հանցավոր համակարգի մեջ:



 



- Բայց Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններն էլ ռեալության տիրույթում չեն, ի՞նչ է նշանակում՝ միայն «իմ դիակի վրայով» կլինի Սերժ Սարգսյանի երդմնակալությունը, այսպես հնարավո՞ր է պայքարն առաջ տանել:



 



- Ես իր խոսքերը չեմ մեկնաբանի, դիակի մասին հայտարարություն արել է ինքը, եւ երեւի նա գիտի ինչ է ասել, եւ այդ հարցը միայն ինքը կկարողանա մեկնաբանել: Ես եւ իմ ընկերները «Սարդարապատ» շարժման շրջանակներում վաղուց ասում ենք, որ խնդիրը ոչ թե Րաֆֆու մեջ է, այլ խնդիրն այլընտրանքային իշխանություն ստեղծելու մեջ է: Եթե մենք պայքարում ենք համակարգի դեմ, ապա դրա դեմ կարելի է պայքարել միայն համակարգ ստեղծելով, համակարգը նշանակում է ոչ միայն գործադիր իշխանության գլխին կանգնած Սերժ Սարգսյանի դեմ պայքարելով, այլ ողջ քրեական, ֆինանսական կեղեքիչ համակարգի դեմ՝ խորհրդարան եւ ավագանի, մարզպետարաններ եւ կուսակցական բջիջներ, դատական համակարգ, հարկայինը եւ մաքսայինը. ամբողջը, ինչ համարվում է պետության համակարգը, պետք է փոխվի: